«Լեռ և Ջուր» ՍՊԸ-ն մտադիր է վերազինել «Չիչխան» ՓՀԷԿ-ը

«Լեռ և Ջուր» ՍՊԸ-ն մտադիր է վերազինել «Չիչխան» ՓՀԷԿ-ը

«Լեռ և Ջուր» ՍՊԸ-ն մտադիր է վերազինել «Չիչխան» ՓՀԷԿ-ը՝ գրեթե եռապատկելով դրվածքային հզորությունը՝ 605 կՎտ-ից դարձնելով 1500 կՎտ, հաշվարկային ելքը՝ 1,3 խմ/վրկ՝ ներկայիս 0,8 խմ/վրկ-ի փոխարեն: Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել «Չիչխան» ՓՀԷԿ-ի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որի հանրային քննարկումների երկրորդ փուլը տեղի կունենա 2022թ. փետրվարի 11-ին՝ ժամը 12:30-ին` Շիրակամուտի համայնքապետարանի շենքում:

«Չիչխան» ՓՀԷԿ-ը վերազինումից հետո կունենա հետևյալ ջրաէներգետիկ ցուցանիշները՝ դրվաքային հզորությունը կլինի 1500 կՎտ, ստատիկ ճնշումը՝ 96,7 մ, հաշվարկային ելքը՝ 1,3 խմ/վրկ, միջին տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակը՝ 3,4 մլն կվտ/ժ:

Ըստ հայտի՝ նախատեսվում է կառուցել ջրընդունիչից սնվող նոր ճնշումային դերիվացիոն պողպատե խողովակաշար՝ 364 մ ընդհանուր երկարությամբ, ՀԷԿ-ի գոյություն ունեցող շենքում տեղադրել ժամանակակից ցուցանիշներով տուրբինային ագրեգատ՝ 600 կվտ հզորությամբ իր էլեկտրական միացումներով, վերակառուցել և հիմնանորոգել ՀԷԿ-ի շենքից հեռացվող ջրի համակարգը: 

Ընկերությունը նախատեսում է աշխատանքներն իրականացնել տասն օրում: 

«Չիչխան» փոքր ՀԷԿ-ը կառուցված է Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի վարչական տարածքում՝ Չիչխան գետի ձախ ափին: ՓՀԷԿ-ի ջրընդունիչը կառուցվել է Չիչխան գետի Նալբանդ ոռոգման ջրանցքի վրա: Համաձայն նախկին նախագծի՝ ՓՀԷԿ-ն ունի 605 Կվտ դրվածքային հզորություն, ստատիկ ճնշումը՝ 96,7 մ է, հաշվարկային ելքը՝ 0,8 խմ/վրկ, հաշվային ճնշումը՝ 95,2 մ: 

Ընկերությանը դեռևս 2006թ. 15 տարի ժամկետով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրվել է էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա: Հանձնաժողովի 2021թ. որոշման նախագծի համաձայն՝ որոշվել է 15 տարով երկարաձգել «Լեռ և ջուր» ընկերությանը տրված լիցենզիայի գործողության ժամկետը՝ մինչև 2035թ.: 

2013թ. ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն: Բնապահպանական ելքը գործող օրենսդրությամբ սահմանվել է ըստ ամիսների, և նվազագույնը կազմում է 0,20 խմ/վրկ, առավելագույնը՝ 0,96 խմ/վրկ: 

Փետրվար 03, 2022 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր