«ՋԵՐՄՈՒԿԸ» «ՇԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ». ՋՐՈՎ ԷԼ ԿԶԱՐԳԱՆԱՆՔ

«ՋԵՐՄՈՒԿԸ» «ՇԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԻ». ՋՐՈՎ ԷԼ ԿԶԱՐԳԱՆԱՆՔ

Հրապարակ

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտմտում է Հայկական լեռնաշխարհի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ այդ նպատակով թափանիվի դերակատարում ունեցող նոր ոլորտների կամ իր սիրած կլաստերների փնտրտուքի շուրջ, հարազատ Հանրապետականը նրան օգնության ձեռք է մեկնում` մատնանշելով որոնվող «ոսկու կարասի» տեղը:

Ճիշտ է, հուշարարը, նույն ինքը` ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, թաքնված ակնարկ է անում ոչ այն է՝ կառավարության, ոչ այն է` վարչապետի «ընկալունակության հասցեին», համեստաբար «մենք» ասելով, այդուհանդերձ, տնտեսությունն առողջացնելու կամ, ինչպես ինքն է նկատել` «գլոբալ ձեռքբերումների» շարժիչը գտնված է: Հույս ունենք, որ վարչապետն այս «բարեբաստիկ նորությանն» անձամբ կանդրադառնա խելքը գլխին մի դասախոսությամբ, իսկ մինչ այդ ընթերցողի համար ինքներս մանրամասնենք «ոսկու կարասի» ինչ լինելը:

«Հայաստանի համար գլոբալ ձեռքբերումներ կլինեն մի քանի տարի անց, երբ մենք հասկանանք, որ ասվածը, թե՝ «Հայաստանը ջրի ֆուժեռ է», ոչ միայն իրականություն է, այլեւ եկամտի լուրջ աղբյուր»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Հիշեցնելով, որ մենք նույնպես գտնվում ենք այն երկրների ցանկում, որոնք «գտնվում են ծովի մակերեւույթից բավականաչափ բարձր եւ ունեն խմելու ջրի լուրջ պաշարներ, ինչպես նաեւ հանքայնացված ջրեր», պատգամավորը նշել է, որ «շատ երկրներ, դրանց թվում` Ռուսաստանը, ջրի խնդիրն արդեն այսօր ընդգրկել են տնտեսական քաղաքականության մեջ»: Հետո էլ հավելել է, թե «քանի որ ջրի գինը գնալով նավթից թանկանում է», ուստի «Հայաստանի քաղաքական տնտեսությունն իր զարգացման համար պետք է հաստատի «Ջուր» ծրագիրը, որով էլ օրենսդրորեն կկարգավորվի մեր ջրային արտադրանքի արտահանման խնդիրը»: Ավելին` Աղաբաբյանը համոզված է, որ «մի քանի տարի հետո, ճիշտ քաղաքականության շնորհիվ, ջուրը կլինի բյուջեի հարստացման հիմնական խթանը»:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ մի հավկիթի թանկացման համար «չարչարվող ու պատճառը չգտնող» մեր կառավարությունը, համապատասխան հանձնաժողովն ու ԱԺ-ն պիտի հասնեն նրան, որ «օրենսդրորեն ջրի անհարկի բարձր ինքնարժեքը նվազեցվի, որպեսզի Հայաստանը միջազգային շուկայում վերջապես մրցակից դառնա, առավել եւս, որ մեր ջուրը համապատասխանում է «առողջ ջուր» հասկացությանը»: Իբրեւ ալտերնատիվ ճանապարհ` առաջարկվում է նաեւ «ջրային պաշարներն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու եւ այլ նպատակների համար»:  «Եթե միջազգային շուկայում հայ արտադրողը կարողանա վաճառել, ասենք, 1 վայրկյանում 1000 լիտր ջուր, դրա միայն շահութահարկի գծով, մեր այսօրվա բյուջեն կրկնակիով կհարստանա»,- ամփոփել է պատգամավորը, ով պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` դրանում արտացոլելով իր նշած բոլոր թեզերը:

Ցավոք, մեր բոլոր փորձերը` կապվել պատգամավորի հետ, ապարդյուն եղան. նա մշտապես անհասանելի էր: Բայց դա չի նշանակում, թե մենք պիտի չանդրադառնայինք սովորաբար լռակյաց եւ իր պատգամավորական կենսագրության մեջ առանձնապես «անակնկալ մտքի փայլատակումներ» չարձանագրած Աղաբաբյանի մտքի սույն թռիչքին: Մանավանդ որ սրա հետ շատ հետաքրքիր մի պատմություն է կապված, եւ վախենանք, որ պատգամավորը, ով հանրությանը հայտնի է «Բուռնաշ» մականունով, ինչ-որ կերպ կապված է դրա հետ լոբբինգի մակարդակում: Չի բացառվում նաեւ, որ պարզապես Աշոտ Աղաբաբյանն էլ է միացել Տիգրան Սարգսյանի եւ Արմեն Աշոտյանի «բախչեն քար նետողներին»…

Պարզաբանենք: Բանն այն է, որ դեռեւս այն ժամանակ, երբ Դաշնակցությունն էլ էր ներկայիս կառավարության կոալիցիոն գործընկերն իր կրթության եւ գիտության` Սպարտակ Սեյրանյան նախարարով, եւ երբ վարչապետը «մուննաթ էկավ» Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, իբր` կոչված եք մեզ խորհուրդներ տալ, բայց պարապ նստած եք, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը առնվազն յոթ խորհուրդ-ծրագիր է մշակում կառավարության համար, որոնցից մեկն էլ հենց այս «Ջուր» ծրագիրն էր, իսկ մնացածը լեռնահանքային արտադրության կազմակերպմանն էր վերաբերում: Վարչապետը կարդացել էր ու… լռել: Որոշ ժամանակ անց, սակայն, նույն լեռնահանքային արտադրության կազմակերպման մասով դաշնակցական նախարարին գրություն էր ուղարկել, թե` հանձնարարեք ավելի մանրամասն գրեն, ու թե բան դուրս գա` բյուջեից տող հատկացնենք: Գիտնականներն էլ գրել էին, սակայն… եկել էր Աղաբաբյանի կուսակից` հանրապետական նախարար Աշոտյանն ու ջրով-հանքով, ինչ կա-չկա` մերժել-մի կողմ շպրտել:

Եվ ուրեմն, ինչ էր ինձ մնում անել, քան կրկին գիտնականներին դիմել: Ցավոք, երկու օր շարունակ Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում ոչ տնօրեն Վլադիմիր Հարությունյանին գտանք, ոչ փոխտնօրենին եւ ոչ նույնիսկ գիտքարտուղար տիկին Ալվարդին: Վերջը քարտուղարուհին մեզ խղճաց, միացրեց երկրաբան Հրաչյա Ավագյանի հետ, ով, պարզվեց, ծրագրի մասնակիցներից է եղել եւ, բարեբախտաբար, 120 էջանոց մի աշխատություն ունի այս թեմայով:

- Մենք իսկապե՞ս այդքան ջրային պաշարներ ունենք, որ կարող ենք առատորեն արտահանել, արդյո՞ք սա հին` «մենք մեր «Ջերմուկով» էլ կապրենք» թեզի կրկնությունը չէ:

- Գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր ունեցած եւ արդեն հաստատված ջրային պաշարներն ու դեռեւս չհաստատված ռեսուրսները ներքին սպառման համար լիովին բավարար են: Խնդիր ունենք միայն նվազեցնել կորուստները, ինչի մասով ես ցուցումներ եմ տվել իմ գրքում` մատնանշելով եղանակները, նաեւ` խնայողաբար վարվել ոռոգման ջրերի նկատմամբ, որ այսօր ամենամեծ` տարեկան մոտ 800-900 խմ է կազմում, ու կուտակել դրանք հատուկ ամբարներում: Բայց նույնիսկ առանց դրա այսօր էլ ի վիճակի ենք լիտրը 1 դոլարով ջուր արտահանել եւ լուրջ շահույթներ ստանալ, այո՛: Ի վերջո, չնայած գլոբալ տաքացման հետ կապված մեզ մոտ էլ կարող են ջրի պաշարները նվազել, բայց, ամեն դեպքում, ջուրը վերականգնվող ռեսուրս է: Համենայնդեպս, գիտական աշխարհում համոզվածություն կա, որ ջուրը ոսկի է, եւ իսկապես, որոշ ժամանակ անց մեկ լիտր ջուրն ավելի թանկ կարժենա, քան նույնքան պղինձը, կապարը, նավթը նույնիսկ:

