ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքեց Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բաց նամակին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքեց Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բաց նամակին

Շրջակա միջավայրի նախարարությունն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի Հանրապետությունում գործող մի շարք այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունների» կողմից ուղարկված բաց նամակը, որը վերաբերում է ենթադրյալ «բնապահպանական լուրջ ճգնաժամին՝  պայմանավորված  Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությամբ»։ Նամակում տեղ գտած պնդումներն ակնհայտ սուտ են։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը, որի սեփական հեղինակությունը բնապահպանական հարցերում տխրահռչակ է, փորձում է օգտագործել այսպես կոչված «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները» հանրային կապերի նպատակով Հայաստանի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց և ուղղորդեց նմանատիպ բազմաթիվ կազմակերպությունների՝ այսպես կոչված բնապահպանական «բողոքներ» անցկացնել՝ փակելով Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ կտրելով Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհից և լուրջ հետևանքներ պատճառելով Արցախի շրջակա միջավայրին։ Այն, որ նման «բողոքները» պատրվակ էին և իրականում ղեկավարվում էին Ադրբեջանի կողմից, վկայում է այն փաստը, որ «ցուցարարները» ցրվեցին, այն պահին երբ Ադրբեջանը կարողացավ դրանք փոխարինել նույն ճանապարհով երթևեկությունը խոչընդոտող կառավարական անցակետով։

Բաց նամակում արված պնդումներն ամբողջովին անհիմն են և արժանի չեն արձագանքի։ Այնուամենայնիվ, Շրջակա միջավայրի նախարարությունը, տեղին է համարում հակիրճ անդրադառնալ հետևյալ կետերին։

  • Ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների ենթադրյալ աղտոտմանը (նշված  բաց նամակի նախաբանում և դրա 1-3 կետերում), Նախարարությունը նշում է, որ Հայաստանի գետերի բոլոր անդրսահմանային հատվածներում կան ջրի որակի մոնիթորինգի դիտակետեր, որտեղ ամենամսյա պարբերականությամբ իրականացվում է ջրի որակի բոլոր պարամետրերի, այդ թվում ծանր մետաղների մոնիթորինգ։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունները օրենքով սահմանված կարգով իրականացնում են ջրի որակի, մթնոլորտային օդի և հողերի  աղտոտվածության մոնիթորինգ և արդյունքները ներկայացնում են Նախարարություն եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևով, որոնք այնուհետև հրապարակվում են։ Միևնույն ժամանակ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) միակ անդամ երկիրն է, ինչը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս է բնական պաշարների բաց և պատասխանատու կառավարմանը։ 
  • Ի պատասխան բաց նամակի 4-րդ կետի, Նախարարությունը նշում է, որ «Սոթքի» ոսկու հանքավայրը 1964 թվականին օրինական կերպով տրվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությանը և, հետևաբար, իրավահաջորդության հիման վրա այն այժմ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաց նամակում տեղ գտած պնդումն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ Հայաստանը խախտել է «էկոլոգիական հավասարակշռության իրավունքները» պարզապես սխալ է. նման որոշում գոյություն չունի. 
  • Բաց նամակի 5-րդ կետը խեղաթյուրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թվականի փետրվարի 14-ի վճիռները։ Այդ վճիռներում Դատարանը ընդունել է, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը բխում է հանրային շահից։ Դատարանը փոխհատուցում է տրամադրել Հայաստանի քաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանց ունեցվածքը օտարվել է այս ծրագրի համար: Հակառակ բաց նամակում արված պնդումների, Դատարանը հանքարդյունաբերական գործունեությունը ապօրինի չի համարել։
  • Գրության 6-րդ կետում նշված անվանմամբ հանքավայրը չի գտնվում  Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում է Հայաստանի Հանրապետության կողմից. 
  • Ինչ վերաբերում է նամակի 7-րդ կետում հիշատակված Ախթալայի ԼՀԿ-ին, ապա այն գործում է նոր տեխնոլոգիայով, որը չի նախատեսում պոչամբարների օգտագործում։
  • Բաց նամակի 8-րդ կետում նշված անվանմամբ գործարանը չի գտնվում  Հայաստանի Հանրապետությունում և չի շահագործվում Հայաստանի Հանրապետության կողմից։
  • Բաց նամակի 9-րդ կետում նշվածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում պղնձի, ցինկի և կապարի արտադրությամբ զբաղվող գործարան գոյություն չունի։ 
  • Բաց նամակի 10-րդ կետը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պղնձաձուլարան գոյություն չունի։ 
  • Ինչ վերաբերում է Երասխի գործարանին, ապա այն լիովին համապատասխանում է միջազգային բնապահպանական ստանդարտներին։  Այս առնչությամբ սույն թվականի հունիսի 15-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել մանրամասն պարզաբանմամբ։ (http://www.mnp.am/news/yeraskh-15-06-2023):
  • Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ,  հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող։ Իսկ դրա շահագործման ընթացքում կպահպանվի բնապահպանական ռիսկերի կառավարման ամենաբարձր միջազգային ստանդարտը, և դրա իրականացումը խստորեն կվերահսկվի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից։
  • Հարկ է նշել, որ Հայաստանի սահմաններից դուրս եկող ջուրը համապատասխանում է միջազգային նորմերին։ Սա ապացուցվել է դեռևս տարիներ առաջ, երբ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Հուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (NATO) աջակցությամբ 6 տարի շարունակ, 40 ցուցանիշների մասով ուսումնասիրություններ է կատարել սահմանային կետերում՝ կիրառելով ծրագրի շրջանակում հարևան երկրների հետ համատեղ ընդունված նույն մեթոդաբանությունը։

Հուլիս 21, 2023 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր