Արմեն Հովակիմյան, Lragir.am
ՀՀ մարզերի առաջնային համարվող հիմնախնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզին հատկացվել է 720 մլն դրամ:
55 մլն դրամի շրջանակում վերջապես լուծում կստանա ավելի քան 7500 ք/մ մակերես ունեցող, տարիներ շարունակ չարչրկված` Որոտան գետի ջրային հայելիների մաքրման հարցը: Երբեմնի ակնահաճո, սիսիանցու հպարտություն ջրային հայելիները, երկար ակնկալելով կառավարության ուշադրությունը, արդեն ճահճացել են` դառնալով գարշահոտության, ամռանը` մլակների տարածման աղբյուր: Սիսիան քաղաքի կենտրոնական հատվածում, Որոտան գետի վրա կառուցված ջրային հայելիները խորհրդանշական են քաղաքի համար: Դրանք ոչ միայն գեղեցկացնում են քաղաքը, այլեւ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտիներ: Սակայն 10 տարուց ավելի է ֆինանսների բացակայության պատճառով դրանք չեն մաքրվում:
Նախագծային աշխատանքներն արդեն սկսվել են: Օրերս Սիսիանում էին Կապանում գործունեություն իրականացնող Սկիզբ եւ ապագա նախագծային կազմակերպության 3 մասնագետները` տեղում ուսումնասիրություն կատարելու նպատակով:
«Ջրային հայելիների փականները կբացվեն, հայելային մակերեսները ջրազրկելուց հետո կմաքրվեն տարիներ շարունակ այդտեղ կուտակված հողից, տիղմից ու աղբից, որից հետո նորից մաքուր ջուր կլցվի»,- տեղեկացնում է Սիսիանի համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը:
Սիսիանի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման նպատակին կուղվի 70 մլն դրամ: Նախնական տվյալներով` ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Սայաթ-Նովա, Հովհան Որոտնեցու փողոցներում եւ Թումանյան-Շահումյան խաչմերուկից մինչեւ Րաֆֆի փողոցն ընկած հատվածում: Սայաթ-Նովայում կիրականացվի 3200 ք/մ ասֆալտապատման աշխատանք, Հովհան Որոտնեցու փողոցում` 2400 ք/մ ասֆալտապատում, մայթերի եւ ջրատար առուների նորոգում, Թումանյան-Շահումյան խաչմերուկից մինչեւ Րաֆֆի փողոցն ընկած հատվածում ասֆալտապատման աշխատանքները կհասնեն 2000 ք/մ-ի, այստեղ նախատեսվում են նաեւ ջրատար առուների կառուցման աշխատանքներ` երկաթբետոնե կոնստրուկցիաներով:
Թե ջրային հայելիների մաքրման եւ թե ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն մայիս-հունիս ամիսներին:
Մարտ 18, 2011
