2024 թ․ Սևանա լճում սիգի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 257 տոննա

2024 թ․ Սևանա լճում սիգի որսի թույլատրելի քանակությունը սահմանվել է 257 տոննա

ՀՀ կառավարությունը փետրվարի 8-ի նիստում հաստատեց Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը։

Ինչպես նշել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, չափաքանակը հաստատվում է՝ հիմնվելով Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական ուսումնասիրությունների վրա։ «2023 թ. դեկտեմբերին ստացել ենք տվյալները, որոնց համաձայն՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակում օրինական որս իրականացնելու համար։ Տեղեկացնեմ, որ 2020 թ.-ից ենք սկսել քվոտայի տրամադրումը։ 2020-2021 թթ. եղել է 300, 2022 և 2023 թթ. եղել է 600 տոննայի շրջանակում։ 2024 թ. հուլիսին ԳԱԱ նոր ուսումնասիրություն կիրականացնի՝ հասկանալու համար նոր քվոտայի հնարավորություն ունե՞նք, թե՞ ոչ։ Որոշումը ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել օրինական որսի քվոտա ստանալու համար»,- ասել է նախարարը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սիգի անօրինական որսին և նշել. «Կարծում եմ՝ առաջին անգամ այս տարի մեզ հաջողվեց Սևանա լճում սիգի ձվադրման ժամկետում առնվազն 95 և ավելի տոկոսով բացառել սիգի որսը։ Այդ արգելքի շրջանում մեկ-երկու դեպք էլ բացահայտվեց, որ որս է իրականացվում։ Ըստ էության, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է նման բան տեղի ունենում, որ իրականում այդ արգելքը գործադրվում է։ Սա տեղի է ունեցել պարեկային ոստիկանության ներդրման շնորհիվ և օգնությամբ: Սա այն դեպքերից է, երբ ասում են, որ կան իրավիճակներ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Սրանից առաջ էլ մենք քաղաքական կամք ունեցել ենք, որ սիգի ձվադրման շրջանում արգելենք որսը, իրոք, ցանկացել ենք դա անել, բայց քաղաքական կամքը բավարար չէր. սրա համար պետք էր ունենալ գործիքներ: Այդ գործիքը ստեղծվեց, Սևանա լճի ջրային պարեկային ծառայությունը և առափնյա ծառայությունը, որի բացումը մենք արեցինք»:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, Սևանա լճի ջրային պարեկային ոստիկանությունը պետբյուջեի միջոցներով 2024 թ. կհամալրվի նոր տեխնիկայով՝ 2 մոտորանավակով, որոնք գտնվում են ՀՀ ճանապարհին։

Վարչապետն ընդգծել է, որ այս ամենն առաջին հերթին արվում է այն մարդկանց համար, որոնք իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանա լճում ձկնորսություն իրականացնելով. «Այսինքն՝ այս ամեն ինչն արվում է Սևանա լճում ձկնապաշարը, վերարտադրությունը և բազմացումն ապահովելու համար: Իհարկե, դա ազգային, պետական հարստություն է, բայց, մեծ հաշվով, Սևանում ձկնապաշարի նորմալ վերարտադրության և բազմացման առաջին շահառուները հենց Սևանի ավազանում ապրող մեր այն հայրենակիցներն են, ովքեր փորձում են ընդդիմանալ կամ բողոքում էին այդ սահմանափակումների կապակցությամբ: Այսինքն՝ սա առաջին հերթին նրանց համար է արվում, որպեսզի նրանք իրենց աշխատանքը երկար ժամանակ բնականոն պայմաններում կարողանան իրականացնել»:

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է նաև ձկնորսության թույլտվությունների շեմը սահմանելու և սահմանվածի չափով ձկնորսությունն ապահովելու հարցին։ Ըստ վարչապետի՝ ձկնորսության իրական պատկերը այլ է, մարդիկ ավելի շատ են որսում սահմանված չափից։ «2022-ին սահմանել ենք 600 տոննա քվոտա։ Մարդիկ դիմում են և այդ քվոտայով մեկ կիլոգրամի դիմաց 65 դրամ վճարում պետբյուջե։ Հասկանալի է, որ սիգի շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է։ Մենք 2022-ին իրացրել ենք 566,1 տոննա, բայց բոլորս գիտենք, որ իրական որսը կրկնակի ավելի է, բայց մենք նույնիսկ այս քվոտայի՝ 600 տոննայի վճարումը չենք կարողացել ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անընդունելի համարելով այս հանգամանքը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ավելի մեծ խնդիրն այն է, որ 2023-ին այդ ցուցանիշը նվազել է՝ դառնալով 390 տոննա: «Սա անընդունելի պրակտիկա է, էլ չեմ ասում ՝65 դրամ գինը։ Ինչպե՞ս ենք որոշել, որ 65 դրամ է և ոչ թե 100: Այսօր առավոտյան նախարարի հետ այս թեմայով խոսակցություն եմ ունեցել, չի կարող այսպիսի բան կրկնվի: Ինչքան քվոտան տրված է՝ ճշգրիտ այդքանի նկատմամբ պետք է վճարում արվի: Եթե ոչ, ուրեմն պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում»:

Հակոբ Սիմիդյանը նշել է, որ վիճակագրությունն առանձնացրել են, և քննության առարկա է, թե ինչ է տեղի ունենում, ինչու ձկնորսները սահմանված չափաքանակի համար դիմումներ չեն ներկայացնում։ Նախարարը հավելել է նաև, որ Էկոպարեկային ծառայության հիմնման արդյունքում հսկողությունն ավելի կուժեղանա և վերահսկողությունն էլ ավելի արդյունավետ կիրականացվի։

Փետրվար 09, 2024 at 13:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր