ԻՆՉՈՒ՞ ՉԻ ՄԱՔՐՎՈՒՄ ՔԱՍԱԽԸ

Հայկուշ Ասլանյան, «Հետք»

Չափազանց աղտոտվածության պատճառով Քասախ գետն առաջին հայացից կարող է չնկատվել, որովհետև կենցաղային աղբն ու ջրիմուռը «խեղդել» են գետն այնպես, որ ջրի հոսքն անգան չի նկատվում: Որ գետի հունի մաքրման աշխատանքեր այստեղ վաղուց չեն կատարվել` անզեն աչքն էլ է տեսնում: Գյուղնախարարի օգնական Հայկ Հայկյանն օրինակ, դժվարացավ մտաբերել, թե վերջին անգամ երբ է գետը մաքրվել:

Ըստ նրա` Քասախի մաքրումն ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ: «Այս տարվա համար նախատեսված են միայն Արաքս, Հրազդան, Աղստև և Վեդի գետերը»,-ասաց Հ.Հայկյանը: Օգնականի փոխանցմամբ` նախարարն այցելում է մարզեր, ծանոթանում խնդիրներին, որոնցից հրատապներին ընթացք է տալիս:
 
«Մենք ուսումնասիրել ենք մարզով հոսող գետերի վիճակը և արդյունքները ներկայացրել գ յուղնախարարություն: Որ հատկապես Քասախի հունը  մաքրման  խիստ անհրաժեշտություն ունի` անհերքելի է: Մեզանից պահանջվողը` հարցը նախարարություն հասցնելը, մենք արել ենք:Մաքրման ծրագրում դա կներառեն, թե` ոչ, բացառապես կախված է նախարարության հայեցողությունից»,- պարզաբանեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

Թե ինչ սկզբունքներով են գետերի հուների մաքրման առաջնահերթությունը որոշում, գյուղնախարարի օգնականն ասաց, որ հաշվի են առնում տվյալ գետերի սպասարկման տարածքները: Ու, թեև չհերքեց, որ Քասախն էլ իր սպասարկման շրջանակում հեկտարներով մշակադաշտեր ունի, բայց ցավ արտահայտեց, որ ոչինչ անել չեն կարող` պետական միջոցներ չհատկացնելու պատճառով:

Քասախի մաքրման հարցում ոչինչ անել չի կարող նաև Բնապահպանության նախարարությունը:  Ըստ ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանի` իրենք գետերի հուների մաքրման պատասխանատվություն չեն կրում. կարող են միայն ակտավորել: Լավագույն դեպքում,կօգնեն` հարցը, որպես ահազանգ,  ներառել թեժ գծում և լինել հետամուտ դրա ընթացքն ապահովելու համար: Ա.Պեպանյանը հայտնեց, որ մաքրումը կարող են իրականացնել նաև այն համայնքները, որոնցով հոսում է գետը:

Անիմաստ համարելով այդ դժվար գործը համայնքների վրա բարդելը, որոնք հիմնականում գյուղական են, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ Ա. Այվազյանն ասաց. «Ինչպե՞ս եք պատկերացնում հզոր տեխնիկա պահանջող  և ծախսատար մի գործ հանձնարարել գյուղապետարաններին,որոնք նույնիսկ աշխատավարձ չեն կարողանում տալ»:

Ապրիլ 03, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր