ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ապօրինի ջրօգտագործումը դարձնել քրեորեն պատժելի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ապօրինի ջրօգտագործումը դարձնել քրեորեն պատժելի

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Արարատյան դաշտում առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա արտեզյան ջրերի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատանցք հորատելը կամ լուծարված հորատանցքը վերաբացելը դարձնել քրեորեն պատժելի արարք: Նախարարությունը հանդես է եկել է օրենսդրական նախաձեռնությամբ՝ կանխելու ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի ջրօգտագործումը:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը շրջանառված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում

Օրինագծերի փաթեթի հիմնավորման համաձայն՝ 2013-2016թթ. Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնման ու պահպանմանն ուղղված միջոցառումների արդյունքում Արարատյան գոգավորությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսել էին բարձրանալ: Սակայն սկսած 2018 թվականից ստորերկրյա ջրառի քանակների ավելացման հետ կապված մակարդակը սկսել է իջնել:  2018 թվականից ստորերկրյա ջրերի միջին տարեկան մակարդակը սկսել է իջնել 0,2 մ-ով և դադարել է շատրվանել: 2020-2022թթ. ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է 1.57 մետրով (+0.17մ- (-1.40)մ): Այդ պատկերը հատկապես Արարատյան գոգավորության կենտրոնական մասում է՝ Արարատի մարզի Սիս, Հայանիստ, Հովտաշատ, Դաշտավան բնակավայրերում։ Միաժամանակ բարձրացել է ջրերի հանքայնացումը և կոշտությունը: «Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայի անալիզի տվյալների՝ Արարատյան գոգավորության կենտրոնական մասում (N1523) ընդհանուր հանքայնացումը 2017-2021թ. բարձրացել է 673մգ/լ-ից 850մգ/լ, իսկ ընդհանուր կոշտությունը՝ 6,16 մգ,համ/լ-ից 8,59 մգ,համ/լ: Համանման երևույթներ են նկատվում Արտաշատ քաղաքի վարչական տարածքի  N2069 դիտակետում: Այստեղ ընդհանուր հանքայնացումը 730մգ/լ-ից բարձրացել է 1154մգ/լ, իսկ ընդհանուր կոշտությունը՝ 6,55 մգ,համ/լ-ից  13.93 մգ,համ/լ: Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով և մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական և սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ Արարատյան դաշտում և նրա ջրահավաք ավազանում ապօրինի ջրօգտագործման կարգավորումներ»,- նշված է հիմնավորման մեջ:

Օրենսդրական փոփոխությամբ, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածում լրացում կատարել, որի համաձայն Արարատյան դաշտում ստորերկրյա արտեզյան ջրերի ջրօգտագործումը, ինչպես նաև այդ նպատակով հորատանցք հորատելը կամ լուծարված հորատանցքը վերաբացելը կպատժվի. «տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Իսկ ընդհանրապես մակերևութային ջրերի ապօրինի ջրօգտագործման դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկված փոփոխություններով նախատեսվում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով»:

Ստորերկրյա ջրերի ապօրինի ջրօգտագործման, այդ նպատակով հորատանցք հորատելու կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու դեպքում առաջարկվում է տուգանք քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ՋԹ պահանջները չկատարելու համար նախատեսել տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:

Մարտ 02, 2023 at 16:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր