Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը

Մարտի 22-ին աշխարհը նշում է Ջրի համաշխարհային օրը։ 2025 թվականի թեման է «Սառցադաշտերի պահպանումը»։ 

«Սառցադաշտերը հալչում են ավելի արագ, քան երբևէ։ Կլիմայի փոփոխության հետևանքով մեր մոլորակը շարունակաբար տաքանում է, իսկ դրա պատճառով Երկրի սառցե տարածքները նվազում են, ինչը ջրային շրջանառությունն ավելի անկանխատեսելի է դարձնում։

Հալոցքային ջրերի հոսքերի փոփոխությունները հանգեցնում են ջրհեղեղների, երաշտների, սողանքների և ծովի մակարդակի բարձրացման, ինչը վտանգում է միլիարդավոր մարդկանց կյանքը։ Բազմաթիվ համայնքներ և էկոհամակարգեր կանգնած են ոչնչացման վտանգի առաջ։ Կլիմայի փոփոխության մեղմման և դրան հարմարվելու համատեղ ջանքերի շրջանակում սառցադաշտերի պահպանումն առաջնահերթ խնդիր է։ Պետք է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ սառցադաշտերի հալեցման տեմպը դանդաղեցնելու և հալոցքային ջրերի ավելի կայուն կառավարման համար։ Սառցադաշտերի պահպանումը մարդկության և մոլորակի գոյատևման ռազմավարությունն է»,- նշված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: 

Փաստեր սառցադաշտերի մասին

- 2023 թվականին սառցադաշտերը կորցրել են ավելի քան 600 գիգատոննա ջուր, ինչը դարձել է վերջին 50 տարվա ամենամեծ զանգվածային կորուստը (ԱՀԿ)։

- Երկրի քաղցրահամ ջրի շուրջ 70%-ը գոյություն ունի ձյան կամ սառույցի տեսքով (ԱՀԿ)։

- Մոտ 2 միլիարդ մարդ օգտվում է սառցադաշտերի, ձնհալի և լեռնային աղբյուրների ջրերից խմելու, գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով (ՄԱԿ-ի Ջրային ռեսուրսներ/ՅՈՒՆԵՍԿՕ)։

- Սառցադաշտերի արագ հալոցքը մեծ ազդեցություն է ունենում համաշխարհային ծովի մակարդակի բարձրացման վրա. ներկայում ծովի մակարդակը մոտ 20 սմ բարձր է, քան 1900 թվականին (ՄԳԷՀ)։

- Եթե գլոբալ տաքացումը սահմանափակվի մինչև 1,5°C, հնարավոր կլինի պահպանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության սառցադաշտերի երկու երրորդը (ՅՈՒՆԵՍԿՕ/ՄՍՕՊ)։

Հայաստանի ջրային ռեսուրսները և կլիմայի փոփոխության ազդեցությունը

Հայաստանը, լինելով լեռնային երկիր, ունի սահմանափակ ջրային ռեսուրսներ, որոնք հիմնականում սնվում են ձյան հալոցքից, աղբյուրներից և ստորերկրյա ջրերից։ Հայաստանը ևս բախվում է ջրային ռեսուրսների սակավության և աղտոտման խնդիրներին և կլիմայի փոփոխության մարտահրավերներին։ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի համաձայն՝ 2100թ. կանխատեսվում է Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի նվազում մոտ 30-35%-ով, ինչը բացասական ազդեցություն կունենա լճի կենսական ռեսուրսների վրա: Գնահատվել է նաև Սևանա լճից գոլորշիացումը՝ կապված տեղումների, ջերմաստիճանի փոփոխությամբ: Համաձայն գնահատականների՝ 2040թ. կանխատեսվում է գոլորշիացման աճ լճի մակերևույթից մոտ 10%-ով, 2070թ.՝ 20-25%-ով, 2100թ.՝ 35%-ով:

Վատատեսական սցենարի դեպքում մինչև 2100թ-ը կանխատեսվում է գետային հոսքի նվազում մինչև 39 %: Գետերի հոսքի 25% կրճատումը կհանգեցնի ոռոգվող հողատարածքների արտադրողականության կրճատման մոտ 24%-ով:

Հայաստանում միջին ջերմաստիճանը 1․6 աստիճանով բարձրացել է։ Կանխատեսվում է, որ մինչև 2070թ․ ջերմաստիճանը կբարձրանա 3․3 աստիճանով, իսկ մինչև 2100թ․՝ 4․7 աստիճանով։ Իսկ գետերի հոսքը, ըստ կանխատեսումների, մինչև 2040թ․ կնվազի միջին նկատմամբ 14 տոկոսով, մինչև 2070թ․՝ 28 տոկոսով, մինչև 2100թ․՝ 39 տոկոսով։ Գետային ներհոսքը Սևանա լիճ մինչև 2100թ. կնվազի շուրջ 34%-ով կամ 265 միլիոն խմ-ով բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ․) նկատմամբ: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա մեղմելու նպատակով մշակվել է 26 միջոցառում, որոնք սահմանված են ՀՀ կառավարության հաստատած «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը և 2022-2026 թվականների միջոցառումների ցանկ»-ում։

Մարտ 22, 2025 at 17:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր