Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացումը ձեռք է բերել իշխանությամբ օժտված մարդկանց մի նեղ շրջանակի դեմ հասարակայանության դիմակայության բնույթ

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի զարգացումը ձեռք է բերել իշխանությամբ օժտված մարդկանց մի նեղ շրջանակի դեմ հասարակայանության դիմակայության բնույթ

ԷկոԼուր

Նորվեգական ,Norsk Energi» կազմակերպությունը մտադիր է Հայաստանի փոքր ՀԷԿ-երի ոլորտում ներդնել էկոլոգիական եւ սոցիալական չափանիշներ: «Norsk Energi»-ն մտադիր է կազմակերպել մի շարք ֆորումներ, որոնց ընթացքում հասարակայնությունը եւ փոքր հիդրոէներգետիկայի զարգացման  ոլորտում որոշումներ ընդունող պաշտոնյաները կկարողանան քննարկել կուտակված խնդիրները:

Նախաձեռնությունը ժամանակին է, քանի որ փոքր ՀԷԿ-երի զարգացումը ձեռք է բերել իշխանությամբ օժտված մարդկանց մի նեղ շրջանակի դեմ հասարակայանության սուր դիմակայության բնույթ: Այժմ երկրում գործում է 130 ՄՎտ միջին հզորությամբ մոտ 110 փոքր ՀԷԿ:  Ստացվում է, որ մեկ փոքր ՀԷԿ-ի միջին հզորությունն արդեն իսկ բարձր է նախկինում նախատեսված 10 ՄՎտ  լիմիտից: Բայց դա քիչ համարվեց եւ կառավարությունը կամայականորեն հզորության սահմանափակումն ավելացրեց 3 անգամ` 30ՄՎտ` առանց քննարկելու  հասարակայնության հետ, առանց մասնագետների ներգրավման: Այս ոլորտի զարգացումը չի բավարարում «Կենսաբազմազանության պահպանման մասին» կոնվենցիայի էկոլոգիական պահանջները, քանի որ չի թողնում էկոլոգիական թողք եւ ՀԷԿ-ի շրջանում բուսականությունը` այդ թվում եւ Կարմիր գրքում գրանցված տեսակները չորանում են:  Խողովակի մեջ են ընկնում գետում ապրող ձկները, ընդ որում այն տեսակները, որոնք գտնվում են անհետացման եզրին: Այն չի բավարարում Հողային օրենսգրքի պահանջները, քանի որ մարդիկ զրկվում են հողերի ոռոգումից: Խախտված է Օրհուսի կոնվենցիայի երկրորդ մասի դրույթը` էկոլոգիական կարեւոր որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցությունը: Այս խախտումը հանգեցնում է փոքր ՀԷԿ-երի կառուցումների դեմ տեղական իսկական կռիվների:

Օրինակ` 2010թ. Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ կանգնեցին Գեղարքունիքի մարզի 5 գյուղեր: Շիկահողի արգելոցում` Ծավ գետի վրա կառուցվել եւ շահագործվում է փոքր ՀԷԿ` խախտելով «Հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը: Ներկայումս պայքար է ծավալվել հատուկ պահպանվող տարածք համարվող Թռչկան ջրվեժի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Ինչո՞ւ են հնարավոր նման  խախտումները: Պատասխանը պարզ է, քանի որ փոքր ՀԷԿ-երի ոլորտում  բիզնեսը ռիսկային չէ, ունի 15 տարվա երաշխիք, երաշխավորված է արտադրանքի բարձր արժեք, այսինքն`  ամբողջ այս ոլորտը փոքր բիզնեսի ոլորտից անցել է օլիգարխիկ կառույցների հովանավորչության տակ:

Կառուցվող փոքր ՀԷԿ-երի հետեւում կանգնած են ստույգ  բարձրաստիճան չինովնիկներ: Մենք անհրաժեշտ ենք համարում գնահատական տալ արդեն իսկ առկա 110 ՀԷԿ-երին, թե որքանով են նրանք համապատասխանում ազգային օրենսդրությանը, Հայաստանի կողմից ստորագրված եւ վարվերացված միջազգային կոնվենցիաներին, եւ մինչ այդ գնահատականի ստանալը դադարեցնել փոքր ՀԵԿ-երի զարգացման ծրագիրը:

Հոկտեմբեր 17, 2011 at 11:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր