2023թ. ապրիլի 11-ին Գյումրիի «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի մասնաճյուղում տեղի ունեցավ «Քաղաքացիների իրավունքը՝ ապրելու մաքուր և առողջ շրջակա միջավայրում-Գյումրի» թեմայով կլոր սեղանը: Այն կազմակերպել էր «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում:
Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի և «Կանաչ քաղաք» ծրագրի փորձագետների արձագանքը «ԷկոԼուր» ՀԿ-ի կողմից պատրաստված «Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը և դրա իրականացումը» հաշվետվության վերաբերյալ:
Գյումրու կանաչ տարածքների խնդիրը
«Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ-ի տնօրեն տնօրեն Արտավազդ Ոսկանյանն նշեց, թե քաղաքում կանաչ գոտին ավելացել է, սակայն հստակ թվեր չի կարող ներկայացնել: «Մուշ թաղամասի հարևանությամբ գործող աղբավայրի մի հատվածում հարթեցման աշխատանքներ են արվել, սևահող է լցվել ու 1300 հատ ծառ ենք տնկել, ոռոգման ցանց ենք անցկացրել, որի շնորհիվ անտառային շերտ կունենանք: Այս տարի ևս մոտ 200 ծառ է տնկվելու այդ հատվածում»: Արտավազդ Ոսկանյանը հույս հայտնեց, որ Գյումրի քաղաքից դուրս նոր աղբավայրի համար այլ տարածք հատկացնելու դեպքում գործող աղբավայրն ամբողջությամբ կհարթեցնեն ու ավելի մասշտաբային ծառատունկ կիրականացնեն:
Արտավազդ Ոսկանյանը նշեց, որ կանաչապատման աշխատանքների լիարժեք կատարմանը խանգարում է ոռոգման ցանցի բացակայությունը. «Բոլոր ծառերը ջրվում են, որտեղ չկա ոռոգման համակարգ ոռոգումն իրականացվում է ջրցան մեքենաների միջոցով: Գլոբալ կաթիլային ոռոգման ցանց չունենք, փորձում ենք ֆինանսավորում գտնել»:
Խնդիր է նաև բակային կանաչ տարածքների զավթումը: Ըստ Արտավազդ Ոսկանյանի՝ աշխատանքներ են տարվում այդ տարածքներն ազատելու ուղղությամբ: «Նախատեսվում է հարակից տարածքները ծածկել թփերով ու ծառերով»,- ասաց նա:
«Կանաչ քաղաք» ծրագրի փորձագետ, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ծրագրով դրված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ էր Գյումրի քաղաքի համար մշակել երկարաժամկետ ռազմավարություն:
Անդրադառնալով կանաչ տարածքների պակասին, Գևորգ Պետրոսյանը նշեց. «Փողոցաշինության արդյունքում կանաչապատ տարածքները տուժել և ոչնչացվել են: Եթե անգամ ծառ չեն հատել, արմատները կտրելով գնացել են, արդյունքում ծառերը չորացել են, կամ էլ փողոցամերձ կանաչ տարածքները լցվել են շինաղբով: Քաղաքից դուրս կարող է կանաչապատ տարածքներն ավելացել են թվային, բայց չունենք փաստացի, թե կանաչ գոտու վրա կանաչապատ տարածքը ռեալ որքան է: Մինչդեռ անհրաժեշտ էր մշակել կանաչապատ տարածքների զարգացման ռազմավարություն, իրականացվեր մոնիթորինգ, թե ինչ ունենք այսօր, կատարվեր կանաչ տարածքների գույքագրում, կազմվիր ռեեստր»:
Ջրի խնդիր
Ծրագրի փորձագետ, «Երրորդ բնություն» ՀԿ-ի տնօրեն Ռաֆայել Մխիթարյանն էլ նշեց. «Ախուրյան գետի բարձր աղտոտվածության ցուցանիշների պատճառը Գյումրի քաղաքում ջրահեռացման համակարգի խնդիրն է: Խորհրդային միության տարիներին Գյումրի գետակի աջափնյա վտակն ուներ կոլլեկտոր, իսկ ձախափնյա վտակը՝ չուներ: Մինչդեռ ձախափնյա կոլլեկտորի կառուցումն ու մաքրման կայանի վերականգնումը 80%-ով կլուծի գետի աղտոտվածության խնդիրը»:
Մթնոլորտային օդի խնդիր
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ Գյումրի քաղաքում մթնոլորտային օդի մոնթիորինգն իրականացվում է մեկ կետում, որը գտնվում է Սեյսմիկ պաշտպանության ծառայության բակում՝ քաղաքի ամենականաչապատ տարածքներից մեկում: «Այդ մի կետի տվյալով ստանում ենք խայտառակ պատասխան: Քաղաքաշինական բուռն գործընթացը, փողոցների վերանորոգման ծրագրերն իրականացվում են առանց ցանկապատման, նորմատիվների, ջրցանման: Պարզ է, որ օդի աղտոտվածությունը շատ բարձր է: Օդի վատ վիճակի մեկ պատճառն էլ մեքենաների մեծ հոսքն է դեպի Հյուսիսային մաքսատուն»:
Գևորգ Պետրոսյանն առաջարկեց ՝ ստեղծել համայնքային խորհուրդ, որը պետք է սահմանի «Կանաչ քաղաք» ծրագրի հստակ թիրախները:
Ապրիլ 25, 2023 at 15:19