ԵԹԵ ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՇԱՏ ՋՈՒՐ ՈՒՆԵՆՔ, ԱՊԱ ՏՎԵՔ ԱՅՆ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

ԵԹԵ ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ՇԱՏ ՋՈՒՐ ՈՒՆԵՆՔ, ԱՊԱ ՏՎԵՔ ԱՅՆ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻՆ

ԷկոԼուր

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակության հետ նոյեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել է խմելու ջրի ԱՄԷ արտահանելու հարցը:

Հարց է առաջանում, թե ինչ խմելու ջուր կարող է արտահանել Հայաստանը, երբ իր գյուղերը տառապում խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունից: Հայաստանի ամենախիտ բնակեցված տարածաշրջանի` Արարատյան դաշտավայրի գյուղերը կանգնած են անապատացման եզրին` բազմաթիվ ձկնաբուծարանների պատճառով:
 
Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչները խմում են «Մուլտի Գրուպ» ընկերությանը պատկանող ոսկու հանքից եկող ջուրը: Վայոց Ձորի Ելփին համայնքը բացի ջրի մեկ աղբյուրից չի կարողանում այլ աղբյուրներից օգտվել, քանի որ դրանք իրենց վնասկար բաղադրություններով կվտանգեն մարդկանց կյանքն ու առողջությունը:

Լեռնահանքային արդյունաբերության զարգացման պայմաններում թունավոր նյութերով են աղտոտվում Դեբեդը, Ողջին, Սոտքը, Ախթալան, Մասրիկը  եւ այլ գետեր: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի արդյունքում վերացման վտանգի տակ են 4 գետեր:

Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ապօրինի ՀԷԿ-ի կառուցման պատճառով ստորգետնյա աղբյուրները այլեւս չեն թափվում գետի մեջ, այլ լցվում են 2 կմ երկարարությամբ խրամուղի մեջ եւ կորչում:

Սեւանա լիճը համարվում է Կովկասի քաղցրահամ ջրի ամենախոշոր շտեմարանը, բայց որպեսզի լճի ջուրը ինքնամաքրման ենթարկվի եւ խմելու համար պիտանի դառնա, պետք է լճի մակարդակը բարձրանա: Մինչ օրս Սեւանա լճի ինքնամաքրման գործընթացը չի կատարվում, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ ջրի բացթողումների ծավալները մեծանում են եւ լճի մակարդակը իջել է:  Սեւանա լճի մեջ են թափվում ոչ միայն քաղաքների, այլ լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերը, Սոտքի ոսկու հանքավայրից դուրս եկող ծանր մետաղներով լի Սոտք եւ Մասրիկ գետերը,  քամու հետ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրի քրոմ պարունակող փոշին, «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող Արդանիշ արգելոցային գոտուց արդյունահանվող ցեմենտը:

Ջրի խնդրով է զբաղվում Հայաստան համահայկական հիմնադրամը, որը դրամահավաք է կազմակերպում ողջ հայության շրջանում, որպեսզի լուծի Արցախի գյուղերի ջրի հարցը:

Ի՞նչ ջուր կտրվի Արցախին, ի՞նչ ջրով կապահովվեն Հայաստանի գյուղերը, եւ ո՞վ է մտադիր շահ ստանալ ԱՄԷ-ին ջուր վաճառելուց:

Նոյեմբեր 04, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր