

Tert.am
Հայաստանից հոսող ջրերի մեծ մասը անօգուտ կորչում է։ Հուլիսի 30-ին այս մասին ասաց «Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի» ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը։ «Մեր հարևան Ադրբեջանի ջրային ռեսուրսների 40-50%-ը ձևավորվում է մեր տարածքից հոսող ջրերով. իսկ մենք մեծամասամբ մեր ջրերը չենք կարողանում կառավարել»,- ասաց նա։
Գիտնականը նշեց, որ եթե համեմատում են մեկ բարել նավթի և մեկ բարել ջրի գինը, ապա առաջինը միշտ իջնում է, իսկ երկրորդն անշեղ բարձրանում։ «21-րդ դարը համարվելու է քաղցրահամ ջրի սղության դարաշրջան,- նշեց նա։- Սակայն տեսանելի ապագայում Հայաստանը քաղցրահամ ջրի խնդիր չի ունենա»։
Անտառների արագ կրճատումը համարելով մեծագույն խնդիրներից մեկը՝ Խոյեցյանը նշեց, որ 2000 տարի առաջ մեր տարածքում անտառները եղել են նույն այս տարածքի 35%-ը, ներկայիս 8-9% փոխարեն. «Իսկ անտառը ամենապրոդուկտիվ կենսազանգվածն է»։
Անդրադառնալով քաղաքական գործընթացների և բնապահպանական խնդիրների կապին՝ նա նշեց, որ ներկայիս քաղաքական հուզումների մեծ մասը պոտենցիալ բնական ռեսուրսներին տիրանալու պայքար է։ «Մենք այսօր չենք կարողանում պահել մեր ջրերը մեր տարածքներում, ինչպես դա անում է Թուրքիան՝ Եփրատի ու Տիգրիսի ջրերի մուտքը համապատասխան ձևով պահելով և ջրազրկելով Հորդանանն ու Սիրիան»,- ասաց Խոյեցյանը։
Օգոստոս 02, 2011 at 13:57
