Երևանի քաղաքապետտարանի հուլիսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ տեղումների ծավալը գերազանցում է նորման, ինչի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր: Իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը: Հստակեցվել է նաև վարչական շրջանների բակային տարածքներում գործող և շարքից դուրս եկած հեղեղատար համակարգի վիճակը: Բակային տարածքների հեղեղատար համակարգը գործում է մոտ 40 տոկոսով, բազմաբնակարան շենքերն սպասարկողը մեծամասամբ նպատակին չի ծառայում: Մայրաքաղաքի 29 հասցեում (18,8 կմ-ոց) հեղեղատար համակարգը բացակայում է, առկա է կառուցելու անհրաժեշտություն, միևնույն ժամանակ 7,2 կմ-ոց հատվածում էլ համակարգը պետք է վերակառուցել: Մոտ 28 կմ-ոց հեղեղատար համակարգ կառուցվել է ճանապարհաշինական նոր ծրագրերի ընթացքում:
«Մենք «Վեոլիա Ջրի» հետ քննարկել ենք խնդիրը, ընկերությունը պետք է բարելավի սպասարկումը», - ասել է Արեյանը՝ նշելով, որ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատվել:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ քաղաքապետարանը պետք է ունենա որոշակի քանակի տեխնիկական միջոցներ, ինչը հնարավորություն կտա համապատասխան աշխատանքներ կատարել:
Հուլիս 22, 2024 at 14:54