«Հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք»․ Նիկոլ Փաշինյան

«Հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք»․ Նիկոլ Փաշինյան

Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևորագույն պրոբլեմներից մեկն է, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում։

«Ես 1-2 ամիս առաջ հանձնարարական եմ տվել, որ պետք է ջրային ռեսուրսների պետական ծրագիր ունենանք: Այն պետք է որդեգրենք կամ ներդնենք, որովհետև, ըստ էության, հանրապետությունում չկա մի այնպիսի բնակավայր, որը ոռոգման և խմելու ջրի հետ կապված, խնդիր չունենա», - վարչապետի խոսքերն է մեջբերում ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Նա նշել է, որ ջրային ռեսուրսների ճիշտ գեներացումը, կենտրոնացումը և ճիշտ բաշխումը պետք է լինի կառավարության ռազմավարական նպատակը. «Տասնյակ հազարավոր հեկտարներով նոր այգիներ և գյուղատնտեսական արդյունք տվող տարածքներ պետք է ներդնենք գյուղատնտեսության ոլորտում: Եվ սա մի խնդիր է, որն ընթացքի մեջ է: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այդ թեմայով արդեն զբաղվում է, և այս ուղղությունը պետք է շատ էականորեն զարգացնենք և գուցե, որոշ կառուցվածքային բնույթի փոփոխություններ անենք»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առաջիկա անելիքները ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ, որը կլիմայի գլոբալ փոփոխությունների արդյունքում սրվում է: «Չնայած այս տարի կլիմայի փոփոխությունը մեր օգտին աշխատեց: Սևանա լիճը 21 սմ նախորդ տարվա համեմատ ավելի է, երեկ Հերհերի ջրամբարը լեփլեցուն էր, այսինքն՝ իր մաքսիմալ ծավալով լցված, բայց մենք չգիտենք, թե հաջորդ տարի ինչ կլինի: Նախորդ տարիներին մենք ունեցել ենք երաշտի շրջաններ և շատ հնարավոր է, որ ցիկլ է ձևավորվում, մի քանի տարի չոր, մի տարի ջրառատ։ Սա էլ պետք է մենք հաշվարկենք մասնագետների օգնությամբ, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս հարցերում»,- ասել է վարչապետը:

Սեպտեմբեր 05, 2024 at 16:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր