ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն պատասխանել է Գյումրի գետակի գետնուղու վթարային վիճակի մասին ԷկոԼուրի նամակին։
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանի N 02.1/07/3315-2024 նամակում նշված է․ «Ի պատասխան Ձեր 2024 թվականի հունիսի 27-ի գրության՝ Գյումրի գետակի աղբոտման և ծածկի վնասվածության հետ կապված, հայտնում ենք, որ ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից 2024 թվականին իրականացվող հակահեղեղային միջոցառումների ցանկում նշված գետակի աշխատանքները ներառված չեն, սակայն, հաշվի առնելով հարցի կարևորությունը, համապատասխան ուսումնասիրություններից և գնահատումներից հետո այն կդիտարկվի առաջիկա ծրագրերում: Միաժամանակ հայտնում ենք, որ Գյումրի գետակը կենցաղային աղբից մաքրելու հարցը չի գտնվում ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի լիազորությունների շրջանակներում»։
Հիշեցնենք, որ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն ահազանգ էր ստացել Գյումրիի բնակիչներից, որ փլուզման վտանգի տակ է Ախուրյանի վտակ Գյումրի գետակի գետնուղին, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Գյումրի քաղաքի համար։
Ըստ բնակիչների՝ ժամանակին, երբ գետը վարարում էր, քաղաքի կենտրոնը տիղմով էր լցվում, անգամ կառքերը չէին կարողանում անցնել։ Այդ պատճառով էլ հանրային միջոցներով 1907 թ-ին կառուցվել է 6 մ լայնությամբ, 4 մ բարձրությամբ և 900 մ երկարությամբ Գյումրի գետակի գետնուղին, որպեսզի գետը չհեղեղվի։ Այն դարձել է Գյումրիի կողուղատարը և աղբատարը․ բնակիչներն աղբ են լցնում գետի մեջ, Գյումրիի ձախափնյա ամբողջ թաղամասում կոլեկտոր չկա, բոլոր կոյուղագծերով կեղտաջրերը լցվում են գետակ։ Գետնուղին անցնում է Գյումրիի հին պատմական կենտրոնով, կենտրոնական հրապարակով, եկեղեցիների կողքով։ Այժմ գետնուղին լցված է աղբով։ Որոշ հատվածներում գետնուղու կողային պատերը քայքայվել են, բայց վերևի ծածկը մնացել է օդում կախված։
«Եթե փլուզում եղավ, քաղաքի կենտրոնական, պատմական հատվածի զգալի մասը ջրածածկ կլինի։ Անհրաժեշտ է գետնուղին կապիտալ վերակառուցել, մաքրել աղբից»,- ասացին բնակիչները։ Նրանք նշեցին, որ Գյումրիի համայնքապետարանն իր ուժերով ի զորու չէ միայնակ խնդիրը լուծել։
Խնդրի վերաբերյալ Էկոլուրը դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարություն։ Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս․ Մարգարյանը սույն թվականի հունիսի 13-ի N96/1141 նամակով հայտնել է․ «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և Գյումրու համայնքապետարանի համապատասխան մասնագետների կողմից իրականացվել են քաղաքի կենտրոնական հատվածով անցնող Գյումրի գետակի երկայնքով՝ Ռուսթավելի փողոցի 1-ին նրբանցքից մինչև Աբովյան փողոցի վերջնամասի ակնադիտական ուսումնսաիրություններ։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ գետակը, որն օգտագործվում է նաև որպես կոյուղի, լցված է կենցաղային աղբով, իսկ Սուրբ Նշան եկեղեցու հարևանությամբ գետակն անցնում է փակ հատվածով և առկա են ծածկի կիսաքանդ հատվածներ։ Քաղաքի Աբովյան փողոցի վերջնամասով անցնող գետակը, որպես սելավատար, անցնում է բաց հատվածով, որը նույնպես լցված է կենցաղային աղբով։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը դիմել է Ջրային կոմիտե՝ հարցին առաջնահերթ լուծում տալու նպատակով»։
Հուլիս 18, 2024 at 16:04