

Արմեն Դավթյան, Հրապարակ
«Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» (ԷԿՈԼՈԴԵՄՈ) ՀԿ-ն բազմիցս ահազանգել է, որ Կապանում ջրամատակարարման եւ ջրահեռացման հանրային ծառայություն մատուցող «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը խախտում է սպառողների հետ կնքած պայմանագրի կետերը։ Մասնավորապես, ընկերությունը չի ապահովում կենցաղային կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը։ Բայց արդյունքում սպառողներից գումար է գանձում։
ԷԿՈԼՈԴԵՄՈ-ի իրավաբան Արթուր Ղազարյանի խոսքով, ջրամատակարարը կենցաղային կեղտաջրերը համապատասխան խողովակաշարով հեռացնելու, այն մաքրման կայան հասցնելու եւ մաքրելու փոխարեն լցնում է Ողջի գետը։ Ըստ իրավաբանի, իրենց մոտ առկա են Ողջի գետի մոնիտորինգի արդյունքները: «Նույնիսկ դիմել ենք բնապահպանության նախարարությանը, բայց կամ չեն պատասխանել, կամ աղավաղել են հարցումը, այսինքն՝ սայլը տեղից չի շարժվել»,-ասում է Ա. Ղազարյանը:
Ըստ իրավաբանի, իրենց կազմակերպությունը եկող շաբաթ դատական 2 հայցով դիմելու է դատարան։ Առաջինով վարչական դատարանում վիճարկելու է ՀՀ բնապահպանության նախարարության անգործության փաստը, երկրորդով՝ սպառողների պայմանագրային կետերի խախտման հարցը։ Կարծիք կա, որ պետք է դիմել ավագանուն` տեղական հանրաքվե անցկացնելու առաջարկով: «Հայջրմուղկոյուղու» պատասխանատուներն էլ պնդում են, ու կառավարության համապատասխան որոշմամբ թույլատրվում է մի քանի քաղաքներում կոյուղաջրերը թափել գետը: Դատավարության կողմնակիցներն էլ պնդում են, որ, ըստ այդ որոշման, կոյուղաջրերը պիտի հասցվեն մաքրման կայան, որից հետո լցվեն գետը։ Մնում է սպասել դատավարության արդյունքներին, բայց ամեն դեպքում՝ այս խմորը շատ ջուր է վերցնելու։
ՀԳ – Ի դեպ, ջրմուղ-կոյուղու դեմ դատավարություն սկսող ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյանը նախկինում հենց «Հայջրմուղկոյուղու» Կապանի մասնաճյուղի տնօրենն է եղել: Հետաքրքիր է, այն ժամանակ կոյուղաջրերը չէի՞ն թափվում գետը:
Հոկտեմբեր 13, 2010
