Կլիման փոխում է գյուղատնտեսությունը․ անհրաժեշտ են հարմարվողականության միջոցառումներ

Կլիման փոխում է գյուղատնտեսությունը․ անհրաժեշտ են հարմարվողականության միջոցառումներ

Կլիմայի փոփոխությունն էական ազդեցություն կունենա  Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի վրա։ Ոռոգվող հողերի արտադրողականությունը կկրճատվի մոտ 24%-ով, արոտավայրերի ընդհանուր տարածքը և դրանց արտադրողականությունը՝ 4-10%-ով,  խոտի բերքատությունը՝ 7-10%-ով, մշակաբույսերի բերքատվությունը՝ 8-14%-ով։ Ոռոգման ջրի լրացուցիչ պահանջը կկազմի մոտ 202 միլիոն խմ։

Այս մասին նշված է «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսական ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության գնահատում․ իրավական և ինստիտուցիոնալ դաշտ» հաշվետվության մեջ։

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի տարածքում բնական աղետների դեպքերի քանակն աճել է շուրջ 20 %-ով։ Պատճառված վնասները զգալի են․ 2009-2013 թվականների ընթացքում՝ 72․71 միլիարդ դրամ, 2015-2018 թվականների ընթացքում՝ շուրջ 67 միլիարդ դրամ։ Հետագայում կանխատեսվում են ավելի հաճախակի և ուժեղ բնական աղետներ:

Բնական աղետների առումով առավել ռիսկային են Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերը: Ջերմաստիճանի հետ կապված ազդեցությունները խիստ կնկատվեն Արարատյան դաշտում, քանի որ այդ տարածքում ջերմաստիճանն արդեն համեմատաբար բարձր է: Այստեղ լուրջ մարտահրավեր է հողի աղակալումը, որն ավելի է  սրվելու։ Շիրակը, Լոռին, Տավուշը և Վայոց ձորը խոցելի են կարկուտի և ջրհեղեղի առումով: Տաք քամին առավել հաճախակի երևույթ է Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում:

Հաշվետվության հեղինակներն առաջարկում են բարելավել ջրային և հողային ռեսուրների կառավարումը, ոռոգման համակարգերը, թարմացնել Հայաստանի ագրոքիմիական քարտեզները, մշակել աղակալած հողի բարելավման երկարաժամկետ ռազմավարություն։ Վճռորոշ նշանակություն ունի տարբեր ոլորտների ռազմավարությունների միջև սիներգիա հաստատելը, կլիմայի հանդեպ «խելացի» գյուղատնտեսության ազգային ծրագիր մշակելը։

Նշված է, որ պետք է նաև ապահովել  գյուղատնտեսության ոլորտում գենդերային հավասարությունը, քանի որ կլիմայի փոփոխությամբ ավելի կսրվեն գենդերային անհավասարության և գյուղատնտեսության ոլորտում կանանց խոցելիության հետ կապված խնդիրները: Բնական աղետները և եղանակային պայմանները կստեղծեն ավելի բարդ աշխատանքային պայմաններ և, այդպիսով, կպահանջեն ավելի բարձր գիտելիքներ և հմտություններ կլիմայի փոփոխության հարմարվողականության համար:

Կլիմայի փոփոխության հարմարվողականության, դիմակայության և շրջակա միջավայրի կայունության սկզբունքը դրված է նաև «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության» մեջ։

Ըստ ռազմավարության՝ բնակլիմայական ռիսկերը նախապես չեն գնահատվում, հարմարվողականությունը և դիմադրողականության բարձրացումը հրատապ խնդիր է։

Ռազմավարությամբ առաջարկվում է ներդնել գյուղատնտեսության ապահովագրության համակարգ, մշակել և ներդնել հակակարկտային արդյունավետ համակարգ, ուսումնասիրել և զարգացնել կլիմայի փոփոխություններին հարմարվողականության և դիմադրողականության բարձրացման տարաբնույթ հնարավորություններ, օրինակ, երաշտադիմացկուն սորտեր, «խելացի» տեխնոլոգիաներ։

«Նախարարությունը կհանձնառի մշակել կլիմայի փոփոխության և դիմադրողականության բարձրացման առավել համակարգային ծրագրեր՝ ներառյալ կլիմայի փոփոխության վերաբերյալ տվյալների և ռեսուրների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում կանխատեսումների ինտեգրում», - նշված է ռազմավարության մեջ։

Ըստ «Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսական ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության գնահատում․ իրավական և ինստիտուցիոնալ դաշտ» հաշվետվության՝  այս ռազմավարության իրականացման համար բավարար ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ։

Ընդհանուր առմամբ, ըստ հաշվետվության, պետության կողմից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող աջակցությունը սահմանափակ է, իսկ կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ծրագրերը փոքրածավալ են:

«Հայաստանում կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսական ոլորտի խոցելիության և կլիմայի փոփոխության հարմարվողականության գնահատում իրավական և ինստիտուցիոնալ դաշտ» հաշվետվությունը պատրաստվել է «Հարմարվողականության ազգային պլան (ՀԱՊ)՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակներում։

Հունիս 08, 2023 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր