

Երեւանի Օրհուս կենտրոնի համակարգող Սիլվա Այվազյան, www.aarhus.am
Հայանիստ միջհամայնքային միավորման» կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` «Քաղացիական գործողություններ հանուն անվտանգության և շրջակա միջավայրի» (CASE) փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվել է «Հրազդան գետի ջրի որակի և քանակի բարելավման ուղղությամբ համայնքների դերի ու պրակտիկ գործողությունների որոշում, պլանավորում և իրականացում» վերնագրով աշխատանք, որի նպատակը Հրազդան գետի ջրին սպառնացող էկոլոգիական ռիսկերի բացահայտումը, դրանց գնահատումը և քարտեզագրումն էր, ինչը հնարավորություն է տվել գնահատել առկա իրավիճակի ազդեցությունը բնակիչների սոցիալ-տնտեսական, առողջական պայմանների և կենսամակարդակի վրա:
Վերոնշյալ հետազոտությունների արդյունքները հանրությանը ներկայացնելու, ինչպես նաև Հրազդան գետի աղտոտվածության խնդիրները քննարկելու նպատակով ապրիլի 29-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանրային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը, ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, ՀԿ-ներից, ԶԼՄ-ներից և շահագրգիռ այլ անձինք:
Ծրագիրն իրականացնող «Հայանիստ միջհամայնքային միավորման» փորձագետների ներկայացմամբ հետազոտություններն ընդգրկել են Արարատի մարզի 15 համայնքներ:
Ուսումնասիրվել է բոլոր այդ համայնքներում առկա վիճակը` ջրօգտագործումը և հողօգտագործումը, հողերի էկոլոգիական վիճակը, արդյունաբերական ձեռնարկությունները, հանքահումքային արդյունահանումը, համայնքների կարողություններն ու խոցելիությունը:
Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ գետի վրա էական են հետևյալ ճնշումները. մարդածին` կոշտ թափոններ և կոյուղաջրեր, բնածին` հեղեղումներ, գետերի ափերի էրոզիա, գերխոնավ և աղակալված հողեր: Հարկ է նշել, որ բնածին ճնշումները խորացվում են ոչ ճիշտ և չպլանավորված մարդկային գործունեության հետևանքով, հատկապես ստորերկրյա քաղցրահամջրերի անհաշվենկատ գերշահագործմամբ, որը տեղի ունի Արարատյան դաշտի ամբողջ տարածքում:
Ուսումնասիրված համայնքների գյուղատնտեսական հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 3968,61 հա, որի հիմնական մասը վարելահողեր են: Համայնքներում մեծամասամբ մշակվում են բանջարա-բոստանային կուլտուրաներ, իսկ Հրազդան գետի ստորին հատվածը վերջին տարիներին դարձել է ինտենսիվ ձկնաբուծական շրջան: Մասնագետների եզրակացությամբ ուսումնասիրված տարածքներում դիտարկվում է գյուղատնտեսական հողերի ոչ նպատակային օգտագործում, վարելահողերի մեծ մասը պարապուրդի է մատնված ոռոգման ցանցի տարիների ընթացքում շարքից դուրս գալու, ինչպես նաև այլ պատճառովներով: Առկա պայմաններում շարունակվում է քայքայվել ոռոգման ցանցը և դեգրադացվել գյուղատնտեսական նշանակության հողերը:
Կատարվել է նաև գետի ջրի որակի ուսումնասիրություն, որի համար օգտագործվել են ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի ներգործության մոնիտորինգի տվյալները: Հրազդան գետի ջրի որակը` հոսելով Սևանա լճից մինչև Արաքս գետը, նվազում է` գնահատելով վատ և շատ վատ որակի: Մեծ է հատկապես Երևան քաղաքի ազդեցությունը: Որպես հիմնական աղտոտիչ են գնահատվել նիտրիտ իոնը, ամոնիումը և օրթոֆոսֆատը: Այս աղտոտիչների առկայությունը գետի ջրում մշտական կոմունալ-կենցաղային և գյուղատնտեսական կեղտաջրերի ներհոսքի հետևանք է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ուսումնասիրված ոչ մի բնակավայրում կոյուղաջրերի մաքրման կայան չկա, կեղտաջրերը ուղղակի ներհոսում են գետի մեջ առուների, դրենաժային համակարգի և ոռոգման