«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի արդյունքներն ամփոփվեցին հունիսի 23–ին` «Քյավառ» հեռուստաընկերությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսի բանախոսներն էին «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի նպատակն է սահմանել սկզբունքներ և պահանջներ, որոնք ուղղված են համայնքի կայուն զարգացմանը, բնության և մարդու առողջության պահպանմանը, բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը, համայնքի սոցիալական և էկոլոգիական անվտանգության ապահովմանը, մարդու սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանությանը։
Նպատակին հասնելու համար մշակվել է սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն 6 ազդակիր համայնքների համար: Գեղարքունիքի մարզում ընտրվել են հանքարդյունաբերության և այլընտրանքային էներգետիկայի ազդեցության տակ գտնվող Վարդենիս և Մարտունի խոշորացված համայնքները: Մասնավորապես, ուսումնասիրվել է Սոթքի ոսկու հանքավայրի, փոքր ՀԷԿ-ի ազդեցությունը, հավաքագրվել են ՏԻՄ-երի և տեղի բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները:
«Սոթքի հանքավայրի տակ են անցնում արոտավայրեր, խոտհարքեր: Արցախյան վերջին պատերզամից հետո արոտների 2/3-րդն անցավ Ադրբեջանին: Բնակիչներն եկամտի այլ աղբյուր չունեն, կա համայնքների դատարկվելու ռիսկ: Իսկ «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի տարածքում գտնվող բնակավայրերը զրկվում են ջրից, ՀԷԿ-ն ազդում է գյուղերի գյուղատնտեսական, հետևաբար, տնտեսական զարգացման վրա:
Համայնքներում անցկացվել են հանդիպումներ, մարզային ֆորումներ, հավաքվել են առաջարկություններ: Տեղական ինքնակառավարման մարմինները պատրաստ են այդ առաջարկությունները ներառել համայնքի բնապահպանական, սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրերում: Թեպետ այդ ծրագրերն արդեն ընդունվել են, բայց համայնքները պատրաստ են փոփոխություններ կատարել», - ասաց Անահիտ Գևորգյանը:
«Հավաքագրած տվյալների բազայի հիման վրա մշակվել է այնպիսի սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն, որը նոր մակարդակի կբերի ազդակիր համայնքների, բիզնեսի և կառավարության հարաբերությունները: Մենք ունենք բազմամյա փորձ, որի ընթացքում ազդակիր համայքներում բիզնեսի սոցիալ-էկոլոգիական պատասխանատվությունը չենք տեսել: Չի իրականացվում ռիսկերի նվազեցում, չի տրվում պատշաճ ֆինանսական աջակցություն: Համայնքն իր հստակ տեղն ունի բիզնեսի հետ հարաբերության մեջ, և ինքն այդ տեղն անպայման պետք է ստանա և ներկայացնի իր պահանջները», - ասաց Ինգա Զարաֆյանը:
Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցին հետևյալ հարցերը.
Որքանո՞վ են բնակիչները ակտվություն ցուցաբերել փաստաթղթի մշակման գործում։
Անահիտ Գևորգյան. «Ծրագրի սկզբում մենք ազդակիր համայքներում ստեղծել էինք աջակցող ակտիվ խմբեր, որոնցում ներգրավված են եղել համայնքի խնդիրներին ծանոթ մարդիկ: Երկու համայնքներում էլ մեր ակտիվ խմբերը մասնակցել են տվյալների հավաքագրմանը, կլոր սեղաններին, ֆորումներին: Նրանք շատ մեծ աջակցություն են ցուցաբերել, հատկապես առաջարկությունների մշակման գործում»:
ՏԻՄ-երը պատրաստակա՞մ են այդ փաստաթուղթը ներառել համայնքների զարգացման ծրագրերում։
Անահիտ Գևորգյան. «Տեղական ինքնակառավարման մարմիններն ի սկզբանե մասնակցել են մեր բոլոր գործառույթների իրականացման գործընթացում: Նրանք առաջարկություններ են արել կլոր սեղանների ժամանակ, իրենց պատրաստակամությունն են հայտնել համայնքի ռազմավարական ծրագրում փոփոխություններ անելու: Նրանք ուրախ են, որ ունեն այդպիսի մշակված փաստաթուղթ»:
Ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնել բնակիչները և ո՞ր խնդիրների լուծումն են առաջնահերթ համարում:
Անահիտ Գևորգյան. «Համայնքի բնակիչները շատ տարբեր խնդիրներ են բարձրացրել՝ սկսած ծառատունկից միչև նոր տեխնոլոգիաներով մշակաբույսերի մշակում: Գործիքով նախատեսված է, որ համայնքներում բոլոր գործողությունները պետք է միտված լինեն սոցիալ–էկոլոգիական ռիսկերի նվազեցմանը»:
Ինգա Զարաֆյան. «Սահմանամերձ համայնքներում առաջին խնդիրը՝ անվտանգությունն է: Կա արտագաղթի բարձր մակարդակ: Այս խնդիրը պետք է անպայման դիտարկվի, որպեսզի միջոցառումների պլան մշակելուց հաշվի առնվի՝ ինչ կարելի է անել այդ խնդիրը մեղմացնելու համար: Հաջորդը՝ ջրի խնդիրն է: Մարդիկ ապրում են Սևանա լճի ավազանում, բայց չունեն ջուր կամ այն աղտոտված է»:
Որքանո՞վ է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդիրը ներկայացված սոցիալ-էկոլոգիական քաղաքականության նախագծում։ Ինչպե՞ս համայնքները կարող են նպաստել լճի էկոհամակարգի պահպանմանը։
Ինգա Զարաֆյան. «Սևանա լճի էկոհամակարգի պահպանության հարցը մեր կողմից միշտ դրված է եղել: Երբ մենք այդ հարցը բարձրացնում ենք, ստանում ենք տարբեր պատասխաններ: Մարդիկ հասկանում են, որքան կարևոր է իրենց համար Սևանա լիճը»:
Անահիտ Գևորգյան. «Երբ Սևանը բարձրանում է, մեր տներն են խոնավանում, երբ ցածրանում է, մեր աղբյուրներն են ցամաքում: Սևանը մեր դարդն ու ցավն է, մեր հոգսն ու ուրախությունն է, մեր հպարտությունն ու երջանկությունն է: Ուրիշները զբաղվում են Սևանով այնքանով, որքանով իրենց աթոռն է բավարարում: Իսկ մեզ համար Սևանը երեխայի նման մի բան է, մենք Սևանին լիճ չենք ասում, ծով ենք ասում»:
«Գեղամա աշխարհ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Խոսրով Խլղաթյանը բարձրացրեց Սևանա լճի ավազանում ջրամբարների կառուցման անհրաժեշտության հարցը. «Ես կցանկանայի ծրագրում տեսնել Արգիճի գետի վրա ջրամբարի կառուցումը: Ժամանակին դա չի արվել, այսօր դա պետք է արվի»:
Ի պատասխան Ինգա Զարաֆյանն ասաց. ««Արգիճի» փոքր ՀԷԿ-ը պետք է բոլորովին նոր ձևով աշխատի՝ քիչ ջուր օգտագործելով, ոռոգման սեզոնին կանգնելով: Մենք այստեղ նաև ունենք Սևանա լճի էկոհամակարգի հարց, քանի որ Արգիճի գետը Սևանը սնուցող կարևոր գետերից է: Այս համատեքստում նշեմ, որ ջրամբարների հարցը մեր երկրի համար շատ կարևոր է: Մենք հույս ունենք, որ մեր առաջարկությունները կնպաստեն այդ խնդիրների լուծմանը: Մարդիկ նախ պետք է բավարար ջուր ստանան խմելու, ոռոգման համար, միայն դրանից հետո ջուրը պետք է օգտագործվի էներգետիկ նպատակներով: Ուզում եմ հիշեցնել Աստղաձոր համայնքի օրինակը, երբ համայնքի ջուրը տարան մեկ այլ համայնք, և դա, ցավոք, արվեց միջազգային ծրագրի շրջանակում: Երբ առաջանում է ջրի խնդիր, և մարդկանց վրա ճնշում է գործադրվում, դա արդեն ժողովրդավարության խախտում է: Մենք այդ խախտումները պետք է վերացնենք, իսկ դրա համար պետք է քաղաքական կամք»:
«Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում:
ԴԱՏԱ ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ (ԵՀՀ) «Սոցիես» փորձագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (Սոցիես), Բուն TV հիմնադրամի (Բուն TV), «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության (ԴԵՀԿ) և «ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր» հասարակական կազմակերպության (Սոսե) համատեղությամբ:
Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետերը միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետերը:
Հունիս 28, 2022 at 11:15