Հունիսի 5-ին տոնում ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

Հունիսի 5-ին տոնում ենք Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

Հունիսի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր: Այս օրը կարևոր առիթ է բարձրաձայնելու շրջակա միջավայրի պահպանության կարևորության և բնապահպանական խնդիրներին համատեղ լուծումներ տալու մասին: Այս տարվա թեման՝ «Հաղթահարենք պլաստիկով աղտոտումը», ընդգծում է պլաստիկ թափոնների կուտակման խնդիրը և դրա դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից։ 

Պլաստիկ աղտոտման մարտահրավերները

Ամեն տարի աշխարհում արտադրվում է ավելի քան 400 միլիոն տոննա պլաստիկ, որի կեսը նախատեսված է միայն մեկանգամյա օգտագործման համար: Այս պլաստիկի 10%-ից պակասն է ենթարկվում վերամշակման:

Վիճակագրության համաձայն, ամեն տարի 11 միլիոն տոննա պլաստիկ թափոններ ներթափանցում են լճեր, գետեր և ծովեր, ինչը համարժեք է 2200 հատ Էյֆելյան աշտարակի քաշի: Բացի այդ, միկրոպլաստիկը՝ 5 մմ-ից փոքր չափսերի պլաստիկ մասնիկները, ներթափանցում է սննդամթերքի, ջրի և օդի մեջ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մարդ տարեկան սպառում է ավելի քան 50,000 պլաստիկ մասնիկ:

Պլաստիկ թափոնները վնասում են ոչ միայն մարդու առողջությանը, այլևւ կենսաբազմազանությանը՝ աղտոտելով էկոհամակարգերը, սկսած լեռների գագաթներից մինչև օվկիանոսի հատակը:

Միջազգային կոչ՝ գործելու

Այս տարվա արշավը կազմակերպվում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանման ծրագրի (UNEP) շրջանակում՝ #BeatPlasticPollution շարժման ներքո: Արշավի նպատակն է համախմբել կառավարություններին, կազմակերպություններին և հասարակության տարբեր շերտերին՝ պլաստիկ աղտոտման դեմ համատեղ ջանքեր գործադրելու համար:

Օրվա պատմությունը

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը սկիզբ է առել 1973 թվականին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանման ծրագրի նախաձեռնությամբ: Այդ ժամանակից ի վեր այն դարձել է աշխարհի ամենախոշոր բնապահպանական հարթակը, որտեղ միլիոնավոր մարդիկ միավորվում են մոլորակը պաշտպանելու համար:

Այս տարի օրվա գլխավոր միջոցառումները կանցկացվեն Կորեայի Հանրապետությունում:

Նպատակները և հրատապ միջոցառումները

Աշխարհի ջանքերը պետք է կենտրոնանան գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5°C-ի սահմաններում պահելու վրա: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է մինչև 2030 թվականը կիսով չափ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա առաջիկա տասնամյակում օդի աղտոտվածության մակարդակը կաճի 50%-ով, իսկ պլաստիկ թափոնների ծավալը ջրային էկոհամակարգերում մինչև 2040 թվականը կեռապատկվի:

Բնապահպանի օրը Հայաստանում

Հայաստանում հունիսի 5-ը սկսած 2004 թվականից նշվում է նաև որպես Բնապահպանի օր: Այս օրն առանձնահատուկ հնարավորություն է վերարժևորելու մեր բնապահպանական հանձնառությունները և ակտիվացնելու միջոցառումները՝ Երկիր մոլորակի բնության պահպանության համար:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրը հիշեցում է, որ յուրաքանչյուր քայլ, լինի դա պլաստիկ թափոնների կրճատում, վերամշակման խթանում, կարևոր է մոլորակի առողջության համար: 

Լուսանկարը՝ Parilov/Adobe Stock

Հունիս 05, 2025 at 15:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր