

Քրիստինե Աղալարյան, Հետք
Եթե այսպես շարունակվի, մոտ 10 տարի հետո ինքնաշատրվանվող արտեզյան հոր այլեւս չի լինի
Կառավարությունն այս տարվա ամռանը որոշում է կայացրել` մոտ 250 մլն դրամ տրամադրել 3 տարվա ընթացքում Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները վերագնահատելու համար: Հետազոտությունները կսկսվեն հունվարի 1-ից, երբ ֆինանսավորումն արդեն հատկացված լինի: «Հետքն» արդեն անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրերի սպառման վտանգին եւ ձկնաբուծական տնտեսությունների կողմից առանց ջրաչափի քաղցրահամ ջրերի օգտագործմանը:
Բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է իրականացնելու ուսումնասիրությունը եւ վերագնահատումը: Մոնիտորինգի կենտրոնը գործում է 4 տարի: Ջրային պաշարների եւ նախատեսված ուսումնասիրության շուրջ զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչատուր Ղարաբաղցյանի եւ հիդրոերկրաբանական բաժնի պետ, գլխավոր հիդրոերկրաբան Հովիկ Աղինյանի հետ:
Ինչպե՞ս եք գնահատում Արարատյան դաշտավայրի քաղցրահամ ջրերի պաշարները:
Հ. Աղինյան: Հայտնի է, որ Արարատյան արտեզյան ավազանը բնորոշվում է իր բարդ երկրաբանական կառուցվածքով: Մեզ համար պարզ է, որ Արարատյան արտեզյան ավազանում որակյալ ստորերկրյա ջրերը տեղադրված են նրա հյուսիս-արեւմտյան մասում կամ Հրազդան-Մեծամոր միջգետային տարածքում: Մնացած տեղամասերում` դեպի հարավ-արեւելք, ունենք 1 գրամ/ լիտրը գերազանցող ընդհանուր հանքայնացման ստորերկրյա ջրեր, որոնք օգտագործվում են ոռոգման եւ տնտեսական այլ նպատակներով: Բացի որակից` յուրաքանչյուր սուբյեկտ կամ օբյեկտ, իրավաբանական կամ ֆիզիկական անձ աշխատում է ստորերկրյա ջուրն օգտագործել այն տեղամասերում, որտեղ հեշտ է ստացվում, տնտեսապես ձեռնտու է, այդ իսկ պատճառով որակյալ ջրերի տարածման շրջանում ունենք ինքնաթափ գոտիներ, այսինքն` պոմպի տեղադրման, էներգիայի ծախսի կարիք չկա: Բայց դրանք հետզհետե գնում են դեպի սպառում, որովհետեւ այդտեղ ավելի հեշտ են ստացվում ջրերը, եւ այդտեղ կենտրոնացվեցին նաեւ ձկնաբուծական տնտեսությունները: Դրանք Գայ-Հայքաշենի նախկին հանքավայրի տարածքում են, Հովտաշատ, Հայկաշեն, Արաքս, Ջրառատ, Ապագա, նույնիսկ որոշ տեղամասերում` Առատաշենում, արդեն իջել են, եւ այլեւս շատրվաններ չկան: Նույնիսկ երկրի մակերեւույթից 40 սմ ցածր են իջել, իսկ մի ժամանակ շատրվանել են: Այսինքն` Արարատյան արտեզյան ավազանի տարածքում ստորերկրյա ջրերն անհավասարաչափ են շահագործվում:
Անհավասարաչա՞փ, թե՞ անխնա:
Չէի ասի` անխնա, կասեի` անհավասարաչափ, այսինքն` չափից, նորմայից դուրս: Սովորաբար, մենք պետք է ունենանք ջրառի քարտեզներ: Այսօրվա հետազոտությունների հիմնական իմաստն այն է, որ իմանանք` ինչ չափով ինչ ջրառ է կատարվում: Աշխարհում չկա այդպիսի մի տարածք, որտեղ 1 ք/կմ-ից ջրառը կազմի ավելի քան 1000 մ/վ: Այդտեղ են կենտրոնացվել ձկնաբուծական հիմնական տնտեսությունները: Եվ տնտեսական շահավետ նկատառումներով այդ տեղամասում են քաղցրահամ ջուրն օգտագործում, որը տեղիք է տվել ստորերկրյա ջրերի սպառմանը: Վտանգ է սպառնում նաեւ մեր հետագա սերունդներին, քանի որ դա միակ հեռանկարային որակյալ ջրերի հանքավայրն է, որը կարող էր օգտագործվել խմելու ջրամատակարարման համար: Այդ իսկ պատճառով այդ հետազոտությունները նախատեսվել են, եւ անհրաժեշտություն էր, ուղղակի օրական պահանջ` մեր հետագա սերնդին բավարարելու եւ հանքավայրը պահպանելու համար:
Ինչո՞ւ է վերագնահատվում 25 տարին մեկ, այլ ոչ թե, ասենք, 5:
