Փամբակ համայնքում կլիմայական քաղաքականության տեղայնացման մարտահրավերներն ու հնարավորությունները

Փամբակ համայնքում կլիմայական քաղաքականության տեղայնացման մարտահրավերներն ու հնարավորությունները

Սույն թվականի հունիսի 27-ին Լոռու մարզի Դեբետ բնակավայրում COAF SMART կենտրոնում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման համար համայնքային կարիքների վերաբերյալ մարզային խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցեցին Ազգային ժողովի պատգամավորներ, Փամբակի տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, երիտասարդներ։

 

Խորհրդակցությունն անցկացվեց ՄԱԶԾ «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» (FORSETI) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց Լոռու մարզում կլիմայի հարմարվողականության և մեղմման քաղաքականության տեղայնացման մարտահրավերներն ու հնարավորությունները, Փամբակում կլիմայական քաղաքականության տեղայնացման խնդիրները, Հայաստանի ազգային կլիմայական պարտավորությունների և ազգային կլիմայական օրակարգի մասին համատեքստում։ Նա անդրադարձավ նաև ՀՀ կլիմայական քաղաքականության օրենսդրությանը, Փարիզյան համաձայնագրի ներքո ՀՀ կլիմայական թիրախներին, ՀՀ կառավարության «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրին, «ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությանը։ Նա կարևորեց համայնքների դերը կլիմայական քաղաքականության տեղայնացման գործում։

Վիկտորյա Բուռնազյանի ներկայացման հիմքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ուսումնասիրությունն է, որն իրականացվել է կլիմայական ազգային և միջազգային օրենսդրության, կլիմայական ծրագրերի վերլուծության, Փամբակ համայնքի սուբվենցիոն և զարգացման ծրագրերի, համայնքի ռեսուրսների և հնարավորությունների գնահատման հիման վրա։ Նաև հաշվի են առնվել համայնքում անցկացված հանդիպումներն ու հարցազրույցները։  

Վիկտորյա Բուռնազյանը նշեց, որ Հարմարվողականության ազգային ծրագրում կարևորվում է, որ համայնքը մշակի և ներդնի հարմարվողականության պլան, սակայն Հարմարվողականության ծրագիր Լոռու մարզը չունի։

Փամբակ համայնքը խոցելի է կլիմայական բազմաթիվ ռիսկերի նկատմամբ՝ ջրհեղեղ, երաշտ, կարկուտ, հորդառատ անձրև և ուժեղ քամիներ, սելավներ, հողալվացում և հողի դեգրադացիա, անտառային հրդեհներ, աղբյուրների ցամաքում։ Կլիմայի փոփոխության հետևանքներն ազդում են գյուղատնտեսության վրա։ Նվազում է բերքատվությունը, արտովայրերի կերային ծածկույթը, տուժում է անասնապահությունը, մեղվապահությունը։ Անցյալ տարի Լոռու մարզի բազմաթիվ բնակիչներ տուժեցին Դեբեդ գետի վարարումից առաջացած ջրհեղեղի պատճառով։ Այս տարի ուժեղ քամիներն էին վնասներ հասցրել։ Հիդրոօդերևութաբանական պայմաններն անկանխատեսելի են և կարող են կտրուկ փոփոխվել։

Ըստ Էկոլուրի ուսումնասիրության՝ Փամբակ համայնքը չունի բավարար ֆինանսական միջոցներ կլիմայական ծրագրերի իրականացման համար։ Չկան մասնագետներ, ովքեր կարող են մշակել հարմարվողականության և ﬔղմման միջացառումներ։ Սուբվենցիոն և զարգացման ծրագրերում բացակայում է կլիմայական և կայուն էներգետիկ միջոցառումների պլանը։ Բնակչության տեղեկացվածության մակարդակը ցածր է։ Համայնքին անհրաժեշտ է կլիմայական վտանգների վաղ ազդարարման արդի համակարգ, կարկտապաշտպան համակարգ, ոռոգման արդի համակարգ։ Սա խթան կլինի զարգացնելու գյուղատնտեսությունը, որից շատերը հրաժարվում են կլիմայական ռիսկերի պատճառով։

Կլիմայական մարտահրավերների և էներգետիկ աղքատության հաղթահարման նպատակով առաջարկվում է՝

  • համայնքային նշանակության արևային կամ հողմային կայանի կառուցում
  • անտառապատում
  • գեոմեմբրանային ջրամբարների կառուցում
  • կոշտ կենցաղային թափոնների տեսակավորում ու վերամշակում
  • Արջուտի աղբավայրի և ինքնակամ աղբակույտերի չեզոքացում ու նոր սանիտարական աղբավայրի կառուցում։

Կլիմայական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է միջազգային դոնոր կազմակերպությունների և «կանաչ» հիմնադրամների ֆինանսական աջակցությունը։

Վիկտորյա Բուռնազյանը նաև ներկայացրեց Էկոլուրի կողմից մշակված «Տեղական մակարդակում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների իրականացման» ուղեցույցը, որը կնպաստի համայնքում և դրա կազմում ընդգրկված բնակավայրերում կլիմայական ռիսկերին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը։ Ուղեցույցը մշակվել է ՄԱԶԾ «Հայաստանի կլիմայական խոստում» ծրագրի աջակցությամբ։

Շարունակելի

Հուլիս 11, 2025 at 17:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր