ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆ՝ ԸՍՏ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ

A1+

Հայաստանի գետերի ու վտակների մեծ մասը աղտոտված է: Այս եզրակացության են հանգել հայաստանցի 1200 դպրոցականներ եւ էկո-ակումբների երիտասարդ անդամներ, ովքեր մասնակցել են «Հայաստանի գետերի եւ վտակների կենսաբազմազանության ուսումնասիրություն» մոնիտորինգին: Այն կազմակերպել էր Գերմանական տեխնիկական համագործակցություն (ԳՏՀ) ընկերությունը` հայտարարելով «Գետերը կենդանի էկոհամակարգեր են» թեմայով մրցույթ: Իսկ մրցույթի եւ անցկացված բնապահպանական կրթական քարոզարշավի ծրագիրն ու դրանց արդյունքները ամփոփվեցին այսօր:

«Կատարեցինք բազմաթիվ փորձեր, եւ եկանք այն եզրակացության, որ մարդկային գործոնի դերը շատ մեծ է»,- ասում է «Երեւակ» կրթահամալիրի սան Նարինե Խաչատրյանը, ով նույնպես մասնակցել էր ծրագրին:

Նույն կրթահամալիրի կենսաբանության ուսուցիչ Դոլորես Ղափանցյանը խոսեց արդեն օրինակներով:

«Հրազդան գետի Դավիթաշենի հատվածը համեմատաբար ավելի մաքուր էր, Կիեւյան կամրջի հատվածը շատ ավելի աղտոտված էր, մինչդեռ Արգավանդի հատվածում գետի աղտոտվածությունը մոտավորապես 4-րդ աստիճանի էր, ինչը շատ մտահոգիչ է»,- ասաց ուսուցչուհին եւ ուրախությամբ նշեց իրենց հանդիպած ամենից մաքուր գետի անունը: Այդ Ամբերդ գետակն էր, որն, ըստ նրա, առաջին կարգի մաքուր ջուր ունի:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան` Հանս Յոխեն Շմիդտը: Նա ողջունելով բոլորին ընդգծեց, որ բնության պահպանության նկատմամբ գիտակցությունը առաջին հերթին պետք է զարգացնել երեխանների մոտ: «Վտանգավոր է հետաքրքրվել միայն տնտեսական շահերով` բավարար չափով ուշադրություն չդարձնելով բնապահպանական խնդիրներին»,-ասաց դեսպանը:

Իսկ բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով` այդ միտքը պետք է ոչ միայն երեխաների, այլեւ ավագ սերնդի մեջ զարգացնել: «Ավագ սերնդի հետ կարծես շատ դժվար է, մենք ոչ մի կերպ չենք կարողանում էկոլոգիական դաստիարակություն արմատավորվել նրանց մեջ»,- նկատեց բնապահպանը` նման արդյունքի պատճառը տեսնելով ազգային շահամոլության մեջ: «Դա մեր ազգային թերությունն է, երբ շահը տեսնում ենք ամեն ինչ մոռանում ենք»,- նշեց նա:

Միջոցառման հաղթող 5 դպրոցներն ու էկոակումբները ստացան մեկական մանրադիտակ: Ի դեպ, միջոցառման հրավիրված էր նաեւ Բնապահպանության նախարարը, որն այդպես էլ չեկավ:

Սեպտեմբեր 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր