

Հայաստանում ջրի և գյուղատնտեսական հողերի կառավարման գործառույթների միավորմանն ուղղված ինստիտուցիոնալ փոփոխություն է նախատեսվում։ Ջրային կոմիտեն կվերանվանվի Հողի և ջրի կոմիտե և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից կտեղափոխվի ՀՀ կառավարության ենթակայություն։
Հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթին։ Նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ նորաստեղծ Հողի և ջրի կոմիտեն (ՀՋԿ) կստանձնի ջրային համակարգերի կառավարման գործող գործառույթները, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի կառավարմանն առնչվող որոշ լիազորություններ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացմամբ՝ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ջրային ոլորտի զարգացման և գյուղատնտեսական հողերի արդյունավետ կառավարման խնդիրների փոխկապակցվածությամբ։ Մասնավորապես, հողերի մշտադիտարկման և արդյունավետ կառավարման որոշ գործառույթներ ներկայումս իրականացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
Կառավարությունը վստահեցնում է, որ նոր կառույցի ձևավորումը հնարավորություն կտա համակարգված մոտեցում ցուցաբերել ջրային ենթակառուցվածքների զարգացման, խմելու և ոռոգման ջրի մատակարարման, ջրի մաքրման կայանների գործունեության և գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման հարցերին։
Ջրի կառավարումից մինչև հողերի արդյունավետ օգտագործում
Ջրի և հողի կառավարման գործառույթների համադրումը դիտարկվում է որպես գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Ոռոգման ենթակառուցվածքների զարգացումը, ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխումը և հողերի նպատակային օգտագործումը փոխկապակցված խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում։
Վերջին ամիսներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար անդրադարձել է ոռոգման ջրի և գյուղատնտեսական հողերի չմշակման խնդիրներին՝ նշելով, որ ջրային ոլորտում ներդրումները պետք է էականորեն ուղղված լինեն ոռոգման տեխնոլոգիաների զարգացմանը: Ըստ վարչապետի՝ ջրի կառավարման քաղաքականությունը պետք է ուղղված լինի այն տարածքներին ջուր հասցնելուն, որտեղ հնարավոր է արդյունավետ գյուղատնտեսություն իրականացնել։
Կառավարության այս մոտեցումը ենթադրում է ո՛չ միայն ջրային ենթակառուցվածքների ընդլայնում և արդիականացում, այլև ջրային ռեսուրսների օգտագործման ու գյուղատնտեսական հողերի կառավարման միջև առավել սերտ կապի ձևավորում։
Միաժամանակ, կառավարման գործառույթների միավորումն ինքնին դեռևս չի երաշխավորում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում կամ չմշակվող հողատարածքների կրճատում։ Արդյունքները կախված կլինեն նոր կառույցի լիազորությունների հստակեցումից, կառավարման մեխանիզմներից, ֆինանսական և մարդկային ռեսուրսներից, ինչպես նաև ոլորտային քաղաքականության իրականացման արդյունավետությունից։
Ի՞նչ է փոխվելու կառավարման համակարգում
Կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Դրա ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի մշակել Հողի և ջրի կոմիտեի նոր կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը՝ դրանք ներկայացնելով կառավարության հաստատմանը։
Այս փուլում առանցքային նշանակություն կունենա նաև տարբեր պետական մարմինների միջև լիազորությունների հստակ տարանջատումը։ Հատկապես կարևոր է պարզել, թե ինչպես են բաշխվելու ջրային ռեսուրսների կառավարման, ջրային համակարգերի շահագործման, հողերի մշտադիտարկման և գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման հետ կապված գործառույթները։
Հողի և ջրի կառավարման ինտեգրված մոտեցման արդյունավետությունը գնահատելու համար կարևոր կլինեն ո՛չ միայն իրականացված ծրագրերն ու ներդրումները, այլև դրանց չափելի արդյունքները՝ ջրային կորուստների կրճատումը, ոռոգվող հողատարածքների ավելացումը, ջրի հասանելիության բարելավումը և ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը։
Այսպիսով, Ջրային կոմիտեի վերանվանումը և ենթակայության փոփոխությունը պետական կառավարման համակարգի վերակազմավորման շրջանակում նախատեսվող քայլեր են, որոնց իրական նշանակությունը պարզ կդառնա օրենսդրական փոփոխությունների ընդունումից և նոր կառույցի գործառնական գործունեության մեկնարկից հետո։
Հոկտեմբեր 02, 2026 at 17:04
