ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Աշնակ գյուղը հայտնի է իր քաղցրահամ ծիրանով։ Աշնակը գտնվում է Արագած լեռան ստորոտին, մայրաքաղաք Երևանից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Ժամանակին Աշնակը ջրառատ գյուղ էր, և այստեղ զարգանում էր գյուղատնտեսությունը և անասնապահությունը։ Տարիների ընթացքում ջրի աղբյուրները կորան կամ չորացան։ Այսօր աշնակցիները կանգնած են կենսական նշանակություն ունեցող ջրի սակավության մարտահրավերի առջև, որն ավելի է սրվում կլիմայի փոփոխության պայմաններում։
«Ես այս գյուղում եմ ծնվել, այս հող ու ջրին ամրացված եմ։ Մանկությանս տարիներին գյուղը կանաչ էր, զուլալ ջրերով հարուստ, որը հասանելի էր բոլորիս։ Ունեինք մեծ դաշտեր, այգիներ, բոլորը մշակված։ Մեր ծիրանանոցները հայտնի էին բոլորին, առատ բերք էինք ստանում։ Մի քանի լիճ կար, ամբողջ գյուղին բավարարում էր։ Տարիների ընթացքում լճերը ցամաքեցին, իսկ այգիները վերացան», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Աշնակի բնակչուհի Աննա Ղազարյանը։
«36 տարի է ապրում եմ Աշնակում, կապված եմ իմ տան, բնության հետ։ Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ գյուղի վիճակը վատթարանում է։ Մեր գլխավոր խնդիրը ջուրն է։ Աշնակում ծառ աճեցնելը հերոսություն է։ Ծառը մինչ արմատներով ամրանում է, մեծ ջանք ես գործադրում։ Նախևառաջ ջուր պետք է լինի, որպեսզի կարողանանք հողին կպած փոքրիկ տունկը դարձնել մեծ ծառ, դարձնել եկամտի աղբյուր», - ասաց Արմենուհի Ավդալյանը։
Աշնակի վարչական ղեկավար Սասուն Դավթյանը պատմեց՝ ինչպես է փոխվել գյուղի կլիման։ «Կլիմայի փոփոխություն եղել է։ Տարիների ընթացքում զգացել ենք, որ տեղումների քանակը պակասել է։ Ոռոգման համար օգտվել ենք Արագած սարից իջնող ջրերից, սելավներից: Հատկապես վերջին 7-8 տարիներին ոռոգման և խմելու ջրի պակաս ենք զգացել։ Իսկ ջուրը հիմքն է, գյուղացու դեպքում ամեն ինչ ջրից է կախված՝ թե՛ անասնապահությունը, թե՛ գյուղատնտեսությունը», - ասաց Սասուն Դավթյանը։
Կլիմայի փոփոխությունը նաև ազդում է մարդկանց առողջության վրա։ Աննա Ղազարյանը, ով շուրջ 40 տարի գյուղում նաև բուժքույր է աշխատում, նշում է․ «Կլիմայական ծանր չորային պայմաններում շատացել են հիպերտոնիաները, սրտանոթային հիվանդությունները։ Ավելացել են նաև հոգեբանական ծանր սթրեսները»։
«Կլիմայի փոփոխությունը, սակավաջրությունը, ցրտահարությունը, կարկուտը վնասում են գյուղացու բերքը։ Այստեղ ամեն միրգ էլ հասնում է, իսկ ծիրանը մեր բրենդային միրգն է։ Ոռոգման ջուրը մեզ հիմնականում անհրաժեշտ է հուլիս, օգոստոս ամիսներին: Նախորդ տարի օգնեցին պոմպակայանով, 2 անգամ ջրեցինք, թեպետ 4-5 անգամ պետք է։ Մեր մոտ վերջին 10 տարիներին ցորեն, գարի գրեթե չեն ցանում։ Հազիվ հասցնում են տնամերձերը մշակել, վարելահողերը քիչ են օգտագործվում։ Մարդիկ չեն ցանում, որովհետև օգուտ չեն ստանում», - նշեց Սասուն Դավթյանը։
«Պատճառները և՛ ջրային ռեսուրսների վատ կառավարումն է, և՛ ջրի կորուստները։ Գյուղի ներքին ցանցը չի կարող բավարարել գյուղացուն։ Եթե ծառը չի ջրվում, բնականաբար, բերքատվությունը կնվազի։ Այգիները չմշակվեցին, չորացան, մարդիկ որպես վառելափայտ օգտագործեցին։ Անցյալ տարվանից մի փոքր բարելավվել է ջրի վիճակը, տարին մեկ անգամ գոնե տալիս են ոռոգման ջուր՝ պոմպակայանով Ախուրյանի ջրամբարից են մղում, բայց, իհարկե, բավարար չէ։ Մենք մեր խմելու ջուրն ենք օգտագործում ոչ նպատակային, որպեսզի մեկ ծառի կյանք փրկենք։ Ջրի պատճառով անասունների քանակը 70 տոկոսով կրճատվել է։ Անասունը 20 կմ գնում է արածելու, հետ է գալիս ծարավ, ամառվա 40 աստիճանին, ի՞նչ կաթնատվության մասին է խոսքը», - ասաց Աննա Ղազարյանը։
Գյուղում խմելու ջուրն էլ է նվազել։ Նախկինում օրական մինչև 12 ժամ ջուր է ստացել գյուղացին, իսկ հիմա ընդամենը 2 ժամ է ստանում։
Սասուն Դավթյանը նշեց, որ ջրի խնդրի լուծման համար նախատեսվում է ջուրը կուտակել։ «Թալին խոշորացված համայնքի ղեկավարը որոշել է, որ պետք է արհեստական լճեր կառուցենք, տեղանքն են որոշում», - ասաց նա։
Գյուղում կաթիլային ոռոգման հեռանկարները մեծ չեն։ Ըստ Սասուն Դավթյանի՝ խնդիրը կապված է ֆինանսների հետ․ «Մենք միշտ առաջարկել ենք անցում կատարել կաթիլային ոռոգման համակարգի։ Սակայն գյուղացին դժվարանում է գնալ այդ ռիսկին, վարկ վերցնել։ Մարդիկ մտածում են՝ կարդարացնի այն արդյո՞ք, թե՝ ոչ»։
Սոցիալական խնդիրներն ու տուրիզմի հեռանկարները
«Երիտասարդությունը գյուղից հեռանում է։ Չկա գյուղատնտեսության զարգացում, չկան աշխատատեղեր՝ ո՛չ պետական, ո՛չ մասնավոր», - ասաց Աննա Ղազարյանը։
«Իհարկե, սեփական տնից լավ տեղ չկա, բայց երբ աշխատանք չկա, հատկապես երիտասարդները ձգտում են դեպի քաղաք։ Գյուղի համար մեծ նշանակություն ունի նաև տրանսպորտը, որը ևս չկա։ Երեխաների համար կա սահմանափակ զբաղվածություն՝ սպորտի առումով, տարբեր խմբակների առումով։ Գյուղմթերքի սպառման խնդիր էլ ունենք, շատ կախված ենք Ռուսաստանից։ Նախկինում լավ գնով տանում էին Մոսկվա, անգամ փոքր այգիներից կարելի էր որոշակի եկամուտ ստանալ: Հիմա խնդիր է սահմանի հաճախակի փակումը, մինչև բացում են, միրգը փչանում է։ Գյուղացիները ծիրանը ստիպված 50-60 դրամով հանձնում են օղու մշակման համար: Կարելի է նախաձեռնել պահածոյացման թեկուզ փոքր արտադրամաս։ Այդ ժամանակ արտադրանքը և սպառումը կլինեն մեկ տեղում, գյուղացին իր միրգը չի կորցնի», - առաջարկեց Արմենուհի Ավդալյանը։
Սասուն Դավթյանը նշեց, որ գյուղի սոցիալական վիճակը բարելավելու համար պատրաստվում են կարուձևի արտադրամաս բացել։
Լուսանկարը՝ patmakanhetq.com
Աշնակն ունի տուրիզմի զարգացման հեռանկարներ։ Աշնակի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 5-րդ դարին: Պատմիչ Եղիշեն հիշատակում է, որ այն եղել է մեծ բնակավայր, արքունի ձմեռանոց և զորակայան: Գյուղում կա 4-5-րդ դարերի եկեղեցի, որը նորոգվել է վերջին տարիներին: Գյուղից հարավ գտնվում է մ. թ. ա. 2-1 հազարամյակի ամրոցը: Գյուղի տարածքում պահպանվել են հայոց Արշակ 2-րդ արքայի ամրոց-ամառանոցի բեկորները և բազմաթիվ այլ հնավայրեր: Աշնակում հայտնաբերվել են վաղ քարեդարյան գործիքներ, որոնք հնագետների կարծիքով շուրջ 15-17 հազար տարեկան են: «Աշնակցիների պարը» հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության բացառիկ արժեքներից է: Աշնակցի ասացողների պատումները տեղ են գտել «Սասնա ծռեր» էպոսում: Աշնակում նաև գործում է Գևորգ Չաուշի տուն-թանգարանը։
Լուսանկարը՝ hy.wikipedia.org
«Միշտ մտածել եմ, որ Աշնակը կարող է տուրիստական վայր դառնալ։ Պատմական առումով գյուղը գրավիչ է։ Ունենք հին բերդեր, եկեղեցիներ, մատուռ, պատմամշակութային վայրեր։ Բայց չկան ուղղորդող, տեղեկություն տվող ցուցանակներ։ Դրա կարիքը կա, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն, այցելեն, շահագրգռեն ուրիշներին այստեղ գալու: Եթե տուրիստական շարժ լինի գյուղում, կարելի է նաև փոքրիկ շուկա ստեղծել, որտեղ կվաճառվեն գյուղացիների այգիների բարիքները։ Մեր ծիրանը համարվում է ամենահամեղը, մեր բրենդն է։ Գյուղացիները կարող են իրացնել նաև չրեղենը, պահածոները, մեր հայտնի շարանը։ Մենք ունենք ցանկություն, գյուղի երեխաները, երիտասարդներն ակտիվ են, պարզապես գործունեության դաշտն է փոքր», - ասաց Արմենուհի Ավդալյանը:
Օգոստոս 24, 2023 at 12:38