

«ԷկոԼուր»
Ջրի համաշխարհային օրվա առթիվ մարտի 20-ին տեղի ունեցավ «Կովկասի ջրերը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացում: Ցուցահանդեսում ներկայացված են Կովկասյան տարածշրջանի ջրային պաշարները պատկերող 50 լուսանկարներ: Լուսանկարների ցուցադրությունը մարտի 20-27-ն է:
Նույն օրը Գալուստ Նանյանը ներկայացրեց նաեւ «Կովկասի ջրերը» գրքույկը, որն ընդգրկում է հոդվածներ՝ նվիրված Կովկասի ջրային ռեսուրսների պահպանման խնդիրներին: Միջոցառմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Երեւան Ջուր» ընկերությունը, տեղեկատվական աջակցությունը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն:
«Հուսով եմ, որ գրքույկի միջոցով ընթերցողները հնարավորություն կունենան տեղեկանալ, թե ինչ ջրային պաշարներ ունենք այսօր, ինչպես ենք պահպանում դրանք եւ ինչ պետք է անենք, որ սերունդներին փոխանցենք կենարար այն հեղուկը, որի անունն է ՋՈւՐ»,-իր գրքույկում գրում է հեղինակը: «Երկիրն անվանում են նաեւ ջրային մոլորակ, քանզի վերջինիս մակերեսի մոտ 75 տոկոսը ջրային տարածքներ են: Սակայն այդ հսկայական ծավալի 97 տոկոսն աղի է եւ օգտագործման համար ոչ պիտանի: Ավելին, մնացած 3 տոկոս քաղցրահամ ջրերի միայն երրորդ մասն է, որ հասանելի է մեզ եւ ծառայում է որպես կյանքի աղբյուր:
Հաշվարկների համաձայն՝ յուրաքանչյուր տարի աշխարհում վերարտադրվում է ավելի քան 44 հազար խորանարդ կմ ջուր, որից 0,01 տոկոսը, կամ 46,6 խորանարդ կմ-ն բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետությանը: Շատ չէ, բայց եւ ոչ քիչ, որից ելնելով` Հայաստանը համարվում է ջրային երկիր՝ իր զարգացած, բայց անհամասեռ ջրագրական ցանցով, ինչը բնորոշ է լեռնային երկրներին: Այլ բան է, որ ջուրը հաճախ չի բավականացնում մեզ, չի բավարարում բնակչության եւ տնտեսության կարիքները մեր իսկ անփույթ տնտեսվարման պատճառով:
Խոսքը միայն մեր լեռնային անուշահամ աղբյուրների մասին չէ, որոնցից բխող քաղցրահամ ջրերի շուրջ 80 տոկոսն այդպես էլ չի հասնում սպառողրին: Հայաստանում գոյություն ունեցող 9480 փոքր եւ միջին գետերի` 23 հազար կմ ընդհանուր երկարությամբ հոսքի զգալի մասը մեր պապակ դաշտերն ու այգիները սնուցելու փոխարեն հոսում են Քուռ եւ Արաքս գետեր, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով հասնում Կասպից ծով: Իսկ թե ինչպիսին է մեր վերաբերմունքը Կովկասյան տարածաշրջանում քաղցրահամ խոշորագույն ջրային ավազանի` Սեւանա լճի նկատմամբ, լավ հայտնի է մեր հասարակությանը»,- իր ելույթում նշեց Գալուստ Նանյանը:
Մանրամասները ֆոտոռեպորտաժում:
Մարտ 23, 2009