- Իսկ եթե կոնկրետ թվերով խոսե՞նք: Ո՞ւր, ի՞նչ քանակությամբ, որքա՞ն շահույթի մասին է խոսքը, շրջափակման պայմաններում որքա՞ն են ավելանալու ծախսերը, ինչո՞ւ հենց 1 դոլարով պիտի վաճառվի:

- Գիտեք, դժվար բան եք հարցնում. նախ` այս ծրագիրն այսօրվան չի վերաբերում, քանի որ շրջափակման պայմաններում ծրագիրն իսկապես մրցունակ լինել չի կարող: Բացի այդ, լուրջ մարկետինգ է պետք անել` կախված նաեւ պահանջարկից: Սակայն երբ Իրան-Հայաստան երկաթուղին կառուցվի, մենք ակնհայտորեն կարող ենք մեծ քանակությամբ ջուր արտահանել Իրան եւ արաբական երկրներ, որոնք իսկապես լավ ջրի կարիք ունեն եւ այսօր վատորակ ջուր են խմում` լիտրը 25 սենթով: Կարծում եմ` մասամբ նաեւ կարող ենք Եվրոպայում հաջողություն ունենալ. շվեյցարացիք, օրինակ, հոդված էին գրել այդ մասին: Իսկ գնի շուրջ ես եմ այդպես մտածում, դրանից ո՛չ պակաս:

- Բայց ինչքանո՞վ եք վստահ, որ երկաթուղին կկառուցվի` մեկ, հաշվե՞լ եք արդյոք թուրքական սահմանի բացման պարագան` երկու:

- Թուրքիան ինքը ջուր ունի եւ դժվար թե արտահանման կարիք լինի, իսկ եթե դեպի Եվրոպա էժան ելքը նկատի ունեք, էլի պիտի ճանապարհը բաց լինի, մարկետինգը` արված, որ կոնկրետ թիվ ասեմ Ձեզ:

- Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ դրսում հատկապես մեր ջուրն է մրցունակ լինելու, եթե այժմ, անգամ առանց տրանսպորտային եւ մնացած լուրջ ծախսերի, ներքին սպառողի՛ն են լիտրը 200 դրամով ջուր վաճառում:

- Դե դա արդեն գնացեք կառավարությանն ու արտադրողին հարցրեք: Որովհետեւ մեզանում ոչ մի տնտեսագիտական կանոն չի աշխատում, չկա՛…

- Ճի՞շտ է, որ ձեր «Ջուր» ծրագիրը հենց հանրապետական Արմեն Աշոտյանն է մերժել:

- Ես չեմ ուզում նման հարցերի մեջ մտնել, բայց, այո՛, ճիշտ եք լսել` մեզ կառավարությունը մերժել է` առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու: Եվ դա այն դեպքում, երբ իրենք էին առաջարկել աշխատել…

Ահա: Թե հիմա ինչ եզրակացություններ  կարելի է այստեղից անել, թող Աղաբաբյանը, իր կուսակից նախարար Աշոտյանն ու այս երկուսի կուսակից՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անեն: Բայց որ երեսպաշտությունը «ելել բոլորին ուտում է», ակնհայտ է: Մարդիկ ձեւ են անում, իբր աշխատում են, հետո իրենք իրենց մերժում են, հետո նոր դարակազմիկ մտքեր են ասպարեզ բերում ու այդպես անգործ նստում…

Փետրվար 01, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր