Ինչպես պաշտպանել Սևանա լիճը մարդածին և կլիմայի փոփոխության ազդեցությունից. ՄԱԶԾ-ն ներկայացնում է իր առաջարկությունները

Ինչպես պաշտպանել Սևանա լիճը մարդածին և կլիմայի փոփոխության ազդեցությունից. ՄԱԶԾ-ն ներկայացնում է իր առաջարկությունները

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի ավազանը խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ: Այդ խոցելիությունը նվազեցնելու նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) ունի իր առաջարկությունները: Դրանք ներկայացրեց ՄԱԶԾ «Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության» բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանը՝ «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովին՝ «Սևանա լճի ավազանում մարդածին և կլիմայական ճնշումների թիրախումը ինտեգրված գործողությունների տեսանկյունից» թեմայով ելույթի ժամանակ:

Նա առանձնացրեց երեք հիմնական ուղղություն՝ Սևանա լճի խնդիրները կլիմայի փոփոխության համատեքստում, Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում և տեղական մակարդակում նորարական լուծումների ցուցադրում՝ որպես այլընտրանքային կենսապահովման աղբյուր:

Սևանա լճի խնդիրները կլիմայի փոփոխության համատեքստում

Ըստ ՄԱԶԾ-ԳԷՀ կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության՝ վատատեսական սցենարի դեպքում ընդհանուր գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով՝ 265 միլիոն խմ-ով:

Խոսելով Սևանա լճի ջրային հաշվեկշռի գնահատման մասին՝ Հովհաննես Ղազարյանը նշեց, որ հիմնական ազդեցությունը կանխատեսվում է գոլորշիացման վրա, որը վատատեսական սցենարով մինչև 2100թ-ը կաճի 36.5%-ով՝ 392 միլիոն խմ:

Տեղումների և գետային հոսքի փոփոխության պայմաններում կանխատեսվում են քաղցրահամ ջրաղբյուրների ջրի հանքային ռեժիմի փոփոխություններ, իսկ հեղեղումների ժամանակ՝ ջրաղբյուրների աղտոտում կենսածին և օրգանական նյութերով, օդի ջերմաստիճանի աճի պայմաններում՝ ջրի ջերմաստիճանի բարձրացում և ջրիմուռների ինտենսիվ աճ:

Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա, Սևանա լիճ թափվող 11 գետերից 7-ն աղտոտված են բնակավայրերի կոմունալ կենցաղային կեղտաջրերով և գյուղատնտեսական հոսքաջրերով: «Գետային հոսքի նվազումը և ջերմաստիճանի աճը, զուգակցվելով մարդածին ազդեցության հետ, նպաստում են լճի ջրի որակի կտրուկ վատթարացմանը և էվտրոֆիկացմանը», - նշեց Հովհաննես Ղազարյանը:

Խոսելով օրենսդրական բարեփոխումներից, նա ասաց, որ ՀՀ կառավարության 2021թ-ի մայիսի 13-ի N 749-Լ որոշմամբ հաստատվել է «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումների ցանկը»: Ցանկում սահմանված է նաև 2023թ. 4-րդ եռամսյակում կլիմայի փոփոխության գործոնների ինտեգրումը «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի մեջ և հարմարվողականության միջոցառումների ներդրումը:

Իսկ 2021թ-ի դեկտեմբերին ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացվել «Ջրային ոլորտի հարմարվողականության ծրագրի և 2022-2026թթ․ միջոցառումների ցանկի» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Փաստաթղթով սահմանված է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը 2022-2026թթ-ին:  

Հովհաննես Ղազարյանն առանձնացրեց երեք միջոցառում՝ հեղեղների նկատմամբ առավել խոցելի ջրհավաք ավազաններում բնահեն լուծումների վրա հիմնված ուղեցույցի մշակում և ներդրում պիլոտային տարածքներում, Սևանա լճի օրենսդրական կարգավորումների վերանայում՝ կլիմայի փոփոխության համատեքստում լճի էկոհամակարգի պահպանման և վերականգնման նպատակով, հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական մոդելների մշակում և ներդրում՝ կլիմայի փոփոխության ներքո ջրային ռեսուրսների խոցելիության գնահատման նպատակով:

Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բարելավում

Այս նպատակով իրականացվում են «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն (EU4Sevan) ծրագիր»-ը և ՄԱԶԾ-ԳԷՀ «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում ուղղված բազմակի օգուտների ծրագիր»-ը: Վերջինս իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և WWF-Հայաստանի կողմից՝ ՄԱԶԾ-ի հսկողությամբ: ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորումը կազմում է 3,598,631 դոլլար, իսկ համաֆինանսավորումը՝ 26,475,000 դոլլար:

Ծրագրով նախատեսվում է աջակցել Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սահմանելու հողի դեգրադացիայի չեզոքության մարզային թիրախները և դրանց հասնելուն ուղղված միջոցառումները, աջակցել «Սևան» ազգային պարկի կարևորագույն թռչնաբանական տարածքներում կենսաբազմազանության կառավարման բարելավմանը, ինչպես նաև նպաստել իրազեկության մակարդակի և գիտելիքի բարձրացմանը:

Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված կենսաբազմազանության և հողային, ջրային ռեսուրսների կայուն օգտագործմանը, ագրո-բնապահպանական վճարման սխեմայի փորձարկմանը, 150,000 հեկտար արոտավայրերում իրականացնել կայուն կառավարում և ռոտացիոն արածեցում, մոտ 8000 հեկտար անտառային էկոհամակարգերի վերականգնում՝ ներառյալ էկոմիջանցքների մաս կազմող գիհու անտառները, տրամադրել մինի դրամաշնորհներ:

Տեղական մակարդակում նորարական լուծումների ցուցադրում՝ որպես այլընտրանքային կենսապահովման աղբյուր

ՄԱԶԾ ներկայացուցիչը հայտնեց, որ այս ուղղությամբ  հիմնվել է հանրային լողափ, ստեղծվել է ձկնաբուծական համալիր, մաքրվում է լճի հատակը նորարարական ստորջրյա տեխնոլոգիայի կիրառմամբ, զարգացնում են մեղվապահությունը՝ որպես այլընտրանքային եկամուտի աղբյուր, հիմնվել է ենթակառուցվածք հեռագնա արոտներում, հիմնվել է սառնարանային տնտեսությսւն:

Հովհաննես Ղազարյանը ներկայացրեց ՄԱԶԾ-ի առաջարկություններն և հիմնական ուղերձները:

«Պետք է հաշվի առնել «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի» կառավարության որոշման նախագծով նախատեսված 5-ամյա պլանի միջոցառումները, դրանց իրականացմանն աջակցությունը Սևանա լճի ավազանում պլանավորվող ներդրումային ծրագրերում, հաշվի առնել ՄԱԶԾ աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ընթացիկ և պլանավորվող նախաձեռնություններում, գործընթացների արդյունավետությունն ու կայունությունն ապահովելու համար ամրապնդել պետական համապատասխան կառույցների սեփականության ընկալումը, լճի էկոհամակարգի պահպանությունը և բնական ռեսուրսների կայուն օգտագործումը պայմանավորված է նաև տեղի բնակչության կենսապահովման հնարավորությունների դիվերսիֆիկացմամբ», - ասաց նա:

Հուլիս 15, 2022 at 13:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր