2024թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի մեկնարկային հանդիպումը։ Ծրագիրը նպատակ ունի վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ Այն կենտրոնացած է ոռոգման ենթակառուցվածքների արդիականացման և գյուղատնտեսական պրակտիկայի բարելավման վրա՝ ավելի կայուն և արդյունավետ գյուղատնտեսական համակարգ կառուցելու համար:
Անդրադառնալով և՛ ջրի կառավարմանը, և՛ գյուղատնտեսության զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի աջակցել Արարատի և Արմավիրի մարզերի ֆերմերներին և շահագրգիռ կողմերին:
Ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի, «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից։
Այդ բաղադրիչի շրջանակներում ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ուղղված թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակմանը:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Այս ծրագիրը նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար՝ նպաստելով Կառավարության կողմից ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի միջոցով վերջիններիս գյուղատնտեսական փորձի համապատասխանեցմանը ներկայիս պահանջներին և բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակման ընդլայնմանը»։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդգծեց գյուղատնտեսության զարգացման համար ենթակառուցվածքների առկայության կարևորությունը։ «Ծրագիրը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից», - նշեց նա։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը խոսեց ԵՄ աջակցության և Հայաստանի համար ծրագրի կարևորության մասին։ «Ուրախ ենք, որ մենք արդեն այս փուլում ենք, այս ծրագիրն երկար սպասված ծրագիր է։ Արարատն ու Արմավիրը կարևոր մարզեր են գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։ Հուսով ենք այս ծրագրի շնորհիվ կգրանցենք արտադրողականության աճ և այն կձևափոխի Հայաստանի գյուղատնտեսության պատկերը»,- ասաց նա:
Զարգացման ֆրանսիական Գործակալության հայաստանյան ծրագրի պատասխանատու Լիզ Էնեզյանը խոսեց ծրագրի համագործակցային մոտեցման մասին: «Մենք ունենք Եվրոպական և ֆրանսիական փորձ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող թիմի բարձր որակավորում, մենք վստահաբար գրանցելու ենք հաջողություններ»,- նշեց նա։
Կոնսորցիումը ղեկավարող «Ագրո Քընսալթինգ Եվրոփ» ընկերության թիմի ղեկավար Ստեֆան Ռոզնոուն ներկայացրեց ծրագիրը՝ անդրադառնալով ծրագրի նպատակներին, կառուցվածքին ու նախատեսվող միջամտություններին։
Միջոցառման ընթացքում նշվեց, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական կայուն խորհրդատվական համակարգ, մշակել փոքր ֆերմերային տնտեսությունները ներկայացնող ֆերմերներին թիրախելու համար ռազմավարություն և ներդնել ժամանակակից, արդյունավետ ոռոգման համակարգեր:
Միջոցառմանը ներկա էին կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, ջրային կոմիտեի, քաղաքացիական հասարակության, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ:
Նոյեմբեր 01, 2024 at 17:53