Ախուրյանի ջրավազանային ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը կտեղափոխվի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման:
Ըստ գործադիրի որոշման հիմնավորման՝ պատճառը սակավաջրությունն է և կլիմայի փոփոխության ազդեցությունը։ Սրա հետևանքով դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում, առկա է արտեզյան հորիզոնների և Մեծամոր գետի ջրատվության նվազում, ինչը կարող է հանգեցնել տվյալ տարածաշրջանի ջրային ռեսուրսի հյուծմանը։
Արաքս գետից ջուր կտեղափոխվի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ-ի մասնաբաժնի ջրածավալները չգերազանցող ամբողջ ծավալով։ Աշխատանքները կիրականացվեն «Ջրառ» ՓԲԸ-ի և «Արմավիր» ՋՕԸ համակարգերի միջոցով։
Որոշումը տարածվում է 2023թ․ նոյեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա, քանի որ, ըստ հիմնավորման, էկոլոգիական անբարենպաստ վիճակով պայմանավորված նշված ժամանակահատվածից որոշակի ծավալով ջրալրումներ են իրականացվել։
Ըստ փաստաթղթի՝ համաձայն 1927թ․ Սովետա-Թուրքական կոնվենցիայի (մինչ օրս գործում է), կողմերին (Հայաստան-Թուրքիա) վերապահված է Արաքս սահմանային ջրահոսքը օգտագործել հավասարաչափ՝ որից ՀՀ մասնաբաժինը կազմում է տարեկան 721.7 մլն.մ/խ։ ՀՀ-ի կողմից վերջին տարիներին օգտագործված տարեկան ջրածավալները կազմել են՝ 2020թ.-291.883 մլն.մ/խ, 2021թ.-274.18 մլն.մ/խ, 2022թ.-400.2 մլն.մ/խ, 2023թ.-306.77 մլն/մ/խ։ Վերջին տարիների ՀՀ-ի կողմից օգտագործված առավելագույն ջրաքանակը եղել է 2022թ․ ընթացքում և կազմել է տարեկան շուրջ 400.0 մլն. մ/խ, ինչը կազմում է ՀՀ-ի մասնաբաժնի շուրջ 55%-ը։
Փետրվար 05, 2024 at 16:46