Փոքր ՀԷԿ-ի շահագործման արդյունքում խնդիրներ են առաջացել սահմանամերձ Ծավ գյուղում

Փոքր ՀԷԿ-ի շահագործման արդյունքում խնդիրներ են առաջացել սահմանամերձ Ծավ գյուղում

Աշոտ Ավագյան` Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող, www.aarhus.am

Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղի բնակիչները վերջերս նամակով դիմել էին հանրապետության նախագահին՝ տեղյակ պահելով, որ համայնքում «Էներգացանցշին» ԲԲԸ-ն փոքր ՀԷԿ է կառուցում՝ եւ շինարարական աշխատանքների պատճառով գյուղին ու բնակիչներին հասցվել են վնասներ ու առաջացել բազմաթիվ խնդիրներ: Ծավեցիները նախագահին խնդրել են աջակցել իրենց, վերացնել խնդիրներն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները:

Բնակիչների ներկայացմամբ, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհից մինչեւ ՓՀԷԿ-ի շենքն ընկած մոտ 3,5 կմ հատվածը տվյալ ընկերության կողմից իրականացվող շինարարության ընթացքում ավերվել է, ոչնչացվել են մեծ քանակությամբ ծառեր ու թփեր: Իրավիճակին  մոտիկից ծանոթանալու համար հոկտեմբերի 17-ին Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը եղավ  Ծավ գյուղում: Նրա ներկայացմամբ  ՓՀԷԿ-ի կառուցումից հետո առաջին դժգոհությունը առաջացնում է  տարածքի անմխիթար տեսքը: Շինարարության ընթացքում խողովակաշարի երկայնքով առաջացած շինարարական աղբի մաքրման, տեղափոխման և բարեկարգման համար ժամանակ է տրված մինչև ընթացիկ տարվա վերջը: Այսօր այնտեղ  աշխատում է շինարարական տեխնիկա և շինարարները խոստանում են ավելի սեղմ ժամկետում ավարտել աշխատանքները:

Ի պատասխան Ծավի համայնքապետի և «Հարավային ջրավազանների կառավարման բաժնի» գրության, ՀՀ Բնապահպանության նախարարությունը  հետ է պահանջել ՓՀԷԿ-ի ղեկավարությունից ջրօգտագործման թույլատրությունը,  փոփոխություններ և հստակեցումներ մտցնելու նպատակով. համայնքի պահանջով ոռոգման սեզոնում` հունիս, հուլիս, օգոստոս  ամիսներին ՓՀԷԿ-ը չշահագործելու  և օգտագործվող ջրի ծախսը վերահսկելու նպատակով ջրօգտագործման հաշվիչ տեղադրելու վերաբերյալ:

ՓՀԷԿ-ի ջրամբարի պատնեշի կառուցման արդյունքում խախտվել են երկու քաղաքացիների սեփականության  իրավունքը: Ջրամբարը վեց մետրով մտել էր քաղաքացու սեփականությունը հանդիսացող տարածքը: Քաղաքացու պահանջով ՓՀԷԿ-ի ղեկավարությունը գնել է 1300քմ տարածքը: Այս քաղաքացու հետ պարտք ու պահանջ չկա: Երկրորդ քաղաքացու հետ խնդիրը այլ է, որը պարզաբանման ընթացքում է և ՓՀԷԿ-ի ղեկավարությունը պատրաստ է շուկայական գներով հարթելու տարածքին հասցված վնասը:

Խմելու ջրագծի վնասված 5-6մ հատվածը վերանորոգվել է, դեռ ավելին` համայնքապետի խնդրանքով ՓՀԷԿ-ի ղեկավարությունը կառուցել է 110 մմ տրամագծով 400մ երկարությամբ ջրի խողովակաշար, ջուրը հասցնելով կապտաժ:

ՓՀԷԿ-ի աշխատողը հայտնեց, որ ՓՀԷԿ-ի շահագործման սկզբական շրջանում երկու անգամ պատահել է ջրի մակարդակի նորմայից իջեցում, որը ըստ նրա  մասնագիտական հմտության թերացում էր: Երկար ժամանակ է, ինչ նման բան տեղի չի ունեցել: Այս առիթով ՓՀԷԿ-ի ղեկավարը ասել է. «Լուսանկարեք և ցույց տվեք ջրի մակարդակի նորմայից իջեցումը, նույն վայրկյանին աշխատողին ազատեմ»:

Ինչ վերաբերվում է ձկների շարժի խոչընդոտմանը, շինարարները կառուցել են համաձայն նախագծի: Ջրամբարի ջրի առկայության դեպքում ձկնաշարժը ապահովում է դրանց համար հատուկ կառուցված կառույցը, իսկ տարեկան մեկ անգամ ջրամբարի ջրերի դատարկման դեպքում`ջրերի բացթողնման մասով: Ջրամբարը չունի ձկնաշարժի խնդիր:

Նախատեսված 12 աշխատողի փոխարեն ՓՀԷԿ-ում աշխատում են 26 մարդ: ՓՀԷԿ-ի ղեկավարությունը հայտնել է պատրաստակամություն համայնքային այլ ծրագրերին օգնություն ցուցաբերելու համար:

Հոկտեմբեր 21, 2011 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր