«Չիչխան» ՓՀԷԿ-ի վերազինման հայտը ստացել է դրական եզրակացություն

«Չիչխան» ՓՀԷԿ-ի վերազինման հայտը ստացել է դրական եզրակացություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տրամադրել «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի «Չիչխան» ՓՀԷԿ-ի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին

Վերազինումից հետո «Չիչխան» ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 605 կՎտ-ից կհասցվի 1500 կՎտ-ի: ՓՀԷԿ-ը կունենա 1,3 խմ/վրկ հաշվարկային ելք, 96,7 մ ստատիկ ճնշում, միջին տարեկան արտադրված էլեկտրաէներգիայի քանակը՝ 3,4 մլն կվտ/ժ:

Նախատեսվում է կառուցել ջրընդունիչից սնվող նոր ճնշումային դերիվացիոն պողպատե խողովակաշար՝ 364 մ ընդհանուր երկարությամբ, ՀԷԿ-ի գոյություն ունեցող շենքում տեղադրել ժամանակակից ցուցանիշներով տուրբինային ագրեգատ՝ 600 կվտ հզորությամբ իր էլեկտրական միացումներով, վերակառուցել և հիմնանորոգել ՀԷԿ-ի շենքից հեռացվող ջրի համակարգը:

Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննական եզրակացության համաձայն՝ Շիրակամուտ համայնքում անցկացված հանրային լսումների ժամանակ հայտը հավանության է արժանացել մասնակիցների կողմից: «Քննարկումների ընթացքում բարձրացվեց հարց ոռոգման ջրանցքի մուտքամասում ձկնապաշտպան կառույցների առկայության և ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ի աշխատանքի վերաբերյալ: «Լոռի» ՋՕԸ-ի ներկայացուցիչը հավաստեց, որ ջրանցքի մուտքամասում առկա է ձկնապաշտպան կառույց, իսկ «Լեռ և Ջուր» ՍՊԸ-ի տնօրենը փաստեց, որ ոռոգման սեզոնին ՓՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվում է: Նա նաև պատրաստակամություն հայտնեց Շիրակամուտ համայնքի համար իրականացնել սոցիալական ծրագրեր», - նշված է եզրակացության մեջ:

Ըստ եզրակացության՝ քանի որ ՓՀԷԿ-ի ջրառն իրականացվում է ոռոգման ջրանցքից, շահագործումը և վերազինման համար նախատեսվող աշխատանքները չեն առաջացնի լրացուցիչ բնապահպանական ծանրաբեռնվածություն Չիչխան գետի էկոհամակարգի և շրջակա տարածքների վրա:

Եզրակացությունը տրամադրվել է հետևյալ փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով.

  • ՓՀԷԿ-ի ջրօգտագործման պայմանների կատարումը հսկելու համար անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ջրօգտագործման ծավալների հաշվառման, դրանց առցանց տեղափոխման և հասանելիության ապահովման միջոցառումներ՝ ջրառի կետը ջրաչափական դիտակետով ու կապարակնքված ջրաչափով ապահովելու միջոցով:
  • «Չիչխան» ՓՀԷԿ-ի շահագործման ընթացքում անհրաժեշտ է ապահովել Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակները, ջրօգտագործման ռեժիմը և ժամանակահատվածը՝ չխոչնդոտելով համայնքի ոռոգումը:
  • Շահագործման փուլում առաջացող թափոնների տեղադրումն ու հեռացումն անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մարտ 22, 2022 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր