

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացմանը զուգահեռ Սևանա լիճն այս օրերին դարձյալ ծաղկել է։ Վերջին օրերին ահազանգեր կան լճի տարբեր հատվածներում ծաղկման երևույթների վերաբերյալ։ ԳԱԱ Հիդրոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Ֆրանսիայից ու Բելառուսից ժամանած գիտնականների հետ հետազոտություն են իրականացնում Սևանա լճում, և իրավիճակի մասին ավելի ուշ կկարողանան մասնագիտական գնահատական հնչեցնել։
«Արտերկրից ժամանած գիտնականները պլանկտոնն ու լճի հոսանքներն են ուսումնասիրում։ Գիտեք, որ Սևանում ծաղկումն սկսվում է մեծ Սևանից և հոսանքներով տեղափոխվում է փոքր Սևան։ Փոքր Սևանում էլ այսօր բավական լուրջ վիճակ է, ծաղկումը նորից կապտականաչ ջրիմուռներ է առաջացրել՝ անաբենա տեսակի։ Բնականաբար, ծաղկումը ցանկալի երևույթ չէ, այս տարի ծաղկման երևույթը կարծես մի փոքր ավելի ուշ սկսվեց, բայց պրոցեսը գնում է։ Մանրամասներին ավելի ուշ կանդրադառնանք»,- ասաց Էվելինա Ղուկասյանը։
Կապտականաչ ջրիմուռները՝ հատկապես անաբենա ցեղատեսակը, վտանգավոր է այն առումով, որ արտազատում է միկրոցիստին թունանյութը։ Եվ այդ նյութը բավական վտանգավոր է ինչպես լողացողների, այնպես էլ կենդանական աշխարհի համար։ Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի շարք գործոններ։ Դրանցից են Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրից ու ափամերձ տարածքներում գործող սպասարկման, ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ, գյուղատնտեսությունը և անասնապահությունը, ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ, ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ, բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները։
Բնապահպան Ինգա Զարաֆյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ այս իրավիճակում կառավարությունը հրատապ քայլեր պետք է ձեռնարկի, որոնք տեսանելի չեն։ «Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, որ սա նոր երևույթ չէ։ Դա պարզ է, իրավիճակը կրկնվում է, քանի որ լճի ջուրն աղտոտված է, և մենք այսօր տեսնում ենք այդ աղտոտվածության հետևանքը։ Բայց շտապ միջոցառումներ մենք չենք տեսնում, կան ծրագրեր՝ մաքրման կայաններ կառուցելու և այլնի վերաբերյալ, բայց կառավարությունը պետք է կոնկրետ որոշում ընդունի ու շտապ միջոցառումներ իրականացի։ Նախարարությունը պետք է նախաձեռնող լինի, իսկ նրանք, երբ ահազանգ են ստանում, ընդամենը պատասխանում են, որ Սևանն այդպիսի հատկություն ունի։ Բայց սա պատասխան չէ։ Մենք չենք տեսնում Սևանի վերաբերյալ այդ անհանգստությունը ոչ կառավարության կողմից, ոչ էլ նախարարության։ Եթե ասում ես՝ Սևանը քո ռազմավարական նշանակության ջրային օբյեկտն է, պետք է համապատասխան վերաբերմունք ունենաս այդ ջրային օբյեկտի նկատմամբ»,- ասաց Ինգա Զարաֆյանը։
Ըստ նրա՝ հայ գիտնականները, աշխատելով արտերկրի գիտահետազոտական ինստիտուտների ու մասնագետների հետ, հրապարակել են հետազոտության արդյունքներ։ Ըստ այդմ՝ հիմնականում ֆոսֆորի և ազոտի բարձր կոնցենտրացիա կա Սևանա լճում, ինչի հետևանքով էլ առաջանում են կապտականաչ ջրիմուռները։ «Տիեզերքից արված վերջին լուսանկարների հիման վրա կարող ենք ասել, որ այս տարի կապտականաչ ջրիմուռները բավական տարածք են զբաղեցնում, դա նշանակում է, որ բուռն բազմացում ունենք, այսինքն՝ լճի աղտոտված տարածքը բավական մեծացել է։ Սա փաստում է, որ մենք ունենք աղտոտվածության շարունակական պրոցես, և, չնայած առաջարկություններին, այդ աղտոտվածության դեմ քայլեր չեն իրականացվում»,- հավելեց նա։
Վերջերս ներկայացվել են Եվրամիության «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի արդյունքները, որտեղ, Զարաֆյանի խոսքով, հստակ առաջարկներ են արվել, թե ինչպես է հնարավոր ազատվել աղտոտվածությունից։
Ըստ Ինգա Զարաֆյանի՝ մեծ է հավանականությունը, որ հաջորդ տարի Սևանա լճում նույն իրավիճակն է լինելու։ Նրա խոսքով՝ պետք է հստակ արգելք դրվի, որպեսզի լճի ափամերձ հատվածի սննդի օբյեկտները չաղտոտեն ջուրը։ Փոխվել է Սևանի նկատմամբ վերաբերմունքը, եթե նախկինում մարդիկ այնտեղ հանգստանում էին, այսօր գնում հաց են ուտում ու դուրս են գալիս։ «Եվ այդ ամբողջ կեղտը լցվում է Սևան՝ սկսած ուտելիքի պատրաստումից մինչև վերջին փուլը։ Էլ չեմ խոսում շատ տարբեր այլ գործոնների մասին։ Այս իրավիճակին վերաբերմունք պետք է ցուցաբերի պետությունը։ Նախորդ տարի գիտնականները նույնիսկ այսպիսի հարց են բարձրացրել՝ Սևանից ոռոգման նպատակով վերցված ջուրը վտանգավոր չէ՞ բույսերի ու մարդկանց համար։ Ոչ ոք այս հարցին չի պատասխանել, այնպես, ինչպես առողջապահության նախարարությունը չի պատասխանել մեր ահազանգին՝ կարելի՞ է լողալ Սևանում։ Իսկ նախորդ տարիներին մենք գիտենք, որ մասնագետներն ասել են՝ խուսափեք ծաղկած հատվածներում լողալուց»,- հավելեց բնապահպանը։
Հուլիս 18, 2022 at 15:15