Խ. Ղարաբաղցյան: Պետք է պատճառ լինի, գիտականորեն պիտի հիմնավորվի, պրակտիկորեն պետք է երեւա, որ այդտեղ ջրերը պակասեցին, ջրերը փոխվեցին, հանքայնությունը փոխվեց: Այսինքն` ինչ-որ լուրջ փոփոխություն պետք է լինի, որ առաջանա վերագնահատման անհրաժեշտություն:
Հիմա՞ է միայն առաջացել:
Մեր հիդրոերկրաբանների կարծիքով` առաջացել է, որի մասին Կառավարությունը գիտի եւ որոշում է կայացրել: Հիմա ֆինանսական աղբյուրներն են փոփոխվում, դրա համար ձգձգվում է, վերագնահատումը կարվի արտաքին միջոցների եւ այլ աղբյուրների հաշվին: Ուսումնասիրությունները դաշտային պայմաններում տեւում են առնվազն մեկ տարի, որպեսզի ընդգրկվեն սեզոնային բոլոր ցիկլերը, որովհետեւ բոլոր կարգի արտեզյան ստորերկրյա ջրերը ունենում են նվազագույն եւ առավելագույն քանակ (դեբիտ), ասենք` աշնան, գարնան, ձմռան սեզոններին: Ստորերկրյա ջրերը Աստծու տված են, մեծ մասը` 80-90 տոկոսը, գալիս է երկնքից` անձրեւներից, ձնհալից եւ այլն, մնացած մասը` մակերեւութային ջրերի ինֆիլտրացիայից: Դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարել: Այդ ուսումնասիրություններից հետո նոր վերագնահատվում են պաշարները: Սովետական տարիներին 400-600 հորատանցքեր են ուսումնասիրվել. ինչքան շատ լինեն ուսումնասիրության կետերը, այնքան ավելի պարզ կլինեն արդյունքները: Այսօրվա դրությամբ, ֆինանսական պատճառներով ամբողջ հանրապետությունում ընդամենը 63 հորատանցք է ուսումնասիրվելու, իսկ միայն Արարատյան դաշտավայրում կա մոտ 4000 հորատանցք: Հիդրոերկրաբանությունը շատ թանկ հաճույք է. մարդկանց ամեն քայլը փող արժե: Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր հորատանցքում ուսումնասիրվում կամ գրանցվում է ջրի դեբիտը` քանակը, ջրի ջերմաստիճանը, լաբորատոր ուսումնասիրության համար նմուշառում է կատարվում` պարզելու ամբողջ 500 մետր շառավղով տեխնածին ազդեցությունն այդ ջրերի վրա:
Եթե այսպես շարունակվի, քանի՞ տարի հետո կսպառվի քաղցրահամ ջրերի պաշարը:
Հ. Աղինյան: Եթե այսպես շարունակվի, երեւի թե մինչեւ 10 տարի ինքնաթափը կկորցնենք: Բայց դա չի նշանակում, որ ամբողջությամբ հորիզոնները կսպառենք, եւ այլեւս ջուր չի լինի: Կլինեն, բայց, սպառման վտանգից բացի, որակի վտանգ է սպառնում: Եթե տեղում ջուրը հանում են, կողքերը բարձր հանքայնացման ջրեր են, այստեղ ինչ-որ փոս առաջացավ, բարձր հանքայնացման ջրերը կգան, կլցվեն այստեղ: Խնդրեմ, կորցրինք:
Ավելի վտանգավոր վիճակում ո՞ր տարածքն է եւ ո՞ր մարզը:
Արմավիրի մարզի Արմավիրի իջվածքը կամ Հրազդան-Մեծամոր միջգետային տարածքը: Արարատյան արտեզյան ավազանի պաշարները վերջին անգամ հաստատվել են 1985 թվականին: Ընդհանուր առմամբ, շուրջ 93 խմ/վ, որից կարելի էր շահագործել 74 խմ/վ-ը, մնացածը կոչվում էր հեռանկարային, ուղղակի հետագայի ուսումնասիրության համար: Ընդ որում` 74 խմ/վ-ից հաշվարկված են մինչեւ 1 գ/լ, 1-3 գ/լ եւ 3 գ/լ-ից բարձր հանքայնացման ջրեր, այսինքն` մինչեւ 1 գ/լ-տ (խմելու ջուրը) բավականին սահմանափակ քանակ էր կազմում: Զարմանալի զուգադիպությամբ մեր ձկնաբույծներն ու իրենց ձկներն էլ են այս քաղցրահամ ջրերը սիրում: Այդ իսկ պատճառով քաղցրահամ ջրերը շատ են շահագործվում: Եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ խմելու, ոռոգման եւ ձկնաբուծության համար, ճնշող եւ առյուծի բաժինը գնում է ձկնաբուծությանը:
Այս վտանգավոր վիճակին ձկնաբույծնե՞րն են հասցրել, թե՞…
Այս վիճակին հասցրել է ոչ մասնագիտական մոտեցումը: Յուրաքանչյուր հորատանցք կամ ջրառն առնելու համար պետք է հիդրոերկրաբանի մասնակցությունը եւ կարծիքը լինի` կարելի՞ է, թե՞ չէ:
