

Tert.am
Իրանում, ի պաշտպանություն Ուրմիա լճի, տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ցուցարարների և իրավապահների միջև բախումներով։
Ինչպես տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը, Իրանի բնակչությունը ոտքի է ելել Ուրմիա լիճն աղետից փրկելու համար։ Թավրիզ և Ուրմիա քաղաքներում բնակչությունը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների գլխավորությամբ պահանջել են իշխանություններից անհապաղ միջոցառումներ ձեռնարկել լիճը հետագա ցամաքումից փրկելու համար։ Սակայն իրավապահները փորձել են ցրել ցուցարարներին, ինչի արդյունքում բախում է տեղի ունեցել։
Իրանցի բնապահպանները պնդում են, որ Ուրմիա լիճն սկսել է մեծ արագությամբ ցամաքել։ Եվ եթե համապատասխան միջոցառումներ չիրականացվեն, լճի մեծ հատվածն առաջիկայում ամբողջությամբ կցամաքի։ Իսկ դա իր բացասական ազդեցությունն է ունենալու ոչ միայն Իրանի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի շրջակա միջավայրի վրա։ Բացի այդ, Ուրմիա լճի մերձակա բնակավայրերում ապրող միլիոնավոր իրանցիներ ստիպված են լինելու տեղափոխվել այլ վայրեր։
«Ֆըրաթը» տեղեկացնում է նաև, որ շաբաթներ առաջ Իրանի խորհրդարանը մերժել է ֆինանսական միջոցներ հատկացնել երկրի ամենամեծ լիճը՝ Ուրմիան, հնարավոր աղետից փրկելու համար։
Օգոստոս 31, 2011 at 16:21
