

Երկրի կամ տարածաշրջանի ջրային անվտանգությունը կարող է առերեսվել ամենատարբեր սպառնալիքների՝ կենսաբանական վտանգներ, կլիմայի փոփոխություն, բնական աղետներ, քաղաքական բռնություններ և այլն, սակայն, ջրի սակավությունը ջրի անվտանգության ամենից տարածված սպառնալիքն է: Աշխարհի բնակչության թվի աճն ավելացնում է խմելու ջրի և մշակաբույսերի աճեցման համար անհրաժեշտ ոռոգման ջրի պահանջարկը: Սա հանգեցնում է ջրի ճգնաժամի, այսինքն՝ չկա բավարար քանակով ջուր՝ այն բոլորի միջև բաշխելու համար: Աշխարհի շատ երկրներ բախվում են տնտեսական նպատակներով օգտագործվող ջրի սակավության խնդրին, քանի որ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնոլոգիաներ և մարդկային ներուժ՝ առկա ջրային ռեսուրսները կառավարելու և բնակչության համար ջրի հասանելիություն ապահովելու համար:
Թեև Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով և համարվում է ջրային ռեսուրսներով «չափավոր ապահովված» երկիր, այնուամենայնիվ, խմելու ջրամատակարարման հավասար հասանելիությունը դեռևս խնդիր է Հայաստանի հարյուրավոր գյուղական բնակավայրերի համար: Ինչպես հայտնի է, 2017 թվականի հունվարի 1-ից ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ ՀՀ 1002 բնակավայրից շուրջ 579 գյուղական բնակավայր ապահովված չեն կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններով և ընդգրկված չեն ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքում։ Նշված բնակավայրերի ջրամատակարարումն իրականացվում է գյուղապետարանների կողմից։
Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության հիմնախնդրի քննարկմանն էր նվիրված 2023թվականի հոկտեմբերի 25-ին՝ Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում կայացած ««ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» Արձանագրության իրականացումը Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում»» խորագրով հանդիպումը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ««Նպաստել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների միջև անվտանգ խմելու ջրի հավասար հասանելիության վերաբերյալ փորձի և լավագույն գործելակերպի փոխանակմանը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության շրջանակում»» ծրագրի շրջանակում։
Ծրագիրը համատեղ իրականացվում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի, Մոլդովայի «Դնեստր գետի պահապաններ-Էկո-ՏԻՐԱՍ» և Վրաստանի «Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոն» (IFCER) կազմակերպությունների կողմից։
Ներկաների թվում էին ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, Մոլդովայի և Վրաստանի վերոհիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Անվտանգ ջրի հավասար հասանելիությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատկապես սրվում է քաղաքական կոնֆլիկտների, տնտեսական ճգնաժամերի և կլիմայի փոփոխության պայմաններում։ Այս խնդիրը «Ջրի և առողջության մասին» արձանագրության հիմնական թեման է։ Ես կոչ եմ անում բոլորին ակտիվ քննարկել այս գլոբալ հարցը՝ անվտանգ խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիության և հավասար սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ», - ասաց ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում, Մոլդովայում և Վրաստանում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի/ԱՀԿ-ի «Ջրի և առողջության մասին» արձանագրության դրույթների իրականացման ոլորտում ձեռք բերված փորձին և լավագույն գործելակերպին։ Խոսվեց նաև չսպասարկվող բնակավայրերում խմելու ջրամատակարարման և ջրահեռացման բարելավմանը խոչընդոտող հանգամանքների և դրանց հաղթահարման ուղիների մասին։
Ըստ «Էկո-ՏԻՐԱՍ»-ի ներկայացուցիչ Իլյա Տրոմիցկիի՝ հայտնաբերված առաջնահերթ խնդիրը ստորգետնյա աղբյուրներից և գյուղական ջրատարներից խմելու ջրի որակի անհամապատասխանության բարձր մակարդակն է, ինչը վտանգ է ներկայացնում առողջության համար: Նա նաև նշեց, որ դանդաղ առաջընթացը և քաղաքային ու գյուղական բնակչության միջև անվտանգ կառավարվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հասանելիության մեծ անհամապատասխանությունն ամենակարևոր խնդիրներն են: Մոլդովայի Հանրապետությունում «Ջրի և առողջության մասին» արձանագրության իրականացման վերաբերյալ ազգային ծրագրի իրականացումը (2016-2025 թթ.) ազգային առաջնահերթություն է, որն ազդում է կյանքի որակի և անուղղակիորեն բնակչության առողջության վիճակի բարելավման վրա:
Բնապահպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Գիա Աբրամիան իր ելույթում նշեց, որ Բորժոմիի Ախալդաբա, Կվիբիսի և Զանավի բնակավայրերում մարդիկ ապավինում են ջրհորերին՝ որպես խմելու ջրի այլընտրանքային աղբյուր։ Ցավոք սրտի, որոշ հորեր տեղադրված չեն պատշաճ տեղերում և ոչ միշտ են կիրառվում սանիտարահիգիենիկ պահանջները։ Իրենց հետազոտության ընթացքում նրանք պարզել են, որ 18 հորերից միայն 4 հորատերերն են ապահովել քլորացման գործընթացը։ Նա ընդգծեց նաև, որ աղիքային հիվանդությունների տարածման ժամանակ կանխարգելիչ նկատառումներով խորհուրդ է տրվում օգտագործել «Intesti Bacteriophage»-ի օրինական ճանաչված բժշկական պատրաստուկն՝ այդ պատրաստուկն ավելացնելով հորերի մեջ:
Հանդիպման ավարտին մասնակիցները հանդես եկան առաջարկություններով, որոնք կարող են նպաստել խմելու ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության խնդիրների լուծմանը:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Հոկտեմբեր 26, 2023 at 15:00