Խ. Ղարաբաղցյան: Խորհրդային կարգերից հետո, երբ փոխվեց երկրի կարգավիճակը, շատ ծառայություններ վերացան, այդ թվում վերացավ նաեւ հիդրոերկրաբանական մոնիտորինգի ծառայությունը, որի անհրաժեշտությունը կար եւ զգացվեց: Առանց հիդրոերկրաբանի միջամտության եւ եզրակացության` այլեւս ոչ մի հոր չի հորատվում: Վերջին երեք ամսում դա արգելվել է:
Չորս տարի է` գործում եք, ուրեմն ինչո՞ւ էին նախկինում հորատում` առանց այդ եզրակացության:
Առաջին երկու տարին մենք կազմավորման փուլում էինք, դրան հասնելու համար ստեղծվել են փաստաթղթեր, Կառավարության որոշում է ընդունվել: Երեք ամիս առաջ, երբ ամեն ինչ որոշվեց, այդ օրվանից ոչ մի հորատանցք առանց մեր եզրակացության չի եղել: Մենք հասել ենք նրան, որ մեր մասնագետների խոսքն անցնում է, բայց դեռ 50 տոկոսով, կամաց-կամաց կսովորեն: Իսկ մյուս 50-ն անցնում է` ում խոսքը որ պատահի: Դուք էլ, լինելով լրագրող, կարող եք գնալ եւ ասել, թե ինչու այստեղ չի արգելում:
Գործող ձկնաբուծական տնտեսությունների հորատանցքերն է՞լ եք ուսումնասիրելու:
Գնալու եւ չափումներ ենք անելու, թե քանի լ/վ ջուր է հոսում, նմուշ ենք վերցնելու լաբորատոր հետազոտության համար, որպեսզի հետագայում տանք, թե որ մակերեսի վրա որքան ջրառ է կատարվում: Եթե այս մեկում 30 լ/վ է, մյուսում` 1000 լ/վ, մենք առաջարկություններ կանենք, թե որտեղ սահմանափակել, որտեղ` արգելել:
Ի՞նչ լուծում եք առաջարկում:
Հ. Աղինյան: Կառավարությունն արդեն արգելել է ինքնաթափի գոտում հորատելը: Ճիշտը կլինի այն, որ արտեզյան ավազանի հանքավայրը հավասարաչափ շահագործվի: Բայց կախված արտադրական ուժերից եւ տնտեսական ճյուղերից` մի տեղ շատ են կենտրոնացված, հետեւաբար այնտեղ շահագործումը շատ կլինի, մի տեղ` քիչ, հետեւաբար քիչ կօգտագործվի: Եվ պետք է շահագործել` կախված որակից, եթե որակյալ ջրեր ունենք, ուրեմն պահենք խմելու համար: Դրա փոխարեն մենք ունենք երեք հորիզոն. եթե որակյալ ջրերը տեղադրված են ստորին հորիզոնում, այսինքն` երրորդ հորիզոնում, ապա գրունտային հորիզոնը կարելի է ոռոգման համար օգտագործել:
Հովտաշատ, Հայանիստ, Գրիբոյեդով եւ այլ գյուղերում արդեն ահազանգում են, որ ջուր չունեն:
Այդ գյուղերում այնքան ջուր կա, որ մեկ կմ անցնելուց հետո միայն կարող ենք ցամաքուտ հասնել, այնքան ջուր կա` ցամաքային եւ գրունտային, ուղղակի պետք է պոմպեր օգտագործեն, էլեկտրաէներգիա պետք է ծախսեն, իսկ ինքնաթափ օգտագործելու համար պոմպի կարիք չկա, եւ էժան է: Իսկ նրանք չեն մտածում, որ այդ խորը հորիզոնի ջուրը խմելու համար պետք է պահեն: Ջուրը պետք է նպատակային օգտագործել: Այո, ավելի լավ է գրունտային ջրերը պոմպերով օգտագործել, քան թե մեր սերունդները վաղը կամ մյուս օրը մնան առանց խմելու ջրի: Դրենաժային կանալներում լիքը ջրեր են, որոնք պետք է ոռոգման համար օգտագործվեն:
Մոտավորապես որքա՞ն են նվազել ջրի պաշարներն Արարատյան դաշտավայրում:
Չի կարելի ասել, որ նվազել են: Պաշարները նորմայից շատ հանելու պատճառով սպառվում են: Յուրաքանչյուրը, այդ թվում նաեւ ստորերկրյա ջուր, ունի նորմայի չափ: Եթե չափն անցնում ենք, այն սկսում է հյուծվել: Չեմ կարող ասել, թե ինչքան է հյուծվել Արարատյան դաշտավայրը. դա ցույց կտան մեր ուսումնասիրության արդյունքները: Բավականին մութ է մեր ապագա ջրամատակարարման պատկերը. եթե հանկարծ մեր պլանավորող օրգաններն ասեն, թե 2050-ին տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է, որ ավելացնեն 50 կամ 20 մ/վ ջուր, դա բավականին բարդություններ կառաջացնի: Այդ իսկ պատճառով մենք այսօրվանից պետք է մտածենք մեր վաղվա մասին:
Նոյեմբեր 18, 2010
