

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Մասիսի տարածաշրջանի համայնքապետերի և տարբեր շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարների համատեղ խորհրդակցության թեման դարձյալ Մասիսի տարածաշրջանի ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրի անխնա օգտագործման, ջրաչափերի բացակայության, անհավասար իրավական դաշտի, խորքային հորերի մարման խնդիրներն էին:
Ձկնաբուծական տնտեսությունների համար ստեղծվել է անհավասար դաշտ: Նրանցից շատերն օգտագործում են 200-300 տրամաչափի խողովակներ, իսկ մյուսները` 2,5:
Օգտագործված ջուրը բաց թողնելուց հետո հողերի զգալի մասը վեր է ածվել ճահճուտների, իսկ մյուս հատվածում, որը դիրքով բարձր է, հողերը վեր են ածվել անապատի` ոռոգման ջուր չունենալու հետևանքով, 5 ձկնաբուծական տնտեսություններ, որոնց ստեղծման համար ձկնաբույծները գրավ են դրել իրենց մեքենաները, բնակարանները ջրազրկվել են:
Ամենաշատը տուժել է մարզի Հովտաշատ համայնքը, որտեղ 800 հեկտարը ընդհանրապես չի մշակվում ջուր չունենալու պատճառով, իսկ 300 հեկտար արոտավայրերը վեր են ածվել անապատի, ինչի հետևանքով Հովտաշատում գրանցվել է անասնագլխաքանակի անկում: Մարզպետ Էդիկ Բարսեղյանը պաշտոնավարման օրվանից տարբեր գերատեսչություններում բարձրացրել է խնդրահարույց հարցը, սակայն…
Բնապահպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվեցին աշխատանքային խմբեր, որոնք Արարատի մարզպետարանի և Գյուղնախարարության մասնագետների հետ մեկտեղ կուսումնասիրեն և կներկայացնեն ամբողջական պատկերը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդգծեց, որ մինչև Սեպտեմբեր կլուծվեն ջրաչափերի տեղադրման հարցը, աշխատանքներ կիրականացվեն երկրորդային ջրերի նպատակային օգտագործման համար, ձկնաբուծական տնտեսությունները կանցնեն ջրի շրջանառության փակ համակարգի: 1280 խորքային հորերից շատերն արտոնագիր չունեն: Աշխատանքային խմբերն, ընդգծեց նախարարը, պետք է հասնեն այն բանին, որ չափանիշներին չհամապատասխանող խորքային հորերին արտոնագիր չտրվեն:
Օգոստոս 18, 2011 at 13:43
