Կառավարությունը կվերազինի Արփա-Սևան թունելի մաշված հիդրոհանգույցները

Կառավարությունը կվերազինի Արփա-Սևան թունելի մաշված հիդրոհանգույցները

Արփա-Սևան թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման, Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը կվերազինի ու կարդիականացնի թունելի հիդրոհանգույցները: Համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է ս.թ. մարտի 10-ին՝ չզեկուցվող կարգով: Նախագծի հեղինակը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն է:

Խոսքը Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի մասին է:

Ըստ որոշման հիմնավորման՝ նշված հանգույցները շահագործվում են թունելի շահագործման օրվանից և կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել: «Ֆիզիկապես և բարոյապես մաշված փականային հանգույցների և ջրի հաշվառքի սարքերի միջոցով իրապես հնարավոր չէ ճշգրիտ կերպով իրականացնել անհրաժեշտ ուղղությամբ ջրի պահանջվող հոսքերի կառավարում, որը ջրի ոչ ճիշտ հաշվառքի և, հետևաբար, ոչ նպատակային օգտագործման պատճառ է դառնում: Վերջին տարիներին բազմիցս քննարկվել է վերջիններիս վերազինման հարցը, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով այն չի իրականացել: Ուսումնասիրություների արդյունքում պարզվել է, որ «Արփա-Սևան» թիվ 1 և թիվ 2 թունելներն իրար միացնող Եղեգիսի ջրանցույցի բետոնյա պատերը քայքայված են, և ջրանցույցն իր բարձրությամբ, տարողությամբ չի համապատասխանում թունելով առավելագույն ջրաքանակի տեղափոխմանը», - նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովում, ջրաչափական սարքավորումների տեղադրում, Սևան-Հրազդանյան ջրավազանի ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող համայնքների հողատարածքների ոռոգման ջրով ապահովում, Սևանա լճի ջրերի խնայողություն:

«Սույն որոշման նախագծով պահանջվող՝ 79,869.0 հազար դրամ գումարը կվերաբաշխվի ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Ջրամբարների վերականգնում և վերազինում» միջոցառման համար՝ առաջին եռամսյակում նախատեսված գումարներից, որի վերականգնումը կքննարկվի մրցութային գործընթացի շրջանակներում», - նշված է փաստաթղթում:

Նշենք, որ «Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981 թթ-ին` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48.3 կմ է:

Մարտ 11, 2022 at 15:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր