

2025թ․ հուլիսի 7-ին Եղեգնաձոր բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ուսումնասիրության աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկումը։ Հանդիպումը նախաձեռնել էր «Մետա գոլդ» ՍՊԸ-ն։
Ներկայացնում ենք հանդիպման ընթացքում ուշագրավ ելույթներն ու հարցադրումները։
«Մետա գոլդ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մանվել Ղազարյանն իր ելույթում նշեց, որ մտադիր են աշխատատեղեր ստեղծել․ «Վստահ եմ, որ համագործակցությունը համայնքի բնակիչների հետ հաջող կընթանա», - ասաց նա։
Ընկերության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը խոսեց ծրագրի մասին։ «Շատ ենք հանդիպել, աշխատանքների առումով շատ բան չի փոխվել, պետական պահանջներն են փոխվել հանքավայրի ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ, գներն են փոխվել, և պահանջ առաջացավ նորից ուսումնասիրել հանքավայրը։ Վստահ եմ, որ պաշարները կավելանան։ Դրա համա ձեռնամուխ ենք եղել կատարել ուսումնաիրություն հետագա շահագործման նպատակով։ Բազմամետաղային հանքավայր է, գերակշռողը՝ ցինկն ու արճիճն է, ոսկի էլ կա, պղինձ էլ, արծաթ էլ, բայց շատ քիչ։ Հետախուզումն արվելու է մաքսիմում երեք տարի։ Հետախուզման ժամանակ մինչև 5000 մ հորատում է արվելու, փորձնական հանույթ է արվելու։ Հանքավայրը շահագործվելու է միայն ստորգետնյա եղանակով։ Պաշարները նախնական հաշվարկով մոտ 200 տոննա է, մոտ 150 հազար տոննա արտադրողականությամբ գործարան կլինի, իր պաշարը կբավարարի մոտ 200 տարի աշխատելու համար»։
Արամ Օսիկյանի խոսքով՝ հանքավայրի շահագործման արդյունքում 350 աշխատատեղ կստեղծվի, նվազագույն աշխատավարձը կլինի 150 հազար դրամ, միջին աշխատավարձը՝ 400 հազար դրամ։ «Լինելու է բժշկական ապահովագրություն։ Երկրաբանական կրթություն ստացող ուսանողների վարձը ընկերությունը վերցնելու է իր վրա, իրենց համար կլինի վճարվող պրակտիկա ընկերությունում։ Հանքավայրում աշխատակիցները լինելու են համայնքից»,- նշեց նա։
Արամ Օսիկյանն անդրադարձավ նաև համայնքին տրվող աջակցությանը․ «Խմելու ջրի հարց ունի Վերնաշեն բնակավայրը, այդ խնդիրը երեք ամսում հնարավոր է լուծել, շատ ծախսատար չէ»։ Ի պատասխան դահլիճից բնակիչներն արձագանքեցին, թե ջրի հարցը հնարավոր չէ լուծել, ջուր չկա, որտեղի՞ց է այդ ջուրը բերելու։
«Եթե ջուրը չլինի, ես այդ ներդրումը կանեմ։ Պիտի դնեմ 200 միլիոն համայնքին, համաֆինանսավորման մասով, կտամ համայնքին, ինչ ուզում է՝ թող անի։ Բայց ջրի խնդիրը լուծվող է։ Եթե շրջակա միջավայրի նախարարությունն ասում է, որ կա զապաս ջուր, որ կարող ենք տալ, ուրեմն մի բան գիտեն»,- նշեց Արամ Օսիկյանը։
Ըստ նրա՝ նախնական հաշվարկներով հանքավայրի աշխատանքի արդյունքում համայնքին տրվող գումարը նվազագույնը 100 միլիոն դրամ է կազմելու։
Դահլիճից ներկաները հետաքրքրվեցին հանքավայրի շահագործման դեպքում հնարավոր վտանգների մասին։
Արամ Օսիկյանն արձագանքեց․ «Հետախուզման մասով վտանգներ չկան, հանքավայրի շահագործման ժամանակ այնպիսի պետական նորմատիվներ կան, չես կարող խուսափել, և այսօր ստուգումներն այնքան խիստ են, այնքան տույժ-տուգանքներ կան։ Ոչ մի հանքատեր հիմար չէ։ 1000 դոլար ծախսի, սարքի պարզարան, որ ջուրը նստի, չհավաքվի, քան 10 հազար դոլար տուգանք տա։ Մետաղների մասով՝ ցինկ ու արճիճ կա։ Ամբողջ աշխարհն արդյունահանում է դրանք։ Պիտի անենք, որ կառավարելի լինի, բնությանը վնասները շատ քիչ, աննշան լինի։ Շահագործման ժամանակ այդ հարցը կբարձրացվի, մանրակրկիտ նախագծով կներկայացվի»։
«Մետա գոլդ» ընկերության մեկ այլ ներկայացուցիչ նշեց․ «Հայտնաբերված են 140 հանքային երակներ 8 քառ․ կմ վրա, որից հետախուզված է 40-ը։ Խորհրդային տարիներին հանքն ուսումնասիրվել է, սակայն չի շահագործվել։ Խորհրդային տարիներին հանքը պետք է ունենար այնքան շատ պաշարներ, որովհետև միությունը կառուցելու էր քաղաքներ և այլ բաներ, դրա համար այդ հանքավայրը թողել են հետագայի համար՝ որպես ռեզերվ։ Իսկ մեր նման պետությունների համար դա մեծ արժեք ունի։ Կառուցվելու է ֆաբրիկա Վայքի Արին գյուղում»։
Ի պատասխան բնակիչներից արձագանքեցին․ «Այս հանքը բացվել է և փակվել։ Այս հանքի գլխավոր ինժեներն ապրեց ընդամենը մի քանի ամիս հանքի փակվելուց հետո։ Ասացին, որ ուրան է դուրս գալիս, դրա համար հանքը փակեցին։ Բոլոր վայոցձորցիներին խնդրում եմ թույլ չտալ, որ այս հանքը բացվի։ Ես Գետափից եմ, Գետափում կա գինու գործարան։ Սակայն Գետափի ամբողջ տարածքները չեն մշակվում, տրակտորներ տվեք։ Ավելի լավ բիզնես կլինի ձեզ համար։ Գետափի գինու գործարանը ընդունել է, մշակել է և Երևան է ուղարկել 6-7 հազար տոննա խաղող, իսկ այսօր՝ 500-600 տոննա է, էդ միրգը չփչացնենք։ Բոլորս էլ գաղթականներ ենք, եկել ենք Նախիջևանից, տարբեր տեղերից։ Հիմա մենք մեր գերեզմանները, մեր երիտասարդների գերեզմանները ո՞ւմ տանք, որ ստեղից գաղթենք, գնանք»։
Ընկերության ներկայացուցիչը հակադարձեց․ «Եկեք այդքան չդրամատիզացնենք։ Այնտեղ ուրան չկա։ Կա շրջակա միջավայրի նախարարության տեղեկություն, ՀՀ ազգային զեկույցներում ուրան չի նշվում Գլաձորի տարածքում։ Հայաստանում ուրան կա Զանգեզուրում, Քաջարանի մոտի հանքերում»։
«Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ» նախաձեռնող խմբի ղեկավար Հարություն Գևորգյանն արձագանքեց․ «Արխիվներից հանել ենք, քարտեզը կցված է, ուրանային հանքերը սկսում են Վայքից, վերջանում՝ Ելփինով։ Դուք ոչնչից տեղյակ չեք»։
Եղեգնաձորի բնակչուհիներից մեկն իր եկույթում հիշեցրեց, որ Խորհրդային Միության տարիներին նույնպես մտադիր էին շահագործել Գլաձորի հանքը, բայց այդ դեպքում Վայոց ձորի մարզի բնակչությունը պետք է տարհանվեր Ռուսաստան։
«Խորհրդային տարիներին եկել էր մի խումբ, հետազոտություն արեցին Գլաձորում։ Ես երեխա էի, բայց այդ խոսակցությունները հիշում եմ։ Ամբողջ Վայոց ձորի մարզը պետք է տեղահանվեր Ռուսաաստանի Կրասնոդարի մարզ։ Երբ հաշվարկներ արեցին, տեսան, որ այդ տեղափոխումն ավելի ծախսատար է լինելու, քան թե այդ հանքը շահագործեն և եկամուտ ստանան։ Դադարեցրեցին այդ հանքի շահագործումը»։
Հարություն Գևորգյանն իր ելույթում ներկայացրեց հանքի շահագործման դեպքում սպասվող ռիսկերն ու վտանգները։ «Հանքի տարածքները դեռևս 1800-ական թվականներին ուսումնասիրել են անգլիացիները, հետո ֆրանսիացիները ու գերմանացիները։ 1950-ական թթ․ այդտեղ ծավալուն մասնագիտական երկրաբանական հետազոտություններ է իրականացրել ԽՍՀՄ երկրաբանական արշավախումբը։ Վերջինիս հրապարակված տվյալների հիման վրա՝ տարածքում առկա է 13 գունավոր մետաղ և ունի մեծ ռադիոակտիվություն։ Հայտնաբերված մետաղներից 5-7-ը հակացուցված են ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի համար։ Դա են վկայում առկա փաստաթղթերն ու քարտեզները։ Դա է վկայում նաև 1960-ականն թվականներին Վայքում գաղտնի բացված ռադիոակտիվության վարակման դեպքերը կանխարգելող բուժսպասարկման կենտրոնը։ Հանքավայրից դուրս բերված գրունտների վրա, 70 տարի է՝ ոչ մի բուսականություն չի աճում։ Սա ակնհայտ փաստ է ռադիոակտիվության վարակվածության մասին։ Հանքավայրի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրա շրջակայքից դուրս են գալիս փոքր գետակներ, բազմաթիվ աղբյուրներ, որոնք թափվում են հանքավայրի աջ և ձախ կողմերից հոսող Արփա և Եղեգիս գետակներ, որոնց ջրերի մի մասը հոսում է Արփա-Սևան թունելով դեպի Սևանա լիճ։ Նշված չէ նաև բնապահպանական, առողջական և հանքավայրի տարածքում պահպանվող պետական արգելանոցների մասին։ Կարծես ամբոջությամբ անտեսված են պետական պահպանվող արգելանոցի այդ տարածքում առկա կենդանիների պահպանման հետ կապված հարցերը։ Այդ տարածքում առկա է 1400-1500 բուսատեսակ, որոնցից 4-ը դասվում են հազվագյուտ դեղաբույսերի ցանկին։ Այդ բուսականությունից մեր ժողովուրդը դարեր շարունակ անարգել օգտվել է»։
Հարություն Գևորգյանը նշեց նաև մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերի մասին։ «Անցած դարի 1950-70-ական թվականներին հանքավայրի աշխատանքներում մասնակցություն ունեցած քաղաքացիների մեծ մասը մահացել է երիտասարդ տարիքում՝ քաղցկեղից։ Այսօր մենք ուզում ենք տարածքում զարգացնել խաղողագործությունը, անասնապահությունը, զբոսաշրջությունը։ Վայոց ձորը թանգարան է։ Այսօր Վայոց ձորի մարզի բնակիչները խաղողագործությամբ և անասնապահությամբ տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների եկամուտներ են ստանում։ Այս արհավիրքրից մեզ ազատելու համար պետք է միաձայն ասենք ոչ հանքավայրին»։
«Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ» նախաձեռնող խմբի անդամ, Վերնաշենի բնակիչ Հայկ Իսախանյանն իր ելույթը սկսեց հանրային քննարկմանը ներկա Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանին ուղղված խոսքով․ «Վայոց ձորի մարզն ունի երեք հիմնական ջրային ավազան, որոնք ապահովում են խմելու և ոռոգման ջրերի պահանջները։ Դրանք են Արփա գետի վերին հովիտ՝ Ջերմուկի տարածաշրջան, Արփա գետի Եղեգիս վտակի վերին հովիտ՝ Վարդահովիտի տարածաշրջան և Թեք Սար - Վայոց Սար, Արփա՝ Եղեգիս գետերի ջրահավաք ավազան: Թվարկված ջրային ավազանների տարածքներում ցանկանում են շահագործել մետաղական հանքեր` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայր, Գլաձորի բազմամետաղային հանքավայր և Վարդենիսի բազմամետաղների հանքերևակում, որոնք պարունակում են կապար, կադմիում, ուրան, ցինկ, պղինձ, ոսկի, արծաթ, թալիում, ծծումբ և այլ տարրեր:
Հանքավայրերի տարածքները ծովի մակերևույթից 2000-2500 մետր բարձրության վրա են, որտեղից սկիզբ են առնում Վայոց ձորի բնակչության խմելու և ոռոգման ջրերը: Վայոց ձորի մարզը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այստեղ մշտապես եղել են հզոր երկրաշարժեր և ջրհեղեղներ: Երեք հանքավայրերի հարևանությամբ 100-500 մետր խորությամբ անցնում է Արփա-Սևան ջրատարը, ջրատարի շրջակա տարածքներ։
Բնության մեջ ոչ մի կապար չի առաջացել ինքնուրույն։ Եթե կա կապար, հետևաբար կա ուրան։ Հայաստանում լեռները բավական երիտասարդ են, դեռ պրոցեսներ են գնում, դուք ներկայացրել եք հայտ, բայց բացարձակապես չեք կատարել շրջակա միջավայրի գնահատման օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ կետը։ Դուք պետք է մանրակրկտորեն ներկայացնեիք ձեր հայտում՝ սկսած ուսումնասիրությունից, վերջացրած հանքարդյունաբերություն, ամեն ինչ։ Մենք չգիտենք, թե ինչի համար ձեզ քվեարկենք։
Հայկ Իսախանյանը նշեց, որ հանրային լսումների կազմակերպիչներին են փոխանցել հանքի բացմանը դեմ բնակիչների ստորագրություններով թերթիկները և պահանջեց դրանք կցել ու պահպանել որպես հանրային լսման անբաժանելի մաս։
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ, համաճարակաբան, հիգենիստ Քնարիկ Գրիգորյանը ներկայացրեց հանքի շահագործման դեպքում տեղի բնակիչների առողջությանը սպառնացող ռիսկերը։
«Դուք ասացիք՝ կա կապար, ի ուրախություն բոլորի ասում եք, որ կա նաև ոսկի, արծաթ և ծծմբի մեծ պաշարներ։ Ծծմբի հանքերում աշխատողները երկար չեն ապրում, մահանում են մի քանի տարի հետո՝ 5-7 տարվա ընթացքում։ Կապարն ինչո՞վ է վտանգավոր մեր երեխաների համար՝ մտավոր թերզարգացություն, արյունային հիվանդություն, ոսկրային փոփոխություններ, գենետիկ փոփոխություններ և քաղցկեղ։ Դուք ասում եք, որ տալիս եք այսքան գումար։ Հիմա եկեք, վերադառնանք առողջապահություն՝ քաղցկեղի բուժման համար։ Այդ գումարը, որ տալու եք, չի բավականացնի մարդկանց հիվանդությունների բուժման, հետազոտման համար»։
Էկոլոգ-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը նշեց, որ արդեն 9 տարի նույն մարդիկ տարբեր անուններով ու տարբեր ընկերությունների տեսքով փորձում են շահագործել Գլաձորի հանքը։ «9 տարի երկարուձիգ պայքարից հետո մենք էլի եկել ենք մի կետի, որտեղից սկսել ենք։ Չնայած փոխվել ենք, որովհետև շատ ենք ուսումնասիրել, շատ բան ենք տեսել, շատ բանի չենք հավատում։ Եղեգնաձորցիները, մանավանդ Վերնաշենի և Գլաձորի ժողովուրդը մի մարդու պես կանգնած է եղել իր հողի, ջրի համար և չի թողել, որ մինչև օրս այս հանքն աշխատի։
Այս ծրագիրը ծրագիր չէ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքի համաձայն, դուք պետք է ներկայացնեք նախագիծ, որի մասին մենք պետք է խոսենք։ Այստեղ ոչ մի բան չկա, ո՛չ ընկերության մասին, ո՛չ ընդհանրապես բնապահպանության մասին, ո՛չ բացասական ազդեցությունների։ Այստեղ դրված են քարտեզներ, որոնք նախկին քարտեզներին չեն համապատասխանում։ Նախկինում տարածքներն ավելի քիչ էին և հարում էին միայն արգելավայրային գոտուն, որի համար Շրջակա միջավայրի նախարարությունը մերժում է տվել, փորձաքննական բացասական եզրակացություն են տվել։ Հիմա այս տարածքները ուղիղ մտել են արգելավայրի տարածք և այստեղով անցնում են վայրի բնության միջազգային կազմակերպության կողմից հաստատված կենդանիների միգրացիոն ճանապարհները, որը, ըստ օրենքի, արգելված է։ Ընկերության մասին ընդհանրապես խոսք չկա, նույն մարդը՝ Արամ Օսիկյանը, տարբեր կոստյումներ հագած, տարբեր անվանումներով, գալիս, այստեղ կանգնում է։ Այդ կազմակերպությունը, որը ստեղծվել է մայիսին, չի կարող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն զբաղվել հանքարդյունաբերությամբ, որովհետև օրենսդրությամբ նախատեսված է 5 տարվա հանքարդյունաբերության փորձ։ Երկրորդ՝ անուններ փոխելով, իմաստը չի փոխվում։ Մենք գիտենք՝ ովքեր եք, գիտենք՝ ինչ եք անում։ 2016թ․ նույն Արամ Օսիկյանն այլ անվան կազմակերպության ներկայացուցիչ հանդիսանալով ներկայացրել է հանքարդյունաբերության ծրագիր, և ներկայացվել են բոլոր պաշարները քարտեզներով, ամեն ինչով, այսինքն՝ ուսումնասիրությունը լրիվ կատարված էր, և արդեն թույլտվություն էր ստանում, ցանկություն ուներ ստանալու, որպեսզի հանքարդյունահանություն թույլ տրվեր։ Բարեբախտաբար, ժողովրդի և ավագանու որոշման արդյունքում դա չստացվեց։ Դրանից հետո բերեց հանքարդյունահանման, հետախուզական աշխատանքներ կատարելու համար։ Երբ ինքը հանքարդյունաբերություն էր ասում, բաց հանքի մասին էր խոսքը։ Ես այն ժամանակ հարց տվեցի, ինքն ասաց՝ այդտեղ ապարները այնքան թույլ են, որ եթե փակ հանք լինի, կփլվի, մարդիկ տակը կմնան ու զոհեր կտան։ Հիմա այսօր նա ասում է՝ որ փակը հանք եմ անելու։ Ի՞նչն է փոխվել, նույն սողանքային տարածքն է, նույն ջրային ավազանը, որն աղտոտվելու է»։
Անդրադառնլով ընկերության կողմից առաջարկվող աշխատավարձի չափերին՝ նշեց․ «Այսօր քաղցկեղի բուժումը 30 հազար դոլար է, կհաշվեք՝ ինչքան պետք է աշխատել, որպեսզի դուք տանեք ձեր հարազատին կամ ձեզ բուժեք։ Վայոց ձորը պետք է հանք չունենա և մաքուր մնա, որովհետև և գինեգործությունը, և՛ Ջերմուկի հանքային ջուրը, և՛ այս բնաշխարհը չի կարող աղտոտվել, և սա մեր ապագա սերունդներին է պատկանում»։
Բնակիչներից Ստեփան Ստեփանյանը նշեց, որ ցանկացած արդյունաբերական ձեռնարկություն, մանավանդ՝ հանքարդյունաբերական, պարտավոր է ներկայացնել քամիների վարդը։ «Մեր տարածքում գերիշխում են արևմտյան քամիները, և հանքը բացելուց հետո, քամիների օգնությամբ այդ ամբողջ փոշին, կեղտը, գործող ճանապարհների միջոցով տեղափոխվելու է դեպի Վերնաշեն գյուղի օթախների սեփականաշնորհված հողերի տարածք, Կարմրաշենի, Մալիշկայի արոտավայրի և խոտհարքների տարածք։ Սա էկոլոգիական մեծ վտանգ է իրենից ներկայացնում։
Ոչ մի լսման ժամանակ չի ներկայացվել ռադիոակտիվ տարրերի առկայությունը։ Կապարն առաջանում է ուրանի փոխակերպումից 70-90 միլիոն տարվա ընթացքում։ Քանի որ մեր լեռնաշխարհը, Թեքսարը, երիտասարդ լեռնակազմական գոտում են, լեռնակազմությունը շարունակվում է, ուրանի փոխակերպումը շարունակվում է։ Դա հենց փաստ է, որ այստեղ պետք է լինեն ուրանի պաշարներ»։
Ջրային ռեսուրսների մասնագետ, հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը ներկայացրեց մարզում ջրային ռեսուրսների վիճակը․ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ 12 որոշման համաձայն՝ կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով առաջնահերթ 15 ջրամբարներ պետք է կառուցվեն, որից 4-ը՝ Վայոց ձորի մարզում, որից մեկը՝ Վերնաշենի ջրամբարն է, որը գտնվում է անմիջապես հանքի տարածքին մոտ։ Կխնդրեի, որ հանքի և ջրամբարի ազդեցության նշանակությունը վերլուծել և գիտական հիմնավորում տալ, արդյո՞ք հանքարդյունաբերությունը կազդի ջրամբարի ջրի որակի և ջրամբարի վրա։ Ինչպես նաև Արարատյան ջրավազանային կառավարման տարածքում նշված են այս տարածքում ստորերկրյա ջրային մարմիններ, որից 2-ի ջրային մարմինը գտնվում է Մալիշկա բնակավայրի հյուսիսային մասում և Վերնաշենից վերև ընկած հատվածներում։ Այսինքն՝ այդ ստորերկրյա ջրային մարմինների ջրհավաք ավազանի տարածքը գտնվում է հենց այդ տարածքում, որտեղ պետք է հանքարդյունաբերություն իրականացվի։ Կխնդրեի լուրջ ուշադրություն և ուսումնասիրություն արվի, որ այդ ստորերկրյա ջրային մարմինների ջրային ռեսուրսների խախտում չիրականացվի»։
Բենիամին Զաքարյանը խոսեց նաև կլիմայի փոփոխության՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության մասին․ «Մինչև 2100թ․ այս տարածաշրջանում հիմնականում ջրային ռեսուրսները նվազելու են 26-32 %-ով։ Նաև արտակարգ իրավիճակների ակտիվացումը մեծանալու է։ Շատ կտրուկ ժամերի ընթացքում կարող է սելավային հոսքեր լինեն, այսինքն՝ սելավային հոսքերի ակտիվությունը մեծանալու է»։
Հանրային լսումների վերջին ելույթը Վերնաշենի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Արմինե Ստեփանյանինն էր․ «Եթե ժամանակին երեխաները դպրոց էին գալիս առողջ, հիմա մեր երեխաների մի ստվար զանգված ունի շատ առողջական խնդիրներ։ Մտե՛ք դպրոցներ, տեսե՛ք հատուկ կարիքներ ունեցող քանի երեխա է սովորում այսօր մեր աշակերտների շարքում։ Մեր դրախտային երկիրը մի՛ փորձեք դարձնել հիվանդության որջ։ Հարգարժան, պատվարժան այրեր, եթե ուզում եք ներդրումներ անել, այնքան ձեռնարկատերեր կան, որ դրամի կարիք ունեն։ Աշխատատեղեր ստեղծեք այլ վայրերում։ Պռոշաբերդից ճոպանուղին իջեցրեք Թանահատ, Սմբատաբերդից բերեք Սպիտակավոր, տեսնեմ քիչ գումար եք վաստակելու։ Թող աշխատատեղեր բացվեն, թող վարորդներն այնտեղ աշխատեն, ոչ թե հանքափորեր լինեն, գնան, գետնի տակ աշխատեն։ Լուսավոր երկրում ենք ապրում, լուսավոր մտքեր աշխատեցրեք ձեր ուղեղում։ Եկե՛ք խելամիտ լինենք, չկռվենք, իրար չվնասենք, եթե 50 հոգի աշխատելու են, 151-ը հիվանդանալու են նրանց հետ մեկտեղ։ Չի՛ կարելի, մեր դրախտավայրը հիվանդության որջ մի դարձրե՛ք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հուլիս 14, 2025 at 15:38
