Վերականգնվող էներգետիկան կարող է խթանել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը

Վերականգնվող էներգետիկան կարող է խթանել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը

Գոհար Իսախանյան, Սյունաց Երկիր

Հայաստանի տնտեսության մեջ եւ մասնավորապես էներգետիկ ոլորտում վերականգնվող էներգետիկան աստիճանաբար զբաղեցնում է իր կարեւոր եւ ուրույն տեղը: Դրան նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ երկրի օրենքները լուրջ նախադրյալներ են ստեղծել վերականգնվող էներգետիկան զարգացնելու համար: Հայաստանի կառավարությունն այսօր երաշխավորում է վերականգնվող էներգետիկայի շնորհիվ արտադրված էլեկտրաէներգիայի գնումը:

Ի դեպ, մեր հանրապետությունը բավական հարուստ է վերականգնվող էներգետիկայի պաշարներով` ջրային, քամու, արեւային եւ երկրաջերմային էներգիայի ներուժով: Դրանից բացի` Հայաստանում կարելի է շատ արդյունավետ զարգացնել կենսազանգվածի էներգետիկան:

Մասնագիտական ուսումնասիրությունների համաձայն` մեր հանրապետությունն ունի բավականին մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արեւային էներգիայի անմիջական փոխակերպման, կենսագազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը եւ հողմային էներգիայի զգալի մասը): Ընդհանրապես տարածաշրջանում Հայաստանն այսօր էլ համարվում է առաջատարը` վերականգնվող էներգետիկայի զարգացման առումով:

Հայաստանի զարգացող տնտեսության եւ ընդհանրապես էներգաարտադրության մեջ վերականգնվող էներգետիկայի ներթափանցումը շատ կարեւոր նշանակություն ունի: Էլեկտրաէներգիայի արտադրության այս ճյուղի առանձնահատկությունն ապակենտրոնացված լինելն է. այսինքն` վերականգնվող էներգիայի արտադրությունը զարգանում է ոչ միայն մայրաքաղաքում, ինչպես տնտեսության շատ ոլորտներ, այլեւ մարզերում: Ի դեպ, Հայաստանի մարզերը բավական հարուստ են վերականգնվող էներգիայի պաշարներով: Մեր հանրապետությունում չկա մի բնակավայր, որտեղ չլինեն քամու, արեւի, ջրի կամ երկրաջերմային էներգիայի պաշարներ: Վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանում է մարզային համայնքների սոցիալ-տնտեսական եւ ենթակառուցվածքների զարգացմանը: Բացի այդ մարզերում, հատկապես դժվարահաս համայնքներում կարելի է շատ արդյունավետ զարգացնել նաեւ արեգակնային ֆոտովոլտարիկ էներգետիկան: Նման փորձ արդեն իսկ կա Սյունիքի մարզում, որտեղ Հայաստանի բջջային կապի օպերատորներից մեկն իր կայաններից մեկն ամբողջությամբ կառուցեց ֆոտոէլեմենտների վրա: Այդ ծրագիրը շատ հաջողված ծրագիր էր եւ կարող է լավ նախադեպ լինել հետագայի համար:

Ընդհանրապես Սյունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի զարգացումը լուրջ առաջընթաց է գրանցել: Սյունիքը հանրապետության այն մարզերից է, որտեղ առկա են վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր աղբյուրները: Մարզը հարուստ է հատկապես հիդրոպոտենցիալով: Պատմական աղբյուրները վկայում են, որ մեկ դար առաջ հենց Սյունիքի Ողջի գետի վրա է կառուցվել էլեկտրաէներգիա արտադրող հայկական առաջին հիդրոէլեկտրակայանը: 75կվտ հզորությամբ փոքրիկ այդ հիդրոէլեկտրակայանը կառուցել էին պղնձի արտադրությամբ զբաղվող ֆրանսիացիները:

Սյունիքի մարզի Ողջի, Որոտան եւ Մեղրի գետերը բավական ներուժ ունեն, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացնում փոքր հէկ-երի զարգացման ոլորտում: Ուսումնասիրությունների համաձայն Որոտանի վրա նախատեսված է կառուցել 7 ՓՀԷԿ, Ողջի գետի վրա`14 ՓՀԷԿ, իսկ Մեղրի գետի վրա` 8 ՓՀԷԿ:

Հանրապետության ամենամեծ էներգաներուժով օժտված գետերից են Որոտան եւ Արաքս գետերը: Ուսումնասիրությունների համաձայն` Սյունիքի մարզում փոքր հէկ-երի չյուրացված ներուժը տարեկան մոտ 54 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա է:

Արաքս գետի ներուժը յուրացնելու նպատակով Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի` Արաքսի վրա նախատեսվում է կառուցել երկու հէկ, հայկական կողմում` Մեղրի հէկ-ը, իրանական կողմում` Ղարաչիլար հէկ:

Սյունիքի մարզում ուսումնասիրություններ են կատարվել նաեւ հողմաէներգետիկ ներուժը ճշտելու ուղղությամբ: Պարզվել է, որ մարզի Որոտանի եւ Սիսիանի լեռնանցքներում առկա է շոշափելի հողմաէներգետիկ ներուժ, որի շուրջ դեռեւս լուրջ աշխատանք պետք է տարվի: Դրանից բացի` մարզում կա նաեւ արեւային էներգիայի ներուժը. այստեղ մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան արեգակնային էներգիայի ճառագայթումը հասնում 1720կվտ/ժ, որը էլեկտրական էներգիայի վերածելու դեպքում կստացվի տարեկան մեկ քառակուսի մետր հորիզոնական մակերեւույթից` 255 կվտ/ժ էլէներգիա: Սյունիքի մարզն աչքի է ընկնում նաեւ երկրաջերմային էներգիայի աղբյուրներով: Այդ տեղանքներից մեկը Ջերմաղբյուրն է, որի երկրաբանական եւ երկրաֆիզիկական հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ մոտ 2500-3000 մետր խորության վրա առկա են բարձր ճնշմամբ (20-25 մթն. ճնշ.) տաք ջրի (մինչեւ 2500C) պաշարներ: Այդ տվյալների հաստատման դեպքում նշված տեղանքում հնարավոր կլինի կառուցել Հայաստանում առաջին` մոտ 25 ՄՎտ հզորությամբ երկրաջերմաէլեկտրակայանը: Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի տեխնիկական օժանդակության շրջանակներում "Կարկառ" կոչվող երկրաջերմային հարթում եւս մեկնարկել է համապատասխան երկրաբանական եւ երկրաֆիզիկական հետազոտությունները: Այդ հետազոտությունների դրական արդյունքի դեպքում հնարավոր կլինի սկսել երկրաբանական հորատման աշխատանքները:

Ինչեւէ, Հայաստանի համար վերականգնվող էներգետիկայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Մեր հանրապետությունը չունի հանածո վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, եւ կախվածությունը ներկրվող վառլիքից զգալի է: Վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն կտա Հայաստանին մեծացնել էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը:

Հուլիս 11, 2011 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր