

ԷկոԼուր
Կապանի ընդհանուր իրավասության դատարանը ընդունել է Կապանի 22 բնակիչների անունից «Էկոլոգիական ավտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացրած հայցն ընդդեմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի: Հայցով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին պահանջ է ներկայացվում` պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները եւ վերացնել մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող պատճառները:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային բնապահպանական պետական տեսչության առաջ բազմիցս բարձրացրել է Կապան քաղաքի ջրամատակարարման համակարգի վատ վիճակի հարցը: Խմելու ջուրը քաղաքում գործնականորեն պիտանի չէ օգտագործման համար եւ բազմիցս մի քանի շրջաններում դարձել է հիվանդությունների բռնկման պատճառ:
Քանի որ պետական կառույցները չեն արձագանքում ահազանգերին, բնակիչները ստիպված են հասարակական կազմակերպության միջոցով դիմել դատարան:
Առաջին նիստը նշանակված է սույն թվականի դեկտեմբերի 22-ին:
Հոկտեմբեր 28, 2010
