Ողջի գետի աղտոտման համար Կապան քաղաքի բնակիչները Բնապահպանության նախարարությանը մեղադրում են անգործության մեջ

Ողջի գետի աղտոտման համար Կապան քաղաքի բնակիչները Բնապահպանության նախարարությանը մեղադրում են անգործության մեջ

ԷկոԼուր

Կապանի բնակիչները (Սյունիքի մարզ) նամակ են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն, որում մասնավորապես ասված է. «Մեկ անգամ ևս ցանկանում ենք հարց բարձրացնել Սյունիքի մարզի, Ողջի գետի աղտոտման, գետի աղտոտումը կանխելու և նախարարության կողմից գետի աղտոտումը վերացնելու ուղղությամբ իրականացված միջոցների վերաբերյալ:

Հայտնի է, որ Կապան քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգը,  մեղմ ասած, «վթարային» վիճակում է գտնվում, այդ իսկ պատճառով կեղտաջրերը թափվում են Ողջի գետ: Այնտեղ է թափվում նաև քաղաքին հարակից խոշոր  հանքարդյունաբերական ընկերությունների կեղտաջրերը և արդյունաբերական ջրերը` էական, անվերականգնելի վնաս և աղտոտվածություն պատճառելով Կապան քաղաքի և, մանավանդ, գետի Էկոհամակարգին:

Այս խնդրի վերաբերյալ նախարարությանը բազմիցս դիմել է «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը: Նախարարությունը կազմակերպությանն ուղղված գրություններից մեկում (2010 թ. հունվարի 12-ի, թիվ 023/02 գրություն) նշում է. «փաստերը որոշ չափով համապատասխանում են իրականությանը: Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից իրականացվում են վերահսկողական աշխատանքներ` Կապանի ջրմուղկոյուղու կողմից խախտումները վերացնելու ուղությամբ իրականացվող միջոցառումների նկատմամբ: Աշխատանքները ավարտվելուց հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի Ձեզ»: 

Այս գրությունից հետո անցել է արդեն 1,5 տարի սակայն գործնականում ոչ մի բան չի փոխվել, ինչպես նախկինում կեղտաջրերը թափվում էին Ողջի գետը, այնպես էլ մինչ օրս թափվում են: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ նախարարությունը անգործություն է ցուցաբերում սույն հարցի կարգավորման վերաբերյալ: 

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության» մասին ՀՀ օրենքի 6 հոդվածի դրույթներով` խնդրում ենք տալ հետևյալ տեղեկությունները.

1.2010 թ. հունվար ամսից մինչ օրս նախարարությունը ի՞նչ գործնական քայլեր է ձեռնարկել, որպեսզի կանխվի կեղտաջրերի թափվելը Ողջի գետ

2.2007 թ.-ից մինչ օրս, ո՞ր իրավասու մարմինն է ենթարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության, և ի՞նչ պարտավորություն է դրվել այդ մարմնի վրա նշված հարցի կարգավորման կապակցությամբ

3.եթե իրավասու մարմինը ենթարկվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության, խնդրում ենք տրամադրել այդ ակտի (ակտերի) պատճեն (ները):

Դիմողներ` Արթուր Բորիկի Ղազարյան, Արշավիր Սերժիկի Խալափյան, Տիգրան Ալյոշայի Գրիգորյան, Արմեն Ռազմիկի Խաչատրյան, Արթուր Հայրապետի Թևանյան»:

Հուլիս 13, 2011 at 11:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր