

Մի քանի տարի շարունակ Սևանա լիճը գրանցում է բացասական հաշվեկշիռ:
Սույն թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ լճի մակարդակը կազմում է 1900.17 մ, ինչը 12 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից (1900․29 մ): Այս ցուցանիշն էլ 15 սմ-ով ցածր էր նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․44 մ-ից։
Սևանա լճից հավելյալ ջրառները այլ գործոնների հետ միասին ազդում են Սևանա լճի մակարդակի նվազման վրա: 2008թ-ից սկսած Սևանա լճից 7 անգամ իրականացվել է հավելյալ ջրառ։ Բացառությամբ 2008թ-ի, մնացած բոլոր հավելյալ ջրառների տարիներին լիճն ունեցել է բացասական հաշվեկշիռ։
- 2023թ․ իրականացվել է 228․234 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 58,234 միլիոն խմ։ Լճի մակարդակը 2023թ․ դեկտեմբերի 27-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.17 մ, ինչը 12 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից։ Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
- 2021թ-ին իրականացվել է 227.651 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել է 9 սմ-ով և կազմել է 1900.43 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
- 2018թ-ին իրականացվել է 200.623 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 30.623 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.42 մ-ից իջել է 3 սմ-ով և կազմել է 1900.39 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
- 2017թ-ին իրականացվել է 266.757 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 96.757 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.46 մ-ից իջել է 4 սմ-ով և կազմել է 1900.42 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
- 2014թ-ին իրականացվել է 269.6 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 99.6 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.16 մ-ից իջել է 3 սմ-ով և կազմել է 1900.13 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
- 2012թ-ին իրականացվել է 317.62 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 147.62 միլիոն խմ: Լճի մակարդակը 1900.13 մ-ից իջել է 3 սմ-ով և կազմել է 1900.10 մ: Գրանցվել է բացասական հաշվեկշիռ:
- 2008թ. իրականացվել է 303.69 միլիոն խմ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 133.69 միլիոն խմ: Լճի մակարդակը 1898.79 մ-ից բարձրացել է 6 սմ-ով՝ կազմելով 1898.85մ: Գրանցվել է դրական հաշվեկշիռ:
Այսպիսով ՀՀ կառավարությունը չի կարողանում ապահովել «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքով նախատեսված արդյունքը՝ Սևանա լիճը տարեկան բարձրացնել մոտ 21,6 սմ-ով։
Լճի մակարդակը իջնելով մոտեցել է 10 տարի առաջվա՝ 2013թ․ մակարդակին։
Նշենք, որ նվազում է նաև Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրաքանակը: 2023թ․ տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 113.437 միլիոն խմ ջուր: 2022թ. լիճ է ներհոսել 162.576 միլիոն խմ ջուր:
Լճի մակարդակի նվազմանը զուգահեռ դիտվում է ջրի որակի վատթարացում, ճահճացման գործընթացների ակտիվացում:
Կլիմայի փոփոխությունը բացասաբար կազդի Սևանա լճի վրա՝ գետային տարեկան ներհոսքը մինչև 2100թ-ը կնվազի շուրջ 34%-ով կամ 265 մլն խմ-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական պայմանների վրա: Գոլորշիացումը, լճի ջրային հաշվեկշռի ամենամեծ տարրը, վերջին տարիներին ունի աճի միտում՝ կապված ջերմաստիճանային ռեժիմի փոփոխության հետ: Ըստ վատատեսական սցենարի, մինչև 2100թ. ակնկալվում է գոլորշիացման աճ՝ 36.5%-ով կամ 392 մլն խմ-ով։
Ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ սպասվում է Սևանա լճի ջրի ջերմաստիճանի բարձրացում, մասնավորապես կանխատեսվում է, որ մինչև 2070թ.՝ ջրի ջերմաստիճանը կաճի 2°C-ով, իսկ 2100թ-ին՝ 4°C-ով։
Դեկտեմբեր 28, 2023 at 12:30