

Արմենպրես
Եվրոպայի հայկական ընկերությունների ֆորումը` «ABB Սլովակիա» ընկերության եւ «Եվրո էներգո հոլդինգ»-ի հետ համագործակցությամբ, Սյունիքում եւ Արցախում կիրականացնի էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, աշխատանքային խումբը Սյունիքում մինչեւ 15 մգվտ հզորությամբ 9 փոքր ՀԷԿ-եր է կառուցելու, որի վերաբերյալ պայմանագրեր է ստորագրվել մարզպետի հետ:
Դրանցից երեքի շինարարարությունը, «ABB Սլովակիա» ընկերության ներդրումներով, շուտով կսկսվի: «Արցախում մենք բավականին լավ հաջողությունների ենք հասել. պատրաստվում ենք մեծածավալ ներդրումներ կատարել»,- ասաց բանախոսը` ավելացնելով, որ Արցախում եւ Սյունիքում, մեծ հավանականությամբ, կկառուցվի բնակարանաշինության էլեմենտների գործարան, որոնք հիմք կհանդիսանան նորարարական տների կառուցման համար:
Ա. Գրիգորյանի տեղեկացմամբ` մայիսի 8-ին կբացվի եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան կառուցված 6 մգվտ հզորությամբ «Թրղի 2» ՀԷԿ-ը: Վերջինիս տուրբինները բերված են Չեխիայից, գեներատորները` Գերմանիայից: Սյունիքում էներգետիկ ոլորտի զարգացման համար կներդրվի 15-20 մլն եվրո:
Փետրվար 08, 2011
