Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայով

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայով

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար ընդունվում են լրացուցիչ՝ 720 տոննայի հայտեր։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ առաջարկը հիմնված է Սևանա լճում իրականացված գիտական հետազոտությունների տվյալների վրա։

Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունը⁠

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է 2026 թվականի ընթացքում Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի առավելագույն քանակը 550 տոննայից հասցնել 1270 տոննայի։ Այսինքն՝ գործող չափաքանակին նախատեսվում է ավելացնել ևս 720 տոննա։
Նշենք, որ 1270 տոննան այս պահին առաջարկվող չափաքանակ է և դեռևս չի հանդիսանում գործող իրավական նորմ։ Փոփոխությունը նախատեսվում է կատարել կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման մեջ։


Տարեսկզբին թույլատրվել էր 550 տոննա սիգի որս

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշմամբ՝ «2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին», սիգի արդյունագործական որսի թույլատրելի առավելագույն քանակը սահմանվել է 550 տոննա։

ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշումը՝ ARLIS-ում⁠

Որոշման հավելվածի համաձայն՝ արդյունագործական որսի համար թույլատրելի սիգի չափը սահմանվել է առնվազն 30 սանտիմետր։ Որսի և կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետը սահմանվել է 2026 թվականի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։ Նախաձվադրային-ձվադրման ժամանակահատվածը որոշմամբ սահմանված է նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։
Նույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում կարասի և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Որոշման փոփոխության նախագիծը՝ e-draft.am-ում

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի սկզբին 550 տոննա արդյունագործական որսի չափաքանակի սահմանման հիմքում եղել են «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2025 թվականին իրականացված հետազոտությունների արդյունքները։ Դրանց հիման վրա գիտական կենտրոնն առաջարկել էր 2026 թվականի սիգի արդյունագործական որսի չափաքանակը սահմանել 550 տոննա:
Նոր փոփոխության հիմքում, ըստ նախագծի հիմնավորման, 2026 թվականի ամռանը Սևանա լճում իրականացված հետազոտությունների հաշվետվությունն է, ըստ որի՝ 2026 թվականի հուլիսի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա, իսկ գիտական կենտրոնը 2026 թվականի համար առաջարկել է ևս 720 տոննա արդյունագործական որսի չափաքանակ։
Այսպիսով, նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի ընդհանուր քանակը կկազմի 1270 տոննա՝ 550+720։

Նախագիծը E-Draft⁠-ում հրապարակվել է սեպտեմբերի 29-ին և նախատեսված է հանրային քննարկման համար մինչև հոկտեմբերի 19-ը։ Այն արդեն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։


Ովքե՞ր կարող են ներկայացնել հայտ

Շրջակա միջավայրի նախարարության հայտարարության համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել նախարարություն մինչև 2026 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ։

Դիմումն ու հայտաձևը՝ ՇՄ նախարարության կայքում⁠

Պայմանագրերի գործողության ժամկետը նախատեսվում է սահմանել պայմանագրի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի մեկնարկը։ Սիգի որսը թույլատրվում է Սևանա լճի ամբողջ տարածքում՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։


Սահմանված են որսի միջոցների սահմանափակումներ

Նախարարության հրապարակած պայմանների համաձայն՝ արգելվում է սիգի որսն իրականացնել այնպիսի ձկնորսական ուռկաններով (ցանցերով), որոնք պատրաստված են հանգուցային, մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից և ունեն սահմանված պահանջներին չհամապատասխանող չափեր։
Մասնավորապես, արգելվում են ցանցերը, որոնց թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս է, ցանցավանդակի չափը՝ 80 մմ-ից պակաս, իսկ ցանցավանդակի կառուցողական քայլը՝ 40 մմ-ից պակաս։

Հոկտեմբեր 09, 2026 at 15:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր