

Panorama.am
Ամբողջ աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկը խմելու ջուրն է, որը կարող է մի օր վերջանալ: Համաշխարհային կտրվածքով` ամենաբարդ հարցն է, քանի որ սպառնում է ամբողջ աշխարհին. ամբողջ աշխարհում խմելու ջուրն աղտոտվում է: Panorama.am-ի թղթակից հետ զրույցում այս մասին ասաց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նշենք, որ այսօր Տուվալուի կղզիներում խմելու ջրի սակավության պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Նոր Զելանդիան, որը ինքնաթիռներով ջուր, ինչպես նաև ծովային ջրի աղազրկման սարքավորումներ է ուղարկել կղզի:
Ըստ մասնագետի, ջրի այլընտրանքային աղբյուր աշխարհի ոչ մի երկրում չկա, ի տարբերություն, օրինակ, էներգիայի: «Տարիներ շարունակ հսկայական գումարներ է ծախսվում ծովային ջուրը մաքրելու ու այն խմելու վերածելու ուղղությամբ: Սակայն ոչ մի արդյունք»,- ասաց մասնագետը, հավելելով, որ ժամանակի ընթացքում, եթե այսպես շարունակվի, խմելու ջուրը շատ կթանկանա:
«Այս վտանգը, իհարկե, սպառնում է նաև Հայաստանին: Համեմատության համար հաշվեք` ինչքան եք վճարում 100-200 գրամ խմելու ջրի համար և բենզինի համար: Կտեսնեք, որ խմելու ջուրն ավելի թանկ է»,- ասաց Ի. Զարաֆյանը:
Նա նշեց, որ Հայաստանում էլ ոչ մի ձևով խմելու ջուրը չի պահպանվում. չկան մաքրման կայաններ, ջրամբարները, բնական աղբյուրները չեն պահպանվում, աղբ են թափում, Սևանա լիճը, որպես, այս պարագայում, միայն խմելու ջրի պաշար, ընդհանրապես չի պահպանվում: «Շատ շուտ մենք էլ կկանգնեք մեծ խնդրի առաջ»,- ասաց «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:
Հոկտեմբեր 05, 2011 at 13:28
