

Վահրամ Օրբելյան, Սյունաց Երկիր
Սիսիան քաղաքի «այցեքարտերից» մեկը համայնքով հոսող Որոտան գետի ջրային հայելիներն են, որոնք տարիներ ի վեր անմխիթար վիճակում էին: Ջրաբերուկներից, տիղմից, գետը թափվող կենցաղային աղբից գարշահոտություն էր տարածվում շուրջբոլորը, ինչն արդարացիորեն հարուցում էր սիսիանցիների դժգոհությունը:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը «Սյունյաց երկրի» հետ զրույցում նշեց, որ «Ուղիղ կապ» էր կազմակերպվել բնակչության հետ, եւ 12 հոգուց չորսի հարցադրումն առնչվում էր ջրային հայելիների մաքրմանը եւ բարեկարգմանը: «Կգա՞ մի օր, որ ջրային հայելիները կտեսնենք մաքրված», – այսպես կարելի էր ձեւակերպել հարցադրողների մտահոգությունը: Հուրախություն սիսիանցիների` այս տարվա փետրվարին կառավարությունը պահուստային ֆոնդից 53մլն դրամ է հատկացրել հիմնախնդրի լուծման նպատակով: Աշխատանքների իրականացման պատվիրատուն Սյունիքի մարզպետարանն է, որի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը տեղեկացրեց, որ մինչեւ աշխատանքները սկսելը հաշվարկներ անելուց հետո պարզ դարձավ, որ գետի հունից հնարավոր է հանել 9800 տ տիղմ եւ կենցաղային աղբ: Աշխատանքներն իրականացնում է «Նորոգշին» (Նոր բակ) բաց բաժնետիրական ընկերությունը (տնօրեն` Սամսոն Մաթեւոսյան): Մեզ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ ընդհանուր առմամբ մաքրվող տարածքի ընդհանուր մակերեսը կազմել է 30 հազար քմ, մաքրվել է երկու ջրային հայելի, իսկ աշխատանքներն օրերս կավարտվեն:
Այս ամենն ուրախացնող է, ցավալին այն է, որ դրանով չի լուծվում ջրային հայելիների մաքուր լինելու խնդիրը, քանզի կոյուղաջրերը շարունակելու են թափանցել գետը: Համայնքապետի վկայությամբ` առնվազն չորս տեղից կեղտաջրերը թափվում են Որոտան գետ: Տեղեկացանք, որ Սիսիանի մաքրման կայանը ժամանակին գտնվում էր քաղաքապետարանի հաշվեկշռում, բայց տարիներ առաջ սեփականաշնորհվել է: Միջանկյալ տեղեկացնենք, որ մաքրման կայանը գործարկման փուլում էր:
Մեր թերթի նախորդ համարում ("Սյունյաց երկիր", 31-ը օգոստոսի, 2011թ.) "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության տնօրեն Պատրիկ Լորենին ուղղված հարցին` "Ի՞նչ ծրագրեր ունեք Սյունիքի կոյուղու համակարգի վերաշինման ուղղությամբ", վերջինս պատասխանեց. "Մոտակա հինգ տարում Սյունիքի մարզում մաքրման կայաններ կառուցելու ոչ մի ծրագիր չենք ունենա: Ընկերությունը կոյուղու եւ ջրահեռացման ցանցի համար ներդրումներ չի նախատեսում, այս տարի նման ծրագիր կիրականացվի Սեւանում, Դիլիջանում եւ Ջերմուկում":
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Սեպտեմբեր 23, 2011 at 02:03