ջրանցքների միջոցով, ինչը նույնպես լուրջ էկոլոգիական խնդիր է: Ծրագրի շրջանակներում էկոլոգիական ռիսկերի նվազեցման ուղղությամբ մշակվել են միջնաժամկետ միջոցառումներ յուրաքանչյուր համայնքի համար, ինչպես նաև միջոցառումներ, որոնք ընդհանուր և արդիական են բոլոր համայնքների համար: Օրինակ` Դարակերտ համայնքի համար 2,5 կմ երկարությամբ ներտնտեսական ցանցի վերանորոգում, Հովտաշատ, Սիփանիկ համայնքների ոռոգման ցանցերի կառուցում, պարբերաբար սանիտարական շաբաթօրյակների կազմակերպում, համայնքային աղբավայրերի համապատասխանեցում գոյություն ունեցող նորմերին և այլն:
Միջոցառման մասնակիցները դրական գնահատեցին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և նշեցին, որ այն կնպաստի Հրազդան գետին սպառնացող էկոլոգիական ռիսկերի նվազեցմանը: Ուսումնասիրությունների արդյունքների քննարկման ընթացքում նշվեց, որ իրավիճակի շտկման համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել համայնքների կարողությունները և մարդկանց իրազեկության մակարդակը, ինչը հիմք կհանդիսանա համայնքների համար սեփական ուժերով իրականցնել էկոլոգիական ռիսկերի նվազեցման միջոցառումներ: Բնակիչը ինքը պետք է հասկանա, որ գետը կոյուղատար չի և մտածի գետի մաքրության մասին: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը իրենց ելույթներում նշեցին, որ Հրազդան գետի ջրի աղտոտվածության խնդիրը մշտապես նախարարությունների ուշադրության կենտրոնում է և այդ ուղղությամբ պետության կողմից բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Սակայն հարկ է նշել, որ գետի ջրի վիճակը գնալով վատանում է և վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտություններն էլ դա են ապացուցում: Քննարկման երկրորդ մասը Հրազդան գետի Երևանի հատվածում (Հրազդանի կիրճում) աղտոտվածության վերաբերյալ էր: Հրազդանի կիրճում տիրող իրավիճակը ներկայացրեց «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչը`Գերմանական տեխնիկական համագործակցության (GTZ) կազմակերպության կողմից 2010թ. իրականացված «Հայաստանի գետերի և վտակների կենսաբազմազանության ուսումնասիրությունը» ծրագրի տվյալների հիման վրա և այդ ծրագրի շրջանակներում նկարահանված ֆիլմի ցուցադրմամբ: Հրազդանի կիրճը իբրև հանգստի գոտի վաղուց կորցրել է իր նշանակությունը: Կանաչ զանգվածը տեղը զիջել է ռեստորաններին, արտադրական ձեռնարկությունները գետը վերածել են մաքրման կայանի` աղտոտելով զանազան թափոններով և թունավոր նյութերով: Քննարկմանը ներկա Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ներկայացուցչի խոսքերով քաղաքապետարանը պարբերաբար մաքրումներ է իրականացնում գետի տարբեր հատվածներում և անցյալ տարի նոյեմբերին Երևանյան լճի տիղմի մաքրման աշխատանքներ են իրականացվել, տեղադրվել է ցանց կոշտ թափոնների հավաքման նպատակով:
Մասնակիցների կողմից Հրազդան գետի էկոլոգիական իրավիճակի բարելավման ուղղությամբ հնչեցին հետևյալ առաջարկները, որոնք նախ կքննարկվեն Oրհուս կենտրոնի փորձագետների խորհրդում, այնուհետ կներկայացվեն Երևանի քաղաքապետին.
• պարտադրել Հրազդանի կիրճում գործող ռեստորանային համալիրներին կոյուղագծերի վրա (մինչև գետը լցվելը) մաքրման կայաններ տեղադրել
• բացակայության դեպքում տուգանքներ սահմանել (տուգանքի չափը մի քանի անգամ գերազանցի կայանի տեղադրման համար անհրաժեշտ ծախսերից)
• կատարել արտադրական ջրահեռացումների գույքագրում և խստացնել ջրահեռացման ծավալի ու վնասակար նյութերի պարունակությունների վերահսկողությունը:
Քննարկումը լուսաբանվեց մի շարք հեռուստաալիքներով, հանրային ռադիոյով և այլ լրատվամիջոցներով:
Մայիս 06, 2011 at 12:53
