

Արմինֆո
ՀՀ բնապահպանության նախարարության դեմ դատական հայց են ներկայացրել:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է «Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, հայցի համար առիթ է դարձել նախարարության կողմից Ողջի գետի պահպանմանը և մաքրմանը նպատակաուղղված միջոցառումների չկատարումը:
Նա նշել է, որ Ողջին աղտոտվում է լեռնահանքային գործունեության արդյունքում, ինչի վերջին օրինակը վթարն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքամնացուկների պահեստարանում: Արդյունքում` գետն է լցվել 50 տոննա թափոն:
Ինչպես նշում են էկոլոգները, ձեռնարկության թափոնները պարունակում են քիմիկատներ, որոնք օգտագործվում են հանքահարստացման ժամանակ: Բացի այդ, դրանցում պարունակվում են մետաղներ, որոնք համարվում են թունավոր շրջակա միջավայրի և առողջության համար (պղինձ, մոլիբդեն, ինչպես նաև այնպիսի խառնուկներ, ինչպես ռենիումը, սելենը և տելուրը): Տեղի բնակիչների ասելով, կանոնավոր կերպով Ողջի գետն են թափվում կոյուղահոսերը:
«Հայցը մենք ներկայացրել ենք նոյեմբերին, սակայն Վարչական դատարանը դեռ այն վարույթ չի ընդունել», - հաղորդել է Ղազարյանը:
Դեկտեմբեր 14, 2010
