Խնամքի կարիք ունեցող բնության հուշարձանները

Խնամքի կարիք ունեցող բնության հուշարձանները

Գալուստ Նանյան, www.yerkir.am

Առաջին անգամ բնապահպանության նախարարությունը իրեն պատկանող հուշարձանների ցանկը փորձեց կազմել, երբ  2007- 2008 թվականներին բարբարոսաբար սկսեցին ոչնչացնել Ազատ գետի հովտում գտնվող «Քարերի սիմֆոնիան»: Այդ հուշարձանը նույնպես ներառվեց համապատասխան ցանկում, սակայն օրենսդրության բացակայության պատճառով դրա ոչնչացման համար մեղավորներին պատասխանատվության չկանչեցին, չնայած Կոտայքի մարզի ոստիկանությունը մտադիր էր քրեական պատասխանատվության ենթարկել իրականացնողներին:

Մեր երկրում խնամքի կարիք ունեցող բնության հուշարձանների կարելի է հանդիպել ամենուր:  Պարզվում է, որ Հայաստանի տարածքում մոտ 4 հազար բնության հուշարձանների փոխարեն պահպանվող բնության հուշարձանների ցանկում ՀՀ կառվարությունը դեռեւս  2008թ. ընդգրկել է ընդամենը 230-ը, որից 109-ը` երկրաբանական հուշարձաններ, 48-ը՝ ջրաերկրաբանական, 38-ը` ջրագրական, 16-ը` բնապատմական եւ 19-ը՝ կենսաբանական: Ի պատասխան այն հարցի, թե ի վերջո քանի բնության հուշարձաններ կան Հայաստանի տարածքում, պատախանատու  գերատեսչությունը պատասխանեց, որ չի տիրապետում այդ տեղեկատվությանը, հավելելով,  որ այդ գնահատումը բարդ գործընթաց է:

Ի սկզբանե բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ ցանկում ընդգրկված բնության հուշարձանների մեծ մասը կստանա միջազգային մակարդակով պահպանվող օբյեկտի կարգավիճակ, քանի որ դրանցից մի քանիսն անկրկնելի են եւ հանդիպում են միայն Հայաստանի տարածքում:

Ըստ մշակույթի նախարարության տվյալների, օրինակ, մեր երկրում առկա է միայն Գնիշիկի (Վայոց ձոր) բնապահպանական արգելոցը, որն ստեղծվել է 1980-ական թվականներին: Արգելոցն ընդգրկում է 160 հա տարածք եւ ներառում է Նորավանքի պատմամշակութային համալիրը: Գնիշիկի բնապատմական արգելոցում այսօր պահպանվում են նաեւ Մագելի, Արջերի եւ այլ քարանձավներ, որոնք ընդգրկված չեն ՀՀ բնության հուշարձանների ցանկում:

Մեր երկրում առկա միակ բնապատմական արգելոցը տնօրինում է հենց մշակույթի, այլ ոչ թե բնապահպանության նախարարությունը:

Քարահունջը, Սիսիանի Զորաց քարերը եւ Գորիսի բուրգերը նույնպես արդեն ունեն բնության հուշարձանի կարգավիճակ, սակայն դրանց պահպանությունը անտեսված է: Նշվածներից միայն Զորաց քարերին էր, որ 2010թ. կառավարության համապատախան որոշմամբ տրվեց արգելավայրի կարգավիճակ, սակայն ինչպես «Երկիր»-ն է ականատես եղել, արգելավայրը չունի պահպանման ռեժիմ, եւ հուշարձանից ընդամենը մեկ մետր հեռավորության վրա ցանք է կատարվում, իսկ անասուններն էլ անարգել մտնում են արգելավայրի տարածք:

Ցանկում ընդգրկվել և բնության հուշարձանի կարգավիճակ են ստացել նաեւ մի շարք լճեր եւ ջրվեժներ, որոնցից են Ակնա եւ Մեծամոր լճերը, ինչպես նաեւ Շաքիի եւ Ջերմուկի ջրվեժները, որոնք, սակայն, նույնպես գտնվում են բարձիթողի վիճակում:

Ի սկզբանե որոշված էր, որ այն վայրերում, որտեղ գտնվում են պետության կողմից ճանաչված բնության հուշարձանները, կտեղադրվեն վահանակներ, սակայն մինչ օրս դա արված չէ: Բնապահպանության նախարարությունը փորձ չի կատարում անգամ ճշտելու, թե կարգավիճակ ստացած հուշարձաններն ընդհանուր հաշվով որքան տարածք են զբաղեցնում կամ ինչ վիճակում են գտնվում: Այդ հարցերի պատասխանները իմանալու համար նախարարությանը հարկավոր է գումար, իսկ հիմա գերատեսչությունը ունի մեկ պատասխան՝ փող չկա:

 Հենց այսպես է հայրենի կառավարությունը փորձում զբոսաշրջություն զարգացնել, չգիտակցելով, որ այս ոլորտը չի զարգանա ռեստորան կամ հյուրանոց կառուցելով, մանավանդ եթե նկատի ունենանք այնտեղի գների մակարդակը: Իսկ զբոսաշրջիկների համար բացառիկ հետաքրքրություն ներկայացնող բնության հուշարձանների պահպանման և խնամքի հարցը, ինչպես նաև դեպի դրանց տանող ճանապարհների անմխիթար վիճակը կարծես ոչ մեկին չի հետաքրքրում:

Մայիս 26, 2011 at 16:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր