Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի բնակիչները մերժեցին «Վալլեքս» խմբի «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի՝ Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու ծրագիրը: 2023թ. հոկտեմբերի 26-ին Բերդի Մշակույթի տանը տեղի ունեցած հանրային քննարկմանը Բերդի ավագանու անդամները, խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀԿ-ների ներկայացուցիչներն ու մտահոգ բնակիչները բարձրաձայնեցին հանքարդյունաբերական գործունեության դեպքում Բերդ համայնքին սպառնացող ռիսկերի ու վտանգների մասին:
«Գաղտնիք չէ, որ անչափելի տնտեսական ներհոսք կլինի մեր համայնք, բայց արդյո՞ք դա այն գինն է, որ մենք պետք է վճարենք այն անչափելի վտանգների համար, որ կկրենք հանքի շահագործման դեպքում.... Հանքի շահագործումը չի բխում մեր համայնքի զարգացման շահերից՝ սոցիալական-տնտեսական բաղադրիչներից»,- նշեցին բնակիչները:
Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշեց հանքի շահագործման պարագայում Բերդ համայնքի ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգների մասին: «Այդ տարածքում մենք ունենք ջրաղբյուրներ՝ Վերին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն, Արծվաբերդ, Չորաթան, Այգեձոր, Նավուր, Չինչին և Տավուշ գյուղերի ջրի աղբյուրները գտնվում են Մուրղուզ սարի հատվածում: Եթե հանքը շահագործվի, վտանգի տակ է մեր առողջությունը: Վերին Կարմիրաղբյուրի բնակիչները կտրուկ դեմ են այս գործունեությանը՝ մտածելով մեր և մեր սերնդի առողջության մասին»,- նշեց նա:
Բերդի բնակիչ Լեռնիկ Բաբայանը հավելեց, որ Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ գագաթից են սկիզբ առնում Խնձորուտ, Տավուշ և Վարագաջուր գետերը: «Միայն ոռոգման ջուր չէ, դրանք նաև խմելու ջրերն են: Որպես գյուղացի, բանվոր, ով պիտի առաջինը ջուր խմի, առողջ ապրի, արտը ջրի, որ իմ երեխան ուտի, ես դեմ եմ․ սա մեր տարածաշրջանի անվտանգության համար է կարևոր»,- ընդգծեց նա:
Բերդի բնակիչ Արթուր Երկանյանն ընկերությանը խորհուրդ տվեց իրենց ունեցած գումարներն ավելի լավ ուղղությամբ ներդնել: «Եթե ցանկանում եք մեր բնակչության կենսամակարդակն առաջընթաց ունենա, Հայաստանի բնական ռեսուրսները պահպանվեն, այդ գումարով կարող եք ջրամբարներ կառուցել: Մեր ջրային ռեսուրսները կրիտիկական սահմանի վրա են, տասնապատիկ իջել է իրենց սահմանը: Ջրային ռեսուրսները ոչնչացվել են անտառների ոչնչացման հետևանքով»,- նշեց նա:
Դիմելով ներկաներին՝ Բերդի բնակիչ Սամվել Սաղոյանն առաջարկեց նայել ընկերության ներկայացրած քարտեզին. «Տեսեք, թե ինչպիսի անտառային շերտ կա, որը կվտանգվի հանքի շահագործման դեպքում: Ջրի մասին արդեն մարդիկ նշեցին: Ջրերի աղտոտումը կբերի Ծիլիծով ջրամբարի աղտոտմանը, որով ներկայում ոռոգվում են մեր այգիները: Իսկ մենք նոր այգիներ ենք հիմնում, արտահանում ենք մեր արտադրանքը։ Այդ ամենը կվտանգվի»:
«Եթե հանքը շահագործվի, անասուններն Ալավերդիի անասունների օրն են ընկնելու, տնտեսությունն է քայքայվելու, ոչ մի օգնություն չի լինելու, ջրերը թունավորվելու են, պոչամբարներ են առաջանալու: Տավուշ աշխարհի ամենամաքուր անկյունը կորելու է արդյունաբերական փոշու և կեղտի մեջ: Էդ բանը մտքներիցդ հանե՛ք, մենք պատրաստ չենք էդ փոշին ու պղնձաթունավորումները մեր մարմնի վրա զգալ»,- նշեց մեկ այլ բնակիչ:
Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը նշեց, որ իրենց գյուղի բնակչությունն ամբողջությամբ դեմ է ընկերության տվյալ գործունեությանը: «Մենք անասնապահական շրջան ենք։ Տավուշի մարզը հայտնի է էկոլոգիապաես մաքուր սննդի արտադրությամբ: Զբոսաշրջային ծրագրեր ենք իրականացնում: Եթե չենք ունենալու առողջություն, եթե չենք վայելելու այդ գումարները, ուրեմն մեզ դա հետաքրքիր չէ: Թողեք՝ մենք աղքատ ապրենք, առողջ լինենք»,- ասաց նա:
Բերդի ավագանու անդամ Արթուր Սաֆարյանը բարձրացրեց մարդկանց առողջությանը սպառնացող վտանգների խնդիրը: «Փաստն այն է, որ հանքը բերելու է մարդկանց օրգանիզմում վնասակար մետաղների թույլատրելի սահմանաչափերի ավելացում: Կան հետազոտություններ, Լոռու մարզում 4-500՝ հողի, գետի ու մարդկային օրգանիզմի նմուշ է հետազոտվել, բոլոր նմուշներում թույլատրելի սահամանաչափերը գերազանցվել են: Որքան էլ հանքը հեռու լինի համայնքից, հասնելու է և վնասելու բնակիչներին»,- ասաց նա:
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի հիմնադիր նախագահ Անահիտ Բադալյանը նշեց. «Տեղյակ եմ ինչպիսի կործանարար հետևանքներ կարող է ունենալ հանքի շահագործումը: Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ հաջորդը Տավուշը կլինի: Գիտենք Ալավերդիի ցուցանիշների մասին: Այգիները, որոնք ոռոգվել են հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված ջրերով, չորացել են: Այս մասին հրապարակումներ կան: Գիտենք՝ ինչպիսի բացասական ազդեցություն կարող է ունենալ հանքարդյունաբերությունը բնական ռեսուրսների ու մարդկանց առողջության վրա: Ես եմ այստեղ բնակվում, իմ երեխաները, ես և համայնքի բնակիչները պետք է որոշեն, ինչ ենք մենք ուզում: «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ն այստեղ չի ապրում և չի ապրելու»:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց. «Ես Ալավերդիից եմ, Դուք («Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյան) նշեցիք Թեղուտի հանքի մասին, որպես ձեր պարծանքը: Բայց չի կարող հպարտության առարկա լինել մի ծրագիր, որը հանրության զգալի մասի համար բնապահպանական, առողջապահական ու սոցիալական բազմաթիվ խնդիրներ է ստեղծում»:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը նշեց. «Պարոն Կարապետյանը նշեց, որ Թեղուտի հանքն իրենց պարծանքն է: Բայց Թեղուտը, երևի թե, իրենց ամոթը պետք է լիներ: Հիշենք, թե ընկերությունն ինչու այլևս այդ հանքը չի շահագործում, ֆինանսական ինչ պարտավորությունների չկատարման հետևանքով է դա տեղի ունեցել: Պոչամբարի պատվարի խնդիրների մասին ևս բարձրաձայնվեց: «Թեղուտում» աշխատած բնակիչները պարբերաբար դժգոհություններ են ունեցել ընկերությունից, աշխատանքի տեղավորման հետ կապված խոստումները կա՛մ չեն իրականացվել, կա՛մ մասամբ են իրականացվել: Եվ վերջապես, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա ունեցած ազդեցությունն է: 2021թ. իրականացվել է հետազոտություն, որը փաստում է Թեղուտի հանքի շահագործման հետևանքով հողի, գետերի նստվածքային ջրերի աղտոտումը մկնդեղով, նիկելով, քրոմով, ցինկով: Այդ մետաղների քանակությունը գերազանցել է թույլատրելի սահամանչափերը, և նշված մետաղները վտանգավոր են մարդու առողջության համար»:
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանը լսումների ամբողջ ընթացքում խուսափեց նշել, թե ինչ մետաղներ են մտադիր որոնել Բերդում, ներկաների հնչեցրած հարցերն ու մտավախություններն անարձագանք թողեց: Հանդիպման ավարտից հետո ԷկոԼուրին հայտնեց, թե իրենց հետաքրքրում է պղինձը: «Հայցվող տարածքը 23,1 քառակուսի/կմ է, տեղաբաշխված է Տավուշի մարզի հարավային մասում՝ Մուրղուզի լեռնաշղթայի (Միափորի լեռներ) հյուսիսաային լանջերում, Հախում (Վարագաջուր) և Խնձորուտ գետերի ավազաններում, Բերդից 6-14 կմ հեռավորության վրա է: Նախատեսված են հորատումներ մինչև 6500 մ խորությամբ: Ծրագիրը երեք տարի ժամկետով է»,- ասաց Սահակ Կարապետյանը։
Հանդիպումը վարող Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Պապյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի վերջին նախատեսվում է ավագանու նիստ գումարել, որին պետք է ներկայացվի համայնքի որոշումը «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Սահակ Կարապետյանին ուղղված հարցին, թե ինչպես կմեկնաբանի լսումներն ու արդյոք հարցը փակված չի համարում՝ արձագանքեց. «Սպասենք ավագանու որոշմանը: Ինձ համար դեռևս ոչ մի բան ակնհայտ չէ»:
Նշենք, որ Բերդի համայնքապետարանը հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց հաղորդագրություն լսումների արդյունքների մասին՝ նշելով․ որ Բերդ համայնքի բնակիչները դեմ են «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության ներկայացրած ծրագրին։ Ներկայացված բոլոր կարծիքներն արձանագրվել են»։
Հոկտեմբեր 27, 2023 at 16:17