

Արմենակ Չատինյան, Կապիտալ
2003թ. մութ գործարքի շարունակությո՞ւն
Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության վարչության նախկին նախագահ Եվգենի Դոդը իր հետ «ՌուսԳիդրո» (վարչության նախագահ է 2009թ. նոյեմբերից) է տեղափոխում հայկական ակտիվները։ Սևան-Հրազդան հէկերի համալիրը այսուհետ կպատկանի ռուսական «ՌուսԳիդրո» ընկերությանը։
Երեկ հայտարարվեց, որ «ՌուսԳիդրո» ընկերությունն ավարտել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից հայկական «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (շահագործում է Սևան-Հրազդան հէկերի համալիրը) բաժնետոմսերի 90%-ի ձեռքբերման գործարքը։ «ՌուսԳիդրո» ընկերության կողմից հայկական հէկերի համալիրով հետաքրքրվելու մասին Եվգենի Դոդը հայտարարել էր դեռևս անցած տարվա դեկտեմբերի վերջին։ Ըստ նրա՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» ձեռքբերումից հետո նախատեսվում է հիդրոկայաններում կատարել նաև €40 մլն-ի ներդրում։
Ուշագրավ է, որ գործարքի կողմերն այդպես էլ չեն հայտարարում հայկական ակտիվի 90% բաժնետոմսերի արժեքը։ Ամենայն հավանականությամբ, դա ոչ միայն կոմերցիոն գաղտնիք է, այլև կարող է այլ խնդիրներ առաջացնել, հատկապես՝ Հայաստանի կառավարության համար։ Սևան-Հրազդան հէկերի համալիրը Հայաստանի կառավարությունը 2003թ. «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին էր հանձնել ընդամենը \$ 25 մլն-ով՝ «միջուկային վառելիք-պարտք» սխեմայով։
Նույնիսկ հանձնելով Սևան-Հրազդան համալիրը՝ Հայաստանի կառավարությունը ամբողջովին չէր մարել միջուկային վառելիքի դիմաց կուտակած պարտքը (\$ 40 մլն) և խոստացել էր մնացած գումարը մարել երկու տարվա ընթացքում։ Ըստ էության, 2003թ. կառավարությունը Սևան-Հրազդան հէկերի համալիրը նվիրել էր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին։ Բացի այդ՝ 5 տարով ընկերությանն էր հանձնել Հայկական ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը՝ հետագայում երկարացնելով պայմանագիրը ևս 5 տարով։
«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի տեղեկանքի համաձայն՝ Սևան-Հրազդան հէկերի համալիրը բաղկացած է 7 հիդրոկայանից։ Կայաններում տեղադրված են 21 հիդրոտուրբիններ, որոնց հանրագումարային դրվածքային հզորությունը կազմում է 561 ՄՎտ, իսկ տարեկան միջին հաշվով արտադրվում է 500 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա կամ ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 10%-ը։ Նշենք, որ 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մեղրիի հէկի կառուցման ներդրումները գնահատվում են \$ 323 մլն։ Ստացվում է, որ նույնիսկ ամենահամեստ հաշվարկներով` Սևան-Հրազդան համալիրի արժեքը, բարոյական և ֆիզիկական մաշվածությունը հաշվի առնելով, ներկայում գերազանցում է \$ 500 մլն-ը:
Բայց «միջուկային վառելիք-հէկերի համալիր» այս մութ գործարքում շահել է ոչ միայն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը։ Պարզվում է՝ այն ժամանակ կառավարությունը վաճառել էր կամ «նվիրել» բաժնետոմսերի 10%-ը իրավաբանական մի անձի, որի ինքնությունը «Միջազգային էներգետիկ կորպորացիայում» «Կապիտալին» այդպես էլ չհաջողվեց ճշտել։ Ընկերությունում միայն ասացին, որ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Հիմք ընդունելով, որ բաժնետոմսերի 90%-ը ձեռք է բերվել \$ 25 մլն-ով՝ ստացվում է, որ խորհրդավոր այդ «քաղաքացին» հսկայական համալիրի սեփականության 10%-ը ժամանակին գնել է ընդամենը \$ 3 մլն-ով կամ 15 անգամ պակաս գնով, քան այդ բաժնեմասի ներկա արժեքն է։
Ապրիլ 01, 2011
