Վիշապաքաղ Վահագնիի գյուղը․ խնդիրներ և հեռանկարներ

Վիշապաքաղ Վահագնիի գյուղը․ խնդիրներ և հեռանկարներ

Անտառների մեջ ծվարած լեռնային Վահագնի գյուղը գտնվում է Լոռու մարզում՝ Փամբակ խոշորացված համայնքի կազմում։ 1988թ․ ավերիչ երկրաշարժը մեծ վնաս է պատճառել գյուղին։ Սակայն ժամանակի հետ գյուղը ուղղել է իր մեջքը, վերականգնվել։ Այն ունի կաթնամթերքի արտադրամասեր, կարի արտադրամաս, գյուղտեխնիկայի տեխնոպարկ։ Բնակավայրում 142 տնային տնտեսություն ունի կենտրոնացված գազամատակարարում:

«Վահագնի անունը եկել է նրանից, որ, ըստ առասպելի, գյուղի տարածքում է գտնվել Վահագն աստծո տաճարը», - ասաց Վահագնիի վարչական ղեկավար Սուրեն Վարդումյանը։

Գյուղի խորհրդանիշներից է Հայրենական պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը թանգարանի հետ։

Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և մեղվապահությամբ։ Վերջին տարիներին նկատվել է մեղվաընտանիքների անկում, ինչին, ըստ գյուղացիների, նպաստել են գարնանային հորդառատ անձրևները։

Հողագործությունը Վահագնիում զարգացավ վերջին տարիներին, երբ  գյուղտեխնիկան դաշտ մտավ։

«Մոտ 20 տարի մարդիկ հող չեն մշակել, բայց վերջին երեք տարին հողի մշակման տենդենց է նկատվում։ Ժամանակին չկար գյուտեխնիկա, բայց վերջին մի քանի տարին, երբ և՛ համայնքի կողմից, և՛ կոոպերատիվների կողմից ձեռք բերվեց լավ գյուղտեխնիկա, ժողովուրդն արդեն սկսեց մշակել հողերը»,- ասաց Սուրեն Վարդումյանը։

Կլիմայի փոփոխությունը զգացվում է նաև Վահագնիում։ Տարիների ընթացքում դիտվում է ջերմաստիճանի բարձրացում, ինչն էլ, ըստ գյուղացիների, գարու վատ աճելու պատճառներից է։ Վերջին տարիների ցրտահարությունների պատճառով ընկել է ընկույզի բերքատվությունը, փոխարենը գյուղում թուզ է սկսել աճել։ Այս տարի հողագործներին մեծ վնաս պատճառեց հունիսին տեղացած կարկուտը։

Ըստ Սուրեն Վարդումյանի՝ գյուղը լավ գյուղատնտեսի ու անասնաբույժի կարիք ունի։ Հողերի հետազոտություն էլ է անհրաժեշտ։ «Ճիշտ է, մենք մշակում ենք հողերը, բայց չգիտենք, թե ինչ միջոցառում անենք հողի բերրիությունն ավելացնելու համար։ Այդպիսի միջոցառումներ չենք իրականացնում, դրա համար մեզ պետք են մասնագետներ և հետազոտություններ»,- ասաց նա։

Հողագործությամբ Վահագնիում զբաղվում են՝ չունենալով ոռոգման համակարգ։  Սարերից հոսող ջրերը ցանկանում են օգտագործել ոռոգման նպատակով և դրա համար գեոմեմբրանային ջրամբարի կառուցման անհրաժեշտություն են տեսնում։ Արդեն գնահատել են՝ նման ջրամբարի կառուցման համար 106 միլիոն դրամ է պետք։ Ըստ վարչական ղեկավարի՝ գումարի մի մասն ունեն։ «Եթե ջրամբարը կարողանանք կառուցել, ոռոգման համակարգ ունենալն ավելի հեշտ կլինի»,- ասաց Սուրեն Վարդումյանը։

Չնայած գազաֆիկացված լինելուն՝ Վահագնիում ձմռանը հիմնականում վառելափայտով են տաքացնում տները։ Տարեցտարի անվճար տրամադրվող թափուկի ծավալը կրճատվում է։ Անտառի վրա ճնշումը նվազեցնելու համար այլընտրանքի մասին են մտածում։ Գյուղում «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ 25 հա տարածքում պետք է ագրոանտառ հիմնվի։ Սուրեն Վարդումյանը նշում է, որ բրիկետի, կենսավառելիքի արտադրության հումք ունեն, ներդրումներ են պետք։

«Եվրասիա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ բարեկարգել են գյուղի տեխնոպարկը։ Գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում էլ մեծ ներդրում են ունեցել Վահագնիի երիտասարդները։ «Բոլոր թրեյնինգներին իրենք են մասնակցել, ծրագիրն իրենք են ներկայացրել և շահել։ Տեխնոպարկը մեծ կառույց է, երկաթյա կոնստրուկցիաներ են ամբողջությամբ։ Այդ կառույցի տանիքին կարելի է տեղադրել 70 Կվտ հզորությամբ արևային կայան։ Մեր գյուղի ծախսը՝ դպրոց, փողոցային լուսավորություն, վարչական կառույցներ, կազմում է 43 Կվտ։ Եթե այդ հզորությունը տեղադրվի, բյուջեի մոտ 4 միլիոն դրամի խնայողություն կլինի։ Մենք էլ մեր կողմից անվճար կաղանք գյուղացիների ցորենը», - ասաց վարչական ղեկավարը։

Վահագնի բնակավայրը զբոսաշրջության զարգացման պոտենցիալ ունի։

««Ազգային արահետներ»-ն անցնում են մեր բնակավայրի տարածքով։ Նախատեսված է, որ տարեկան 10․000 տուրիստ պետք է անցնի այդ արահետով: Դա շատ լուրջ խթան է մեր բնակավայրում տուրիզմի զարգացման համար։ Այստեղ հայտնաբերվել է միջին բրոնզեդարյա դամբարանադաշտ, որը 2021 թվականին ստացել է հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Ունենք 58 պատմամշակութային կոթող, գյուղի տարածքում է գտնվել Վահագն աստծո տաճարը, 1807 թվականին կառուցված եկեղեցի, որը, ցավոք, ավերված է, 4-րդ դարի ամրոցատեղի», - նշեց Սուրեն Վարդումյանը։

Վահագնիում մտածում են նաև ժամանակակից լուծումների մասին։

«Գյուղամիջում լինելու է շրջադարձ, որի մեջ գյուղի մակետն է լինելու։ Մակետը եռաչափ է, տուն առ տուն հավաքած ու իր մեջ ներառում է գյուղի բոլոր պատմամշակութային կոթողները, տեսարժան վայրերը», -ասաց Սուրեն Վարդումյանը։ 

Վահագնիում հպարտանում են, որ իրենց գյուղում են ծնվել Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, Անտոն Քոչինյանը և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Զաքարյանը։

Նրանց կիսանդրիները տեղադրված են Վահագնիի դպրոցի բակում։

Հուլիս 30, 2024 at 14:